HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Հայաստանը Դուբայում հյուպատոսարան կունենա

Իշխանությունները մտադիր են Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում բացել Հայաստանի Հանրապետության հյուպատոսարան: Ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, արդեն պատրաստ են նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ համապատասխան որոշումների նախագծերը: Հարցը գործադիրի առաջիկա նիստում նույնպես կքննարկվի:

Դուբայը աշխարհի առեւտրատնտեսական կարեւորագույն կենտրոններից է: Ըստ կառավարության ունեցած տվյալների՝ ԱՄԷ-ում, մասնավորապես Դուբայում բնակվող Հայաստանի քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2500-3000-ի միջեւ: Շաբաթական իրականացվում է 4-5 կանոնավոր չվերթ, ավելացել է Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թիվը, ինչպես նաեւ բեռնափոխադրումները:

Դուբայ քաղաքում գործում են շուրջ 70 հյուպատոսություններ: Նկատի ունենալով վերոշարադրյալը, աշխարհագրական առումով Հայաստանին մոտ լինելու հանգամանքը, ԱՄԷ-ում հայկական գործարար շրջանակների ներկայացվածությունը, ինչպես նաեւ վերջին տարներին Էմիրությունների գործարար շրջանակների հետաքրքրվածությունը մեր երկրի նկատմամբ` իշխանությունները նպատակահարմար են համարում Դուբայ քաղաքում հիմնել ՀՀ գլխավոր հյուպատոսություն` որպես հյուպատոսական տարածք ներառելով ԱՄԷ հյուսիսային էմիրությունները:

Ըստ ԱԳՆ-ի հրապարակած տեղեկանքի, 2016 թվականի մարտ ամսվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունը դեսպանություններ ունի աշխարհի 93 երկրներում, հյուպատոսական հիմնարկներ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի եւ Սիրիայի 9 քաղաքներում: Այսպիսով Դուբայը կլինի 10-րդ քաղաքը, որտեղ Հայաստանը հյուպատոսարան կունենա:

Իսկ 33 քաղաքներում Հայաստանն ունի պատվավոր հյուպատոսներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter