HY RU EN

Գրիշա Բալասանյան

10 միլիոն դրամով ներդրվելու է ԱԺ ընտրությունների ավտոմատացված ծրագիր

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2016թ. դեկտեմբերի 19-ին պայմանագիր է կնքել «Սադոյան» ՍՊԸ-ի հետ, որպեսզի վերջինս ԱԺ ընտրությունների անցկացման գործառույթների ավտոմատացման փաթեթ նախագծի, մշակի և ներդնի: ՀՀ ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից է բխում ավտոմատացված ծրագրային համակարգ ունենալը:

Նշենք, որ վերը նշված աշխատանքների կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2017թ. հունվարի 30-ը: Իսկ պայմանագրի գինը կազմում է 10 միլիոն դրամ:

«Սադոյան» ՍՊԸ-ն նորաստեղծ ընկերություն է: Հիմնադրվել է 2016թ. ապրիլի 2-ին՝ հիմնադիր Արտեմ Սադոյանի ծննդյան օրը: 2017թ. նույն ամսին ու օրն է կայանալու նաև ԱԺ ընտրությունները:

Հավանաբար ԱԺ ընտրությունների կազմակերպման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 15-ին ևս մեկ խոշոր պայմանագիր է կնքել՝ այս անգամ «Սոֆթլայն Ինտերնեյշն» ՍՊԸ-ի հետ:

ԿԸՀ-ն ցանկանում է գնել 50 հատ համակարգիչ՝ մեկ համակարգչի գինը 557 հազար 700 դրամ, 40 հատ ցանցային բաժանարար՝ ընդհանուրը 402 հազար դրամ, 28 հատ անխափան սնուցման լար՝ 1 միլիոն 900 հազար դրամ և  50 համակարգիչների ծրագրային ապահովում՝ ընդհանուրը մոտ 9 միլիոն 500 հազար դրամ: «Սոֆթլայն Ինտերնեյշն» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 39 միլիոն 686 հազար դրամից ավելին:

Իսկ «Մակել Թեքնոլոջի» ՍՊԸ-ի հետ դեկտեմբերի 19-ին կնքված պայմանագրով ԿԸՀ-ն գնում է 7 մետրանոց 4000 հատ եռատեղ երկարացման լար, որի մեկ հատի գինը 2000 դրամ է, ընդհանուրը՝ 8 միլիոն դրամ: