Ֆրանսիայի դեսպանը՝ քաղաքապետարանում
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ: Դեսպան Անրի Ռենոն ընդգծել է Տարոն Մարգարյանի ստանձնած պաշտոնի պատասխանատվության բարձր աստիճանն ու վստահություն հայտնել, որ երկու մայրաքաղաքների միջեւ ձեւավորված բարեկամական եւ տնտեսական կապերը հետագայում եւս կշարունակեն համաչափ զարգանալ:
Տարոն Մարգարյանը նախ կարեւորել է Երեւանի քաղաքապետարանի եւ Ֆրանսիայի քաղաքների ու շրջանների հետ համագործակցությունը, ինչը ներկայում ոչ միայն բավականին ակտիվ է, այլեւ զարգացման լայն հեռանկարներ ունի:
«Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները նոր չեն եւ այսօր էլ բավական ամուր հիմքերի վրա են դրված: Մենք գործակցության համաձայնագրեր եւ ծարգրեր ունենք Փարիզի, Նիցի, Լիոնի, ինչպես նաեւ Իլ դը Ֆրանս շրջանի հետ: Վստահ եմ, որ դրանք հաջողությամբ իրականություն կդառնան եւ այսուհետ էլ ավելի կընդլայնվեն: Այդ հարցում ակնկալում ենք նաեւ Ձեր աջակցությունը»,- նշել է Երեւանի քաղաքապետը:
Դեսպան Անրի Ռենոն պատրաստակամություն է հայտնել իր կողմից աջակցել ու օժանդակել երկուստեք կապերի ամրապնդմանն ու էլ ավելի խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին: Օգտվելով առիթից դեսպանը նաեւ շնորհակալություն է հայտնել հոկտեմբերին Երեւանում անցկացված ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 31-րդ գլխավոր վեհաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու համար:
«Այդ օրերին Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի պաշտոնական այցի շրջանակում ստորագրվեց բարեկամության եւ համագործակցության համաձայնագիր, որը, վստահ եմ, նոր լիցք կհաղորդի մեր գործակցությանը: Հույս ունեմ, որ հաջորդ տարի Ձեզ կհյուրընկալենք Փարիզում, եւ Ձեր այցը կդառնա կնքված համաձայնագրի կիրարկման գործնական փուլի մեկնարկը»,- նշել է Անրի Ռենոն:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ նշելով, որ մարտի 15-ից ապրիլի 15-ը Հայաստանում անցկացվելիք ֆրանկոֆոնիայի միամսյակը նույնպես բարձր մակարդակով կկազմակերպվի , մեկ անգամ եւս փաստել է, որ Երեւանը կարեւորում եւ բարձր է գնահատում ֆրանկոֆոն քաղաքների հետ համագործակցության սերտացումն ու ընդլայնումը:
«Երեւանի քաղաքապետարանը պատրաստ է աջակցել այն բոլոր ծրագրերի իրականացմանը, որոնք միտված են տարբեր ոլորտներում Երեւանի եւ ֆրանկոֆոն քաղաքների, մասնավորապես Ֆրանսիայի տարբեր քաղաքների միջեւ բարեկամական եւ գործակցային կապերի ձեւավորմանն ու զարգացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել