«Վանաձոր-Քիմպրոմ»-ի գործազուրկների թիվը կավելանա
Գայանե Սարգսյան
«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ում դեռևս աշխատող սակավաթիվ աշխատակիցները վաղվանից կհամալրեն գործազուրկների բանակը: Պահպանության բաժնի աշխատակիցների մի մասի պայմանագրերը լրացել են դեկտեմբերին, մի մասի ժամկետն էլ կլրանա վաղը: Աշխատակիցներին արդեն իսկ տեղեկացրել են, որ պայմանագրերի ժամկետները չեն երկարացվելու, իսկ պահպանությունն այսուհետ իրականացնելու է այլ կազմակերպություն:

«Վաղվանից մենք գործի չենք: Չգիտենք՝ ո՞վ ա գալու, ոչ տեսել եմ, ոչ խաբար եմ: Թազա կազմակեպություն ա ինչ-որ, իրանց մարդիկ են գալիս: Իրանց մարդկանց են ուզում երևի բերեն, որ ավելի լավ թալանեն զավոդը,- ասում է է գործարանի անվտանգության աշխատակից Սամվել Տոնոյանն ու հավելում,- լուծարայինի տնօրենն էլ ասում ա՝ ես ձեր հարցերը չեմ կարա լուծեմ, էդ գործարանի տեր-տիրականը բանկն ա, զավոդի տեր-տիրականը «Արդշինբանկն ա», բայց ոչ մի անգամ մենք չենք տեսել էդ բանկի որևէ աշխատակցի»:
Անվտանգության տեսուչներից Դավիթ Դարբինյանին ևս տեղեկացրել են՝ վաղվանից չի աշխատելու: Այս փաստին համակերպված Դավիթին հիմա աշխատած ամիսների համար վճարելիք գումարն է հուզում:
«Մենք լույսի, գազի փող ենք մուծելու, գումար չունենք, ո՞նց ենք մուծելու: Էսքան մարդն իր ընտանիքը ո՞նց ա պահելու, եթե վեց ամսվա աշխատավարձ չեն տվել: Մեր առաջնահերթ խնդիրը հիմա մեր առօրյա ծախսերը հոգալն է: Ասում են՝ դիմեք բանկին, բանկից մարդ չկա, վարչապետին, նախագահին ուղարկած նամակն էլ հետ են ուղարկում, թե՝ դիմեք կառավարչին: Կառավարիչն էլ ի՞նչ ունի, մի քանի աթոռ ու սեղան: Վերջում մեզ էդ են ներկայացնելու, ասեն՝ սնանկ ա, ձեր փողերը չենք կարա տանք: Պետական մակարդակով մեզ գցում են»,-ասում է Դավիթը:
Թե ինչո՞ւ է որոշվել աշխատակիցներին կրճատել՝ նրանց փոխարեն աշխատանքի ընդունելով այլ անձանց, փորձեցինք պարզել «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանից:
«Ամբողջ անշարժ գույքը գրավի առարկա է, և հիմնական գրավառուն ինքն է կազմակերպելու գույքի պահպանության հետ կապված հարցերը: Դա իրենց որոշելիքն է, ես որևիցե ներգործություն կամ առնչություն չունեմ դրա հետ: Այժմ աշխատող աշխատակիցների պայմանագրերի ժամկետները վաղը լրանում են և հնարավոր է, որ մեկ այլ կազմակերպություն իրականացնի պահպանությունը»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեց Կ. Ասատրյանը:
Ինչ վերաբերում է աշխատակիցների պնդմանը, թե տարիների փորձ ունեցող աշխատակիցներին հեռացնելով՝ վտանգվում է գործարանում առկա քիմիական նյութերի ու տարատեսակ սարքավորումների անվտանգությունը, Կ. Ասատրյանն արձագանքեց. «Պահակ լինելու համար որևէ մասնագիտական հմտություն պետք չի: Ինչ վերաբերում է մասնագիտական, քիմիկատների հետ կապված, դրանց պահպանությունն իրականացնող մարդիկ չեն կրճատվում, նրանք մնում են: Խոսքը միայն պահակների մասին է, որոնք իրականացնում են տարածքների պահպանությունը: Եվ եկող կազմակերպությունը մասնագիտացված կազմակերպություն է, որ պահպանություն է իրականացնում»:
Հարցին՝ ո՞ր կազմակերպությունն է իրականացնելու պահպանությունը, Կ. Ասատրյանը դժվարացավ պատասխանել. «Ես չեմ կարող ասել: Պայմանագիրը գրավառուի հետ է կնքվելու»:

Գործարանի նախկին ու ներկա աշխատակիցներից կազմված խումբը կուտակված խնդիրներն այսօր ներկայացրեց նաև Լոռու մարզպետին: Մարզպետը խոստացավ շարունակել ուսումնասիրել քիմպրոմցիների խնդիրները:
Քիմգործարանից մարզպետարանի բակ հասած աշխատակիցները, սակայն, ավելի ուշ որոշեցին՝ որևէ դրական տեղաշարժ չլինելու դեպքում մի քանի օրից կփակեն քաղաքի գլխավոր պողոտան ու կդիմեն կտրուկ քայլերի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել