
2016թ-ին 20%-ով ավելացել է մեքենաների առևտուրը
Հայաստանում 2016-ի հունվար-նոյեմբերին առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 944 միլիարդ դրամ:
2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը աճել է 0,3 %-ով։ Նշենք, որ առևտրաշրջանառության ընդհանուր ցուցանիշը կազմում է մեծածախ, մանրածախ առևտուրն ու մեքենաների առևտուրը։
Համաձայն ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների՝ առևտրաշրջանառության 50%-ից ավելի կազմել է մանրածախ առևտուրը, այնուհետև գումարային ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցնում մեծածախ առևտուրը, որին հաջորդում է մեքենաների առևտուրը։
Թեև մանրածախ առևտուրը առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում ամենամեծ տեղն է զբաղեցրել, այնուհամենայնիվ այն 2015-ի հունվար-նոյեմբերի համեմատությամբ նվազել է 3%-ով: Նույնքան ավելացել է նաև մեծածախ առևտուրը, մինչդեռ մեքենաների առևտուրը աճել է 20%-ով։
Անդրադառնանք առևտրաշրջանառության ամենամեծ բաժինը զբաղեցնող ոլորտին՝ մանրածախ առևտրին։ Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ արձանագրվել է, որ մանրածախ առևտուրը, համեմատած 2015-ի հունվարի-նոյեմբերի հետ, 2016-ի առաջին 11 ամիսներից միայն փետրվարին է 0,2% աճ ունեցել, մնացած 10 ամիսների ընթացքում այն անկում է գրանցել։
Մանրածախ առևտրի ընդհանուր ցուցանիշի գրեթե 80%-ը կազմվել է խանութներում իրականացված գնումների հաշվին, ապա՝ սպառողական ապրանքների շուկաների։
2016 հունվար-նոյեմբերի մանրածախ առևտրի շրջանառությունը, ըստ առևտրի օբյեկտների և առևտրի իրականացման վայրի տեսակների գումարային ցուցանիշի, ամփոփել ենք գծապատկերով։
Նշենք, որ բացի խանութներից, առևտրի վերը նշված բոլոր օբյեկտներում առևտրաշրջանառության ծավալները տոկոսային անկում են գրանցել։
Մեկնաբանել