HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2017թ. ութ օրերին արտակարգ դեպքերից մահացել է 8 մարդ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը այսօր հաղորդագրություն է տարածել` քաղաքացիների կոչ անելով պահպանել գազի օգտագործման անվտանգության կանոնները, քանի որ ջեռուցման ակտիվ շրջանում զգալի թիվ են կազմում բնական գազի անզգույշ օգտագործման հետ կապված դժբախտ պատահարները։

Նախարարության փոխանցմամբ՝ դժբախտ պահարաները հիմնականում առաջանում են տարբեր տեսակի վառելանյութով աշխատող, անվտանգության կասկածելի աստիճանի վառարանների, գազասարքերի շահագործման կանոնների խախտումից:

Նախարարության կատարած հաշվարկների համաձայն՝ 2005-2017թթ. ՀՀ տարածքում գրանցված շմոլ գազից թունավորման դեպքերը աճել են, դրան զուգահեռ նաև ավելացել է տուժածների թիվը։

Վերջին 11 տարիների ընթացքում, ըստ պաշտոնական վիճակագրության, արտակարգ դեպքերի ամենամեծ՝ 273 թվաքանակը, գրանցվել է 2014-ին, իսկ ամենաքիչը՝ 102 պատահարով՝ 2005-ին։

Անդրադառնալով ԱԻՆ-ի հաջորդ վիճակագրությանը՝ նշենք, որ 2017-ի առաջին 8 օրերին արտակարգ դեպքերի արդյունքում արդեն գրանցվել է 8 մահացության դեպք, որը անգամ գերազանցում է վերջին 5 տարիների տարեկան մահացության տվյալներին։

 

2005-2017 թվականների արտակարգ դեպքերի արդյունքում տուժած և զոհված անձանց քանակական տվյալները ամփոփել ենք գծապատկերում։

Գծապատկերից կարելի է նկատել, որ 2009-ից հետո արտակարգ դեպքերի արդյունքում տուժած անձանց թվաքանակը աճել է, իսկ 2016-ին գրանցվել է վերջին 11 տարիների տուծած անձանց ամենամեծ՝ 547 թվաքանակը։

ԱԻՆ-ը զգուշացնում է.

Բնական գազի շահագործման հետ կապված դժբախտ դեպքերից խուսափելու համար նախարարությունը հորդորում է պահպանել գազի օգտագործման անվտանգության կանոնները: Մասնավորապես՝

  • Արգելվում է ինքնաշեն գազօջախների, սյունակաթսաների (կոլոնկա), բալոնների ձեռք բերումը և դրանց տեղադրումը համապատասխան մասնագիտություն չունեցող մարդկանց կողմից:

  • Սենյակում գազի հոտ զգալիս չպետք է վառել լուցկի, ծխել, քանի որ դա կառաջացնի պայթյուն: Այդ դեպքում, անհրաժեշտ է նախօրոք օդափոխել սենյակը, ստուգել ծխնելույզի և օդափոխության անցքի քարշը` անցքերին բարակ թուղթ մոտեցնելով, որից հետո միայն օգտագործել գազի պարագաները:

  • Գազօջախը, սյունակաթսան վառելիս առաջին հերթին վառած լուցկին պետք է մոտեցնել այրիչին, հետո դանդաղ բացել փականը: Եթե այրումը կատարվում է անկանոն, պետք է անմիջապես փակել փականը և այդ մասին հայտնել գազի շահագործման գրասենյակ:

  • Գազի այրումը դադարեցնելու համար անհրաժեշտ է փակել խողովակաշարի փականը և ապա` պարագայի փականը:

  • Խստիվ արգելվում է սենյակում, որտեղ տեղադրված է գազի պարագան, պահել դյուրավառ հեղուկներ:

  • Չի կարելի գազի խողովակաշարից կախել ծանր իրեր, կապել լվացքի պարան և այլն:

  • Երկու ամիսը մեկ անգամ գազի ծխնելույզը պետք է մաքրել մրից:

  • Արգելվում է քնել այն սենյակում, որտեղ տեղադրված է գազի պարագան:

ԱԻՆ-ը զգուշացնում է, որ նաև մեծ վտանգ է ներկայացնում գազի բալոնը, քանի որ տաքանալիս այն կարող է պայթել` առաջացնելով ծանր հետևանքներ: Իսկ եթե հրդեհի ժամանակ կրակը տարածվում է դեպի հեղուկ գազի բալոնը, այն պետք է անմիջապես անջատել գազօջախից և հեռացնել բնակարանից, տանել անվտանգ տեղ, հետո ձեռնամուխ լինել հրդեհի վերացմանը:

Նախարարությունը, քաղաքացիներին գազի հոսակորուստը «հայտնաբերելու» երեք եղանակ է նշում, մասնավորապես՝ օճառաջրով թրջված գազի խողովակների վրա հոսակորուստի տեղում առաջացած են լինում պղպջակներ, այդ ժամանակ նաև գազը դուրս է գալիս շչոցով, բացի այդ հոսակորուստի տեղի մոտ գազին բնորոշ հոտն ավելի ուժեղ է դառնում:

Իսկ եթե բնակարանում գազի հոսակորուստ է տեղի ունեցել, ապա`պետք է խուսափել կայծարձակում առաջացնող գործողություններից, ջերմաստիճանի բարձրացումից, այդ ժամանակ չի′ կարելի ծխել, լուցկի վառել, էլեկտրական զանգի կոճակը սեղմել. անհրաժեշտ է օդափոխել բնակարանը, իսկ հնարավորության դեպքում՝ դադարեցնել գազի մատակարարումը և դուրս գալ բնակարանից

Իսկ եթե գազն այրվում է` պայթյունի վտանգ չկա, պետք է փորձել մարել բոցը. այն կհանգեցնի աղետի (գազն ու օդը միասին առաջացնում են պայթուցիկ խառնուրդ)։ Այս պարագայում, անհրաժեշտ է փակել գազամատակարարումը, հետևել, որ չայրվեն կրակին մոտ գտնվող առարկաները։

Եթե հրածորանում (горелка) բոցը մարել է, ապա

  • մարած հրածորանը նկատելով`չպետք է  այն նորից այրել. դա կհանգեցնի կուտակված գազի պայթյունի: Պետք է փակել գազի ծորակը, բացել պատուհանները և օդափոխել խոհանոցը։

  • Պետք է սպասել մինչև հրածորանը սառչի և հետո նորից վառել գազը` նախապես փակելով պատուհանները և վերացնելով միջանցահովիկը.

  • եթե խոհանոցում շատ գազ է կուտակվել, ապա թունավորվելուց խուսափելու համար թաշկինակը պետք է ջրով թրջել, սեղմել դեմքին և, դրա միջով շնչելով, մտել խոհանոց ու փակել գազի ծորակը: Եթե դա անել չի հաջողվում, անմիջապես պետք է կանչել գազի վթարային ծառայության վարպետների ու հրշեջ-փրկարարների.

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև զգուշացրել է վառարանների տեղադրման մասով, հայտնելով, որ արգելվում է՝

  • վառարանը տեղադրել ելքի-մուտքի ուղիներում, վառարանը տեղադրել այրվող պատերից, միջնորմներից, ինչպես նաև վառողունակ իրերից ու առարկաներից 1.5 մետրից պակաս հեռավորության վրա: (Հորիզոնական ծխնելույզների և սենյակի փայտյա առաստաղի միջտարածությունը պետք է լինի 1 մետրից ոչ պակաս)

  • դրանց գործարկման համար  չպետք է օգտագործել բենզին և այլ դյուրավառ հեղուկներ։

  • վառարանի ծխնելույզը չպետք է դուրս բերել տանիք:

  • արգելվում է վառարանի վրա, դրան մոտ պահել կամ չորացնել լվացք, վառելափայտ և այլ վառողունակ իրեր ու նյութեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter