HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

15 մոդել` 10 տարում. iPhone-ի սպառման «մշտական շրջանը»

10 տարի առաջ Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսը ներկայացրեց առաջին iPhone հեռախոսը, որը բնութագրեց որպես երեք սարքավորում մեկում` iPod, հեռախոս և ինտերնետից օգտվելու միջոց: Հաջորդող տարիներին այն ոչ միայն ներկայացավ նոր գործառույթներով` Apple-ը դարձնելով խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունը, այլև դարձավ սպառողականության նոր խորհրդանիշ:

Թեև ամեն տարի կարելի է թարմացնել iPhone-ի օպերացիոն համակարգերը, դրանք նկատելիորեն դանդաղում և անարդյունավետ են դառնում հին սարքերի համար, և անհրաժեշտություն է առաջանում գնել նոր հեռախոս: Ընկերությունը Միացյալ Նահանգների վաճառակետերում ներդրել է մի համակարգ, որով հեռախոսները կարելի է ապառիկ վերցնել 24 ամսով, բայց միաժամանակ փոխել այն նոր մոդելով` մինչև ամբողջական վճարումը կատարելը: Մշտական այս շրջանը սպառողներին չավարտվող կախվածության մեջ կարող է գցել արտադրանքից: «Եթե դու ավարտես ամբողջական 24-ամսյա վճարման շրջանը, կմնաս հնացած հեռախոսով: Եթե թարմացնես այն ամեն 12 ամիսը մեկ, երբեք չես դադարի պարտք լինել Apple-ին` iPhone-ների համար»,- 2015-ին գրել է The Huffington Post-ի հեղինակ Դամոն Բերեսը: Apple-ը, չնայած սրան, ավելի է արագացրել մրցավազքը` 12 ամսվա նվազագույն շեմը փոխարինելով 12 վճարումների պայմանով` 6 ամիսների ընթացքում:

Apple-ը 10 տարում iPhone-ի 15 մոդելներ է ներկայացրել` յուրաքանչյուր տարի փոխելով արտաքին տեսքի որևէ բաղադրիչ կամ որևէ գործառույթ:

2007 - Առաջին iPhone-ը ներկայացրեց ժամանակակից սմարթֆոններին հատուկ նշաններով համակարգը և հիմնական էջ տանող միակ կոճակը` դուրս թողնելով ֆիզիկական ստեղնաշարը: Այն, սակայն, չուներ 3G հասանելիություն և դեռևս չէր գործում App Store-ը:

 

2008 / 3G – App Store-ը ներառվեց հեռախոսի` հաջորդ տարի թողարկված տարբերակում: Սա ծրագրավորողներին հնարավորություն տվեց մշակել սեփական հավելվածները և պոպուլյար դարձրեց հեռախոսը տարբեր գործառույթներով հավելվածների ու խաղերի միջոցով:Այն ուներ նաև 3G հասանելիություն և GPS տեղորոշման հնարավորություն:

 

2009 / 3GS – Apple-ը հայտարարեց, որ այս մոդելը կրկնակի արագ է նախորդից («S»-ը նշում էր արագությունը (speed)): Նոր մեծ փոփոխություններ չկային` բացի այն, որ դրանից օգտվողներն արդեն կարող էին պատճենել և տեղափոխել տեքստը:

2010 / 4 – Դիզայնի առաջին մեծ փոփոխությամբ այս մոդելն անվանեցին ամենաբարակ սմարթֆոնն աշխարհում: Այն նաև պատկերի ավելի մեծ հստակություն ուներ: Այս դիզայնը կիրառվեց մինչև 2014թ-ը: Սա նաև առաջին մոդելն էր, որ ուներ դիմային տեսախցիկ և աշխատում էր iOS օպերացիոն համակարգով` հավելվածների ավելի մեծ հնարավորությամբ: Մեծ դժգոհություններ կային` կապված ալեհավաքի հետ:

 

2011 / 4S – Գործարկվեց Siri-ն` Apple-ի ձայնային օգնականը: Դիմային տեսախցիկը դարձավ 8 մեգապիքսել, փոխվեց ալեհավաքը: Մոդելը ներկայացվեց հոկտեմբերի 4-ին, բայց լուրերը, որ սովորաբար ուղեկցում են այս ընկերության նոր մոդելների թողարկումը, ծածկվեցին Սթիվ Ջոբսի մահվան լուրով` հաջորդ օրը:

 

2012 / 5 – Դիզայնի երկրորդ փոփոխությամբ Apple-ը, մրցելով Samsung և HTC ընկերությունների հետ, հեռախոսի էկրանը մեծացրեց` դարձնելով 4 դյույմ: Փոխվեց նաև լիցքավորիչի հանգույցը:

2013 / 5C – 2013-ին ընկերությունը թողարկեց միանգամից երկու մոդել: Գունավորը` iPhone 5C-ն, որն ավելի էժան էր, կրկնում էր նախորդ մոդելի գործառույթները:

 

2013 / 5S – Գործարկվեց մատնահետքի ճանաչման համակարգը, որով նախկին` հիմնական էջ տանող միակ կոճակը դարձավ նաև մատնահետքի միջոցով ծրագիր մուտք գործելու միջոց: Բացի այդ, այն ներկայացավ 64-բիթ պրոցեսորով և iOS 7 օպերացիոն համակարգով:

 

2014 / 6 և 6 PLUS – Սրանք ավելի մեծ էին` համապատասխանաբար 4.7 և 5.5 դյույմ էկրաններով: Նոր դիզայնից բացի` ներկայացվեց ավելի արագ պրոցեսոր և բարելավված տեսախցիկ: Միայն թե, նոր հեռախոսները նույնքան դիմացկուն չէին և հեշտորեն կորանում էին:

 

2015 / 6S և 6S PLUS – Սրա ապակին ավելի կարծր էր, իսկ ալյումինե պողպատը` պակաս ենթակա ճկվելու: Էկրանը ավելի զգայուն էր: Այլ մեծ փոփոխություններ չկային:

 

2016 / SE – Սա մի քանի մոդելների համադրում էր: Արտաքինը և գործառույթները նույնն էին, ինչ iPhone 5S-ի դեպքում (4 դյույմ), մատնահետքի գործառույթը փոխառվել էր iPhone 6-ից, իսկ պրոցեսորն ու տեսախցիկը` 6S-ից: 2016թ-ի առաջին եռամսյակում iPhone-ը գրանցեց մինչ այժմ ամենամեծ վաճառքը` 74.78 մլն դոլար:

 

2016 / 7 և 7 PLUS – Ընկերությունը խուսափել է խոշոր վերաձևավորումից, սակայն ջրակայուն է դարձրել մոդելները, նախագծել կրկնակի տեսախցիկներ, հեռացրել մեխանիկական կոճակը և ականջակալների հանգույցը:

լուսանկարը` Թոնի Ավելար / AFP / Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter