Պաշտպանի ներկայացուցիչը մեկնել է Չինարի գյուղ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձագանքել է այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձին:
«Ադրբեջանական զինված ուժերի այս արարքն ակնհայտորեն խախտում է կյանքի իրավունքը պաշտպանող միջազգային բոլոր պահանջները: Խիստ դատապարտման է ենթակա և անթույլատրելի մարդուն, այդ թվում՝ զինվորական ծառայողին կյանքից զրկելն այն պայմաններում, երբ բացակայում է հարձակման որևէ հավանականություն: Խիստ դատապարտելի է ռազմական գործողություն նախաձեռնելը բնակելի գյուղի մոտակայքում և այն էլ առավոտյան ու ցերեկային ժամերի, ինչը իրական է դարձնում գյուղի բնակիչներին վնաս պատճառելու հնարավորությունը և ադրբեջանական զինված ուժերի այդպիսի մտադրությունը»,- գրված է պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Պաշտպանի Գեղարքունիքի տարածքային ներկայացուցիչը, համաձայն հաղորդագրության, անհապաղ մեկնել է Չինարի գյուղ՝ տեղում անմիջականորեն ուսումնասիրելու իրավունքների, այդ թվում՝ կյանքի իրավունքի խախտման հանգամանքները և կատարելու անհրաժեշտ փաստահավաք աշխատանքներ: Աշխատակազմը տեղեկացնում է, որ փաստահավաք աշխատանքների կատարման արդյունքների հիման վրա կտրվեն հիմնավորված գնահատականներ՝ միջազգային համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու նպատակով:
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայ զինվորների ծանր կորստյան համար իր ցավակցությունն է հայտնում նրանց հարազատներին»,- գրված է պաշտոնական հաղորդագրության տեքստում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել