
60%-ով նվազել է օտարերկրյա ներդրումներով իրականացված շինարարությունը
2016-ի հունվար-նոյեմբերին հանրապետությունում իրականացվել է 320 միլիարդ 166 միլիոն դրամի շինարարություն, որը համարժեք է գրեթե 663 միլիոն ԱՄՆ դոլարի։ Այս ցուցանիշը, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, կրճատվել է 11 %-ով։
Համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ գումարային ամենամեծ՝ 78 միլիարդ դրամով շինարարությունը կատարվել է բնակչության միջոցների հաշվին, որին հաջորդել են միջազգային վարկերի միջոցներով իրականացված շինաշխատանքները, որոնց ընդհանուր գումարը կազմել է 48 միլիարդ դրամ:
Անդրադառնալով վարկային միջոցներով իրականացվող շինարարությանը՝ նշենք, որ այդ գումարը հանրապետությունում կատարված շինաշխատանքների 15%-ն է կազմել։ 48 միլիարդ դրամ վարկային միջոցներով կատարված շինարարության գրեթե կեսը իրականացվել է Ասիական զարգացման բանկի միջոցներով, դրան հաջորդել են Համաշխարհային բանկի վարկային միջոցները։ Վարկային խոշոր միջոցներ տրամադրած երեք բանկերին, իրենց տրամադրած գումարներով, առանձնացրել ենք գծապատկերում։
2016-ի հունվար-նոյեմբերին, համեմատած 2015-ի նույն ժամանակահատվածի հետ, կտրուկ ավելացել են համայնքների միջոցներով, վարկային ծրագրերով կատարվող շինարարության ծավալները։ Հակառակ դրան, միայն 30%-ով կրճատվել է պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարությունը, ինչպես նաև նվազել են բնակչության, մարդասիրական օգնության միջոցներով կատարված շինաշխատանքների ծավալները, իսկ օտարերկրյա ներդրողների միջոցներով իրականացվող շինարարությունը 2016-ի տասնմեկ ամիսներին 60%-ով անկում է ապրել։
Համաձայն պաշտոնական վիճակագրության տվյալների՝ 2016-ի հունվար-նոյեմբերին կատարված շինարության զգալի մասը կազմել են անշարժ գույքի հետ կապված գործունեության, այնուհետև՝ էլեկտրականության մատակարարման իրականացման հետ կապված շինաշխատանքները։ Իսկ առավել մեծ ծավալով կատարվող շինտեսակները ներկայացված են ստորև:
ԱՎԾ տվյալները փաստում են, որ ամենաքիչ ծավալով շինարարություն կատարվել է մասնագիտական, գիտական և տեխնիկական, ֆինանսական և ապահովագրական գործունեության, կոյուղիների, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտներում։
Մեկնաբանել