
Ոստիկանությունն անընդհատ հայտնաբերում և «կորցնում է» թմրամոլ մեղադրյալին
Նույն քաղաքացուն նախկինում ոստիկանությունը մի քանի անգամ հայտնաբերել է: Ներկայացնում ենք ոստիկանության պաշտոնական կայքում 1980թ. ծնված Կոլյա.Ա.-ի վերաբերյալ նախկին հաղորդագրությունները: Այսօրվա հաղորդագրությունը հուշում է, որ ոստիկանությունը «կորցրել» է նրան` թմրանյութի հերթական քանակությամբ վերջին անգամ հայտնաբերելուց հետո:
2015թ. մայիսի 22
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողները, թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով, Գուգարքի Շահումյան գյուղից բերման են ենթարկել 1980 թ. ծնված, նախկինում դատված Կոլյա Ա.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է 1.5 լ տարողության պլաստմասսե շիշ` կաթնագույն խիտ զանգվածով, և ապակյա դատարկ սրվակ:
Կոլյա Ա.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, շշի մեջ առկա զանգվածը թմրամիջոց է, որը պատրաստել է 2014 թ. նոյեմբեր ամսին` բենզինի, «սեդալգին» դեղահաբերի և այլ նյութերի խառնուրդից` անձնական օգտագործման համար:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
2015թ. սեպտեմբերի 29
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 00.10-ին, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 69 շենքի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Կոլյա Ա.-ն, որը սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
2014թ. նոյեմբերի 19
Նոյեմբերի 18-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 71 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Կոլյա Ա.-ն, որը նոյեմբերի 17-ից հետախուզվում էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի պատժի կրումից խուսափելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:
2014թ. հունիսի 19
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողները հուլիսի 17-ին, ժամը 17.00-ին, Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 17 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Կոլյա Ա.-ին: Զննությամբ նրա ձեռքի պոլիէթիլենային տոպրակից հայտնաբերվել է 1,5 լ տարողությամբ տարա` թմրանյութի նմանվող սպիտակ զանգվածով:
Կոլյա Ա.-ն հայտարարել է, որ թմրանյութը պատրաստել է տանը, ներարկման միջոցով օգտագործելու նպատակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Գուգարքի և Սպիտակի բաժինների ծառայողները Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 121 շենքի մոտից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Կոլյա Ա.-ին, որը մարտի 12-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:
Կոլյա Ա.-ն ներկայացվել է ոստիկանության Գուգարքի քննչական բաժանմունք:
Մեկնաբանել