
Հանձնարարական` ոռոգման գործընթացի արդյունավետության բարձրացման համար
Ոռոգման գործընթացը առավել արդյունավետ իրականացնելու համար կառավարության այսօրվա նիստին վարչապետը ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մինչ 2017 թվականի մարտի 1-ը տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության նախարարների, մարզպետների, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի աջակցությամբ գնահատել ոռոգման ջրամատակարարմամբ պայմանավորված կրեդիտորական պարտավորությունների ծավալները՝ ըստ համայնքների և ջրօգտագործողների, կառավարություն ներկայացնել առաջարկություններ՝ այդ պարտավորությունների իրականացման վերաբերյալ։
Գործընթացի կարգավորման համար Կարապետյանը այս մարմինների ղեկավարերին հանձնարարեց ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից 2017 թվականի ոռոգման ջրապահանջի գնահատման, պայմանագրերի կնքման և անխափան ջրամատակարարման ապահովման նպատակով մինչ փետրվարի 25-ը, ըստ համայնքների, կոմիտեին տրամադրել ոռոգելի հողատարածքների կադաստրային և փաստացի վերջին երեք տարիների տվյալները, ոռոգելի մշակաբույսերի կազմը՝ ըստ զբաղեցված տարածքների։
«Ուզում ենք երկու բազա համատեղել. համայնքներում այդ հողատարածքները ինչ ձևով են հարկվում և ինչ ձվով են ջրօգտագործման պայմանագրերը կնքվում։ Կարծում եմ՝ ճշտման մեջ բավականին հետաքրքիր փաստեր ենք պարզելու և համապատասխանաբար շուկան է մեծանալու։ Օգտակար է և´ համայնքային բյուջեների ճշտման, և´ բիզնեսը կազմակերպելու համար»,- նշեց վարչապետը։
Մեկնաբանել