HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Գերմանիայում հայկական երեք համայնք կա, ամենն էլ ջոկ-ջոկ են»

Երգիչ, երգահան Մասիս Առաքելիանը ծնվել է Իրանում, դպրոցն ավարտելուն պես տեղափոխվել Գերմանիա, սակայն, իր խոսքով, շարունակում է ապրել գաղթականի հոգեբանությամբ, Հայաստանի կարոտով:  

Մասիս Առաքելիանը նախորդ տարվա մայիսին Թեհրանում հանդես է եկել մենահամերգով` հասույթն ուղղելով Արցախին: Կատարել է Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Շառլ Ազնավուրի, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, ինչպես նաեւ իր ստեղծագործությունները: Թեհրանի օպերայի Ռուդաքի սրահում բեմադրել է «Կռունկ» սյուիտը, որը Հայաստանի պատմության, ցեղասպանության մասին է: Նրա երգերն օտարերկրացիները լավ են ընդունում՝ համերգներին դահլիճները լեփ-լեցուն են, իսկ ահա գերմանահայերն անտարբեր են:

- Մասիս, վաղուց Գերմանիայում ես ապրում, անտառի փեշին, հիասքանչ վայրում, բայց քեզ զգում ես անտունի վիճակում: Ինչու՞:

- Այո: Տես, ես Պարսկաստան եմ մեծացել, բայց էնտեղ մտածում ենք՝ սա մեր մշակույթը չէ: Դուրս ես գալիս փողոց, տեսնում ես օտար մշակույթ եւ օտար լեզու: Գերմանիայում էլ քրիստոնեական մշակույթ է, բայց էլի օտար է: Սկզբում ուզում էի «Կռունկ» սյուիտն «Անտունի» կոչել, քանի որ 10 միլիոն հայությունից 7,5 միլիոնը աշխարհի տարբեր ծայրերում է: Այս ստեղծագորությունը նաեւ իմ պատմությունն է: Ես փողոցում քայլում եմ եւ մտածում՝ իմ հայրենիքը ո՞րն է՝ Պարսկաստա՞նը, Գերմանիա՞ն, Հայաստա՞նը: Աշխարհով ցրված ենք ու մի տեսակ անտունի ենք:

- Անկախ նրանից, թե քանի տասնամյակ առաջ են նախնիները գաղթել հայրենիքից, հայերի համար օտար երկրում ապրելը տառապանքի է վերածվում: Ինչու՞:

- Պատճառը պետք է փնտրել մեր պատմության մեջ: Մեզ անընդհատ փորձել են փոխել ու բնաջնջել: Մենք վախենում ենք ցրված ապրել, օտար տեղ ապրել, չնայած որ մեր սփյուռքի պատմությունը շատ հին է:

Նայիր իմ նախապապերին. Պարսկաստանի շահ Աբասը 400 տարի առաջ ուժով եւ բռնությամբ փոխադրեց Պարսկաստան, իր երկրի շահերի համար, որպեսզի հայերն իր նոր մայրաքաղաք Իսֆահանը զարգացնեն: Եվ դա կատարվեց: Հայերը կառուցեցին եկեղեցիներ, հիմնադրեցին Պարսկաստանի առաջին տպարանը, իմպուլսներ տվին տեխնիկական ու մշակութային առաջադիմության համար: Այդ ժամանակից Իսֆահանը դարձավ Պարսկաստանի ամենագեղեցիկ եւ առաջադեմ քաղաքներից: Իսկ Նախիջեւանը՝ մեր պապերի հայրենիքը, կորցրինք:  

- Բայց գոնե Հայաստան վերադառնալու հնարավորություններ կան: Չեք վերադառնում, փոխարենը շարունակում եք շփոթված ապրել օտարության մեջ: Որ տեղափոխվեք Երեւան, թեթեւությամբ չե՞ք ապրի:

- Ինքս էլ եմ շատ մտածել այդ մասին: Աշխարհում հայերն էնպիսի բարձր դիրքեր են զբաղեցնում… Եթե նրանցից յուրաքանչյուրը վերադառնա Հայաստան եւ իր ձեռնալիքը տանի հայրենիք, ինչպիսի՜ն կլինի մեր երկիրը: Իսկ չեն վերադառնում, որովհետեւ մեր երկիրը կորցրել է իր գրավչությունը: Պարսկաստանում ասում են՝ հայրենիք, հայրենիք, բայց գալով Հայաստան՝ տեսնում են երկիրը քայքայված, ցրված, եւ այդ երազը կորչում է:

Մեծ վերադարձի ճանապարհը մեկն է՝ Հայաստանը պետք է գրավիչ դարձնենք, տասնութ տարեկան գեղեցկուհու նման: Նպատակը ճշտում է ուղին:

Հունաստան, 2016

Եթե ուզում ես, որ ժողովուրդը քեզի վստահի և քեզ հովանավորի, իշխանությու՛ն, պետք է առաջին հերթին նրա հետ անկեղծ լինես եւ քո ամբողջ հոգիով նպատակին սիրահարված լինես: Ոչ թե քո անձնական շահի, այլ՝ համայնքի համար: Հայերին վերադարձնելու միակ ճանապարհն է սա:

Հարց եմ տալիս. ինչու՞ Սփյուռքի հայերի հետ Հայաստանում իշխանությունները անկեղծ չեն: Սփյուռքի հետ անկեղծ չեն: Եթե անկեղծ լինեն, շատերը կվերադառնան: Օտարությունը գեշ բան է: Շատերը Հայաստանում լավ կրթություն են ստանում, գնում Ամերիկայում պիցցա են առաքում կամ ծուռ ճանապարհներով են գնում…

Մեծ վերադարձի համար պետական այրերը շատ ջանք պետք է թափեն:

- Դուք տարբեր երկրներում շփվել եք հայկական համայնքների հետ: Գոնե համայնքներում միասնականություն կա՞:

- Ոչ: Ամենն իրար հետ կռիվ են անում, թե՝ դու գնա Պարսկաստան, դու գնա Հայաստան: Իրար չեն պաշտպանում: Եվրոպայի համայնքներում էլ դա կա, եւ լսել եմ, որ Միացյալ Նահանգներում էլ է էդպես: Այլ ազգերն ավելի համախմբված են: Հայերի մոտ այլ կերպ է, ամեն մեկն իր շահի մասին է մտածում:

Տես, ինչի՞ համար մեր թագավորությունը քայքայվեց, մեր ձեռքից գնաց՝ անմիաբանության պատճառով: Օրինակ՝ Պարսկաստանը պահպանեց իր թագավորությունը, չնայած այն բազմազգ երկիր է: Իսկ մենք, միատարր լինելով, կորցնում ենք ունեցածը: Հրեաները մի քանի տասնյակ տարվա պետություն ունեն, եւ տես՝ ինչպիսի: Մենք մեր հարստությամբ սփյուռքն ենք հարստացրել, բայց՝ ոչ հայրենիքը:

- Բեռլինը հագեցած է արաբական նիստուկացով: Երկու շաբաթվա ընթացքում այստեղ հայկական հետք չեմ նկատել: Այդ դեպքում ձեր ներկայացրած ազգային մշակույթի սպառողն ո՞վ է:

- Բեռլինում հայերը ունեն երեք տարբեր համայնք, բացի դրանից՝ դեսպանությունը, սակայն նրանց մեջ ցրվածություն կա, ամենը ջոկ-ջոկ են: Դժբախտաբար, անգամ ցեղասպանության զոհերի հիշատակը նշում են առանձին-առանձին: Իմ համերգներին հայ չի ներկայանում: Նախորդ տարի «Կռունկ» ալբոմի ձայնագրությունները կվարտետի համար մշակել էի եւ Բեռլինում համերգային կատարումով ներկայացրի: Հայեր չկային: Միգուցե չեն սիրում, չեն հավանում: Իմ համերգներին գալիս են եվրոպացիներ, բայց ոչ՝ հայեր: Ներողություն, երեք հայ կային՝ թուրքահայ հայր ու որդի եւ մեկ հայաստանցի: Սա այն դեպքում, երբ բոլոր տոմսերը վաճառված էին, դահլիճում տեղ չկար: Ես ամեն անգամ հայ համայնքներին էլ ծանուցումներ եմ ուղարկում: Եկող չկա:

- Գերմանացիներն, ինչ է, անվերապահորե՞ն են ընդունում հայկական մշակույթը:

- Իհարկե ոչ: Բեռլինի RBB մշակութային ամենահայտնի եւ ամենախոշոր ռադիոյի համակարգողներից մեկն իմ ձայնը հավանել էր եւ ասաց՝ եթե CD-ն լույս տեսնի, լուր տուր, որպեսզի քեզ 1 ժամ եթեր տրամադրենք: Բայց չտրամադրեցին, եւ կարծում եմ կային քաղաքական դրդապատճառներ:  

- Մասիս, ինչպե՞ս ես կարողանում հայ մշակույթով օտար միջավայրում գումար վաստակել:

- Ես միայն հայկական մշակույթով չեմ զբաղվում: Նաեւ Պարսկաստանում ու օտար այլ երկրներում համերգներով եմ հանդես գալիս: Իմ պարսկական ծրագիրը՝ «Ռեսիթալ ձայնի եւ դաշնամուրի համար», որի երաժշտությունն ինքս եմ գրել եւ 2011 թվին Բեռլինի շատ հայտնի «Պեռգամոն մուզեյում» բեմադրել, մշակում եմ մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար եւ հուսով եմ՝ կկարողանամ շուտով բեմադրել:

Երբ Հայաստանում եմ երգում, ինքս եմ ինձ հետ գումար բերում: Հայաստանը չի վճարում, եւ այդ սպասելիքն էլ չունեմ: Միայն թե՝ երկիրը գրավիչ դարձնեն, բոլորս վերադառնանք Հայաստան: