HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քաղաքական նոր երգիծաթերթ՝ «հասանելի» դառնալու խոչընդոտներով

Հունվարի վերջին տասնօրյակում արդեն վաճառքի կլինի հայկական նոր երիգիծաթերթը՝ «Ցեց»-ը։ Թերթը հրապարակում է www.medialab.am-ի աշխատակազմը։ Առցանց տարբերակից զատ ծաղրանկարները Հայաստանի մարզերով և գյուղերով արդեն «հասանելի» կլինեն նաև տպագիր տարբերակով։

«ՀայՓոստ»-ի հետ ունեցած նախնական պայմանավորվածությամբ՝ «Ցեց»-ը պետք է բաժանվի մարզերի և գյուղերի բոլոր բաժանմունքներում, կլինի նաև բաժանորդագրություն, որը կարժենա 190-200 դրամ։

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց թերթի գլխավոր խմբագիր եւ «Մեդիալաբ»-ի  հիմնադիր Մարիաննա Գրիգորյանը, նման երգիծաթերթ հրապարակելու միտք վաղուց են ունեցել, բայց այն ամրապնդվել է Վանաձորում՝ օգոստոսին տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ։ Ցուցահանդեսի կազմակերպիչները, շփվելով վանաձորցի ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, նրանց կողմից նկատել են ոգևորվածություն և հետաքրքրություն ծաղրանկարների նկատմամբ և որոշել գործել նաև համացանցից դուրս՝ դառնալով առավել հասանելի, ընթերցողներին առավել ազդեցիկ ուղերձներ ուղարկելով այս անգամ արդեն թերթային տարբերակով։

Ստեղծագործող թիմը ցանկանում է հստակ, հասկանալի եւ որակյալ քաղաքական ծաղրանկարների միջոցով մարդկանց ծանոթացնել իրադարձություններին, ներկայացնել այս կամ այն երևույթի մասին իրենց արձագանքը։

«Մեր նպատակը քաղաքական ծաղրանկարներն՝ իրենց մեծ ազդեցությամբ նաեւ ինտերնետից դուրս հանելն էր եւ հասանելի դարձնելը մարզերում, գյուղերում, այն մարդկանց շրջանում, ովքեր թվային աշխարհին այնքան էլ առնչություն չունեն։ Բացի սրանից, մենք ուզում էինք դաշտ բերել երգիծաթերթը, որը զարգացած աշխարհում մեծ ազդեցություն ու տարածում ունի»,-ասում է Մարիաննան։

Երգիծաթերթը գունավոր է, տասը էջանոց, կհրապարակվի եռալեզու՝ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն։ Բովանդակությունը եւ ուղղվածությունը քաղաքական է։ Այն արտացոլելու է քաղաքական-հասարակական դաշտի զարգացումները։

«Ցեց»-ը ամսաթերթ է, թեև ի սկզբանե որոշվել էր թողարկել տասնհինգ օրը մեկ, սակայն թիմը նպատակահարմար է գտել ամիսը մեկ անգամ հրապարակել՝ 10 000 օրինակով։ «Ցեց»-ի 10 էջից երկուսը ընթերցողին հնարավորություն է տալու մասնակցել նաեւ ծաղրանկար ստեղծելու գործընթացին։ Երգիծաթերթի ներդիրը սեւ եւ սպիտակ է՝ «ներկիր եւ լրացրու ինքդ», ինչը հնարավորություն կտա մարդկանց մասնակցել «Մեդիալաբ»-ի մրցույթներին։

Անվանումը ևս խմբագիրն է առաջարկել, ասում է՝ կանգ են առել հենց «Ցեց»-ի վրա, քանի որ բազմանշանակ է` հաշվի առնելով «ցեցն ընկել է ջանը» արտահայտությունը, այն հանգամանքը, որ անվանումը կլինի հետաքրքիր, հեշտ կհիշվի եւ համահունչ կլինի երգիծաթերթի տրամաբանությանը։ Կատակում է, որ բարի թերթ չէ, իրենք զատիկներ ու նապաստակներ չեն նկարում։

Այս պահին թերթերի բաշխման «առյուծի բաժինը» հասնում է «Պրեսս Ստենդ»-ին, սակայն թիմի բանակցությունները այս ընկերության հետ դեռևս որևէ խելամիտ լուծման չեն հանգեցրել, քանի որ Մարիաննայի խոսքով՝ առանց թերթի բովանդակությանը ծանոթ լինելու կազմակերպության ներկայացուցիչն իրենց հայտնել է, որ երգիծաթերթը եկամտաբեր չի կարող լինել` օրինակ բերելով «Ոզնին»։

«Իրենց համակարգ մուտք գործելու համար նախ մի կլորիկ գումարի մասին խոսեցին, իսկ հետո առաջարկեցին մեր երգիծաթերթը կրպակներին հանձնել՝ պահանջելով մեզնից ողջ վաճառքի 50 %-ը։ Սա աննախադեպ բան է։ Մի՞թե մամուլի ազատության մասին խոսելիս նման պայմաններին ծանոթ են վերևներում։ Երբ խմբագիրը պետք է հոգա տպագրության, խմբագրակազմի, ստեղծագործական խմբի եւ այլ ծախսեր, եւ վաճառքի 50 %-ն էլ նվիրաբերի կրպակներին բաժանող մի կազմակերպությանը, որը բացի դրանից նաեւ մի կլորիկ գումար է ուզում՝ ինչ֊ որ համակարգ մտնելու համար։ Սա նշանակում է, որ դաշտն ամբողջովին շղթայված է, ու գործունեության դաշտ ուղղակի գոյություն չունի»,- նշեց խմբագիրը։

Ի սկզբանե որոշել էին «Ցեցը» «ցրել» նաև հասարակական տրանսպորտում` հաշվի առնելով, որ նման փորձ արդեն կիրառվում է՝ «Ճամփորդի» օրինակով։ Սակայն թիմը զանգահարել է քաղաքապետարան եւ հարցրել՝ արդյո՞ք կարող են իրենց համար ևս հատուկ գրպանիկներ տեղադրել, որոնց շնորհիվ երգիծաթերթն անվճար կբաժանվի, Մարիանայի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի պաշտոնյան «ընկերական» խորհուրդ է տվել ժամանակ չվատնել՝ նշելով «իմաստ չունի, միեւնույն է, չեն թույլատրելու»։ Խմբագիրնն էլ հասկանալու համար, թե ինչ պատճառաբանությամբ է խտրական վերաբերմունք ցուցաբերվում իրենց նկատմամբ, պաշտոնապես նամակ է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, մինչդեռ կրկին ստացել մերժման պատասխան, հետևյալ պատճառաբանմամբ․ «Հաշվի առնելով, որ «Ցեց» քաղաքական ծաղրանկարների ամսաթերթի տեղադրումը հասարակական տրանսպորտում և մետրոպոլիտենի կայարաններում հնարավոր է ուղևորների և քաղաքացիների շրջանում դժգոհությունների և անձերի նկատմամբ վիրավորանքի պատճառ հանդիսանա, ուստի ներկայացված խնդրանքի բավարարումը գտնում ենք ոչ նպատակահարմար», - ասվում է քաղաքապետարանի մերժման պատասխանում։

Քաղաքապետարանի այս պատճառաբանումը աշխատանքային թիմը դիտարկում է որպես ոտնձգություն ազատ խոսքի նկատմամբ, այդ պատճառով այժմ իրավապաշտպանների հետ խորհրդակցում են՝ քայլեր ձեռնարկելու համար։

 

Մեկնաբանություններ (1)

Վախթանգ Սիրադեղյան
Կարծում եմ, որ քաղաքապետարանի մերժումը խիստ տրամաբանակա է. պատկերացնում եք՝ Ցեցը ծաղրանկար է տպագրում «սիրուն Տարոնի» վերաբերյալ, և այն տարածվում է վերջինիս «դաբրոյով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter