HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ի 20 մլն դոլարը կուղղվի շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը

Կառավարությունը այսօրվա նիստում հավանության արժանացրեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝ «Հայաստանի Հանրապության կառավարության և Կանաչ կլիմայի հիմնադրամի միջև Կանաչ կլիմայի հիմնադրամի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունը։

Հայաստանը դիմել էր հիմանդրամին  «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում» նախագծի ֆինանսավորման համար և 2016թ. հունիսի 27-ին ստացել է հաստատում 20 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի համար: Ինչպես նշված է որոշման նախագծում՝ Հայաստանը ԱՊՀ առաջին երկիրն է, որը նման ֆինանսավորում է ստանում։ Իսկ ստացված գումարը կուղղվի հանրային և մասնավոր շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը։

Ծրագրի նպատակն է ֆինանսավորել վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության և կլիմայական փոփոխության կայունացման ծրագրերը:

Նշվում է, որ բնապահպանության նախարարությունը նպատակահարմար է գտել այս համաձայնագրի ստորագրումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանով կդյուրացվեն այս հիմնադրամի և Հայաստանի համագործակցության պայմանները, կապահովեն վստահության երաշխիքները: Բացի այդ, նշվում է, որ Հայաստանը՝ որպես զարգացող երկիր, առաջիններից է, որը դիմել և ստացել է ֆինանսավորման հաստատում հիմնադրամի կողմից և այս համաձայնագրի ստորագրման մերժումը կարող է վտանգել այդ ծրագրերի ընթացքը, քանի որ հիմնադրամի կողմից ֆինանսավորված ծրագրերը` ըստ առկա կանոնակարգերի, ենթակա են մոնիտորինգի և, այդ առումով, կարիք կլինի հիմնադրամի աշխատակիցների այցերի կազմակերպում Հայաստան` որպես ֆինանսական աջակցության ընդունող երկիր:

Ներկայումս ևս ընթանում են մինչև 3 միլիոն դոլարի դրամաշնորհային միջոցների ստացման հայտի նախապատրաստական աշխատանքներ:

«Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ի Լիազորված ազգային մարմինը (National Designated Entity) Հայաստանի Հանրապետությունում բնապահպանության նախարարությունն է լինելու, իսկ որպես ազգային համակարգող հանդես է գալիս  ՀՀ բնապահպանության նախարարը: 

Ինչպես մանրամասնվում է որոշման նախագծում՝ «Կանաչ կլիմայի հիմնադրամ»-ը (Green Climate Fund) հիմնադրվել է որպես զարգացող երկրների կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ծրագրերի իրականացման ֆինանսական նոր մեխանիզմ:

Հիմնադրամի հիմնական գործառույթն է` աջակցել և տրամադրել ֆինանսական միջոցներ, ինչպես առավել նվազ զարգացած, այնպես էլ զարգացող երկրներին կլիմայի փոփոխության դեմ գործողություններում (ջերմոցային գազերի արտանետումների կրճատման) և կլիմայի փոփոխության  հետևանքով առաջացած  խնդիրների հաղթահարման (կլիմայի փոփոխությանը հարմարվելու) համար:

Հիմնադրամի միջոցները ներկայումս կազմում են 11 մլրդ ԱՄՆ դոլար։

Լուսանկարը՝ diplomatie.gouv.fr-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter