HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Պատգամավոր Մուշեղ Պետոյանը շահաբաժին ունի «Արթիկ 1» փոքր ՀԷԿ-ում

Թիվ 36 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը «Հետք»-ին է տրամադրել հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող երկու թեկնածուների՝ Մխիթար Վարագյանի եւ Մուշեղ Պետոյանի գույքի եւ ունեցվածքի հայտարարագրերը:

Դեռեւս 2012 թվականին, լինելով ԱԺ պատգամավորության թեկնածու, Մուշեղ Պետոյանը հայտարարագրել էր 10 անշարժ գույք եւ 7 ավտոմեքենա: Արդեն չորս տարի անց Պետոյանը հայտարարագրել է պակաս թվով անշարժ գույք, բայցեւ մյուս կողմից՝ նոր շահաբաժին:

Նախորդ տարվա սեպտեմբերին թիվ 36 ԸԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում Արթիկի քաղաքապետի թեկնածու Պետոյանը գրառել է 5 անշարժ գույք՝ շենք-շինություններ Երեւանի Քեռու փողոցում, Արթիկի Անկախության փողոցում (2 միավոր, որոնցից մեկը՝ առեւտրի սրահ), ինչպես նաեւ երկու հողամաս Արթիկ քաղաքում եւ Հառիճ գյուղում: Պետոյանի հայտարարագրած ավտոմեքենաների թիվը 5 է՝ երկու «Toyota Camri» (2008 եւ 2014 թվականների արտադրության), КамАЗ 6520, ГАЗ 32213 եւ ЗИЛ-ММЗ 4502:

Պատգամավորի հայտարարագրած դրամական միջոցները կազմել են 106 միլիոն դրամ եւ 140 հազար ամերիկյան դոլար: Պետոյանը նախորդ տարվա ինն ամիսներին ստացել է 6 միլիոն 252 հազար դրամի չափով աշխատավարձ՝ Ազգային ժողովից, ինչպես նաեւ 25 միլիոն 860 հազար դրամի չափով եկամուտ՝ «Մուշ-Կոլ» ՍՊԸ-ի եւ 2 միլիոն 160 հազար դրամի չափով եկամուտ՝ «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի գործունեությունից: Եթե «Մուշ-Կոլ»-ը, որին պատկանում է Արթիկի Տուֆագործների 1 հասցեում գործող գազալցակայանը, 2007 թվականին Պետոյանն է հիմնադրել, ապա «Արթիկի ՓՀԿ» ընկերության անունը նրա հայտարարագրերում հայտնվում է առաջին անգամ:

«Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ն գրանցված է Շիրակի մարզի Հառիճ գյուղում: Ընկերությունը 2011 թվականին բնապահպանության նախարարությունից ստացել է Մանթաշի ջրամբարի Մանթաշ-Արթիկ ջրատարի վրա էներգետիկական փոքր ՀԷԿ կառուցելու թույլտվություն: ՀԷԿ-ը կոչվում է «Արթիկ-1»: 2013 թվականին Մուշեղ Պետոյանը մի առիթով հայտարարել է, որ ՀԷԿ-ը պատկանում է Ջրային պետական կոմիտեի նախկին նախագահ Սուրեն Սահակյանին, եւ որ ինքը կապ չունի ՀԷԿ-ի հետ: «Ես ուզեցել եմ էդ ՀԷԿ-ը առնեմ, բայց հետո չեմ առել, չստացվեց»,-ասել էր Պետոյանը: 

2016 թվականի հունվար ամսին ՓՀԷԿ-ն արտադրել է 248,7 հազար կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: 

Մուշեղ Պետոյանը աշխատանքային կարիերան սկսել է «Արթիկտուֆ» միավորումից, որտեղ աշխատել է որպես որակի հսկիչ: Նա յոթ տարի՝ 1994-2007 թվականներին ծառայել է ՆԳՆ ՇՄ Արթիկի ներքին գործերի բաժանմունքում` որպես ՃՊԾ ավագ տեսուչ: 2007-2011թթ. աշխատել է «Արթիկտուֆ» ՓԲԸ-ում` որպես գլխավոր ճարտարագետ, փոխտնօրեն: Եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ: 2011-2012 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր: 2012թ. մայիսին պատգամավոր է ընտրվել թիվ 36 ընտրատարածքից: 

Ըստ Parliamentmonitoring.am-ի կատարած դիտարկումների՝ Մուշեղ Պետոյանը 5-րդ գումարման ԱԺ-ի աշնանային նստաշրջանի քվեարկությունների կեսից ավելիին բացակայել է, կողմ է քվեարկել նախագծերի ավելի քան 32 տոկոսին, չի քվեարկել ավելի քան 17 տոկոս հարցերի դեպքում: ԲՀԿ-ական պատգամավորը որեւէ օրինագծի «դեմ» չի քվեարկել:

Պետոյանը 2012 թվականից այս կողմ որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել:

2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Պետոյանը, լինելով անկուսակցական, առաջադրվել էր ՀՀԿ-ի կողմից: Քվեարկությանը մասնակցած 8524 ընտրողներից 3989-ը քվեարկել է Պետոյանի, իսկ 4143-ը՝ ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանի օգտին:

Թիվ 36 ԸԸՀ-ն «Հետք»-ին է տրամադրել նաեւ Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Վարագյանը հայտարարագրել է 0,48 հեկտար մակերեսով վարելահող՝ համատեղ սեփականության իրավունքով, 2004 թվականի ատադրության «Ինֆինիտի QX 56» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաեւ 7,5 միլիոն դրամի եւ 25 հազար ամերիկյան դոլարի չափով դրամական միջոցներ:

Լուսանկարները՝ Պետոյանի odnoklassniki.ru էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter