HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անփորձանք ծառայություն քեզ, զինվոր

Այսօր՝ հունվարի 10-ին, Թումանյանի տարածաշրջանում մեկնարկեց 1-ին զորակոչը: Հանրապետությունում զորակոչը սկսվել է հունվարի 8-ից: Զինվորական կոմիսար, փոխգնդապետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ Թումանյանի տարածաշրջանի զինակոչի ենթակա զինակոչիկների 98 տոկոսը ներկայացել են զորակոչային հանձնաժողովին: Բոլորը անխտիր անցել են բուժհետազոտություն: Առողջական խնդիրները ունեցողները ուղարկվել են մասնագիտական հիվանդանոցներ՝համապատասխան հետազոտություն անցնելու:

Առողջական ավելի բարդ խնդիրներ ունեցողները ներկայացվել են կենտրոնական բժշկական հանձնաժողովին: Այն զինակոչիկները, որոնց առողջական վիճակը եղել է բավարար, տեղի բժշկական հանձնաժողովի որոշմամբ ընդգրկվել են բանակ մեկնող զինակոչիկների խմբում:

Թումանյանի զինկոմիսարիատը այսօր կենտրոնական հավաքակայան ուղարկեց իր պլան առաջադրանքի 25 տոկոս անձնակազմին: Զինկոմի ասելով այս տարվա զորակոչը աննախադեպ է նրանով, որ առաջին անգամ զինվորական համազգեստը  զինակոչիկները կստանան զինվորական կենտրոնական հավաքակայանում: Նախկինում ստացել են զորամաս հասնելուց հետո:

«Երբեմն զինակոչիկները բանակ մեկնելիս թեթև են հագնվում,  մրսում և հիվանդանում են: Հիմա նախօրոք կստանան իրենց տաք հագուստները: Բոլոր զինակոչիկները ստացել են անհրաժեշտ պատվաստումները: Կարծում եմ այսօր լրիվ առողջ սերունդ ենք ուղարկում բանակ և համալրում մեր զինված ուժերի շարքերը»,-վստահեցրեց  զինկոմ Կարեն Հովհաննիսյանը:

Վաղ առավոտյան Ալավերդու զինկոմիսարիատի շենքի բակում հավաքվել էին բանակ մեկնող զինակոչիկներն ու հարզատները:

«Շատ լավ տրամադրությամբ եմ մեկնում զինվորական ծառայության: Գնում եմ հայրենիքին ծառայեմ, պարտքս կատարեմ ու վերադառնամ: Ճիշտն ասած, ես գտնում եմ, որ սա իմ կյանքի շատ կարևոր իրադարձություն է,  ամեն հայ տղա պետք է պարտադիր ծառայի հայրենիքին ու պատվով վերադառնա  տուն»,-ասաց  զինակոչիկ Ջհան Ալիխանյանը:

«Բարձր տրամադրությամբ եմ որդուս ՝ Ջհանին ուղարկում ծառայության: Ոնց  առողջ ուղարկում եմ, թող  առողջ  էլ տղաս ծառայի հայրենիքին: Բարով, խերով բոլոր զինվորները վերադառնան տուն»,-մաղթեց Ջհանի հայրը՝ Վարդան Ալիխանյանը:

«Միակ տղայիս՝ Ավետ Թանդիլյանին եմ ուղարկում զինվորական ծառայության: Հուզվում եմ, որովհետև բանակի հետ կապված մտահոգություններ ունեմ: Տղայիս հանգիստ չեմ ուղարկում բանակ: Հիմա հայրենիքի սահմանները խաղաղ չեն: Բոլոր մայրերիս մտահոգությունը դա է: Ուրիշ ինչի համար մայրը կանհանգստանա որդուն զինվոր ուղարկելիս: Տա Աստված, որդիս հաջողությամբ ծառայի ու  վերադառնա տուն: Ավետը շատ լուրջ մարդ է: Տղաս հեռակա սովորում է Վանաձորի պոլիտեխնիկ ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետում: Ինքը նաև արհեստավոր է: Ավտոմեխանիկ է»,- որդու մասին պատմեց Աղունիկ Թանդիլյանը:

Հրաժեշտին որդու հետ  գրկախառնվելիս Աղունիկը չդիմացավ՝ արտասվեց. «Մի լացիր, մամ»,- բարի ժպիտով  մորը  հորդորեց Ավետ Թանդիլյանը:

«Ես Նոյեմբերյանի ռայոնի Ոսկեպար գյուղից եմ: Բանակ մեկնողները բոլորն իմ թոռնիկներն են, որին ասեմ: Ավո Մեջլումյանի պապիկն եմ:  Եկել եմ երեխիս բանակ ճանապարհելու: Իմ թոռն է, նա անպայման ուժեղ տղա կլինի բանակում:  Ես բանակում ծառայել եմ, նաև պատերազմում եմ եղել:  Ոսկեպարի պաշտպանության համար եմ կռվել»,-ասաց  Պայքար Սարուխանյանը: Վերջինս մեզ խնդրեց բանակ մեկնող թոռնիկի հետ լուսանկարել իրեն:

Զինակոչիկների այս խմբում ծառայության մեկնեցին 8 օձունցիներ. «Նրանցից Սերոժ Աբովյանին, Մհեր Խեչումյանին և մյուսներին ենք ճանապարհում, մեր ընկերներն են, իրանց մաղթում ենք հաճելի ծառայություն, բարի վերադարձ: Ես մեկ տարի հետո եմ մեկնելու բանակ»,-ասաց Համլետ Հարությունյանը: «Թող մեր սահմաններն անսասան լինեն, ու բոլոր զինվորները վերադառնան իրենց օջախները: Մաղթում ենք մեր երկրին խաղաղություն:  Ես էլ 4 ամիս հետո եմ մեկնելու բանակ»,-ասաց օձնեցի Վրեժ Անթառանյանը:

Օձնեցի Յուրիկ Ադամյանը իր ասելով, թեև  բարձր տրամադրությամբ էր մեկնում բանակ, սակայն մտահոգ էր: «Թող բարի ճանապարհ լինի բոլոր զինվորներին, հաջողություն լինի, աշխարհին խաղաղություն լինի, իմ որդուն և բոլոր զինվորներին բարի վերադարձ»,- մաղթեց  Յուրիկի մայրը՝ Արփինեն:

Չափազանց հուզված էր օձնեցի զինակոչիկ Փաշիկ Կոտանդյանի մայրը՝ Արմիկը. «Առողջ երեխա եմ ուղարկում բանակ: Որ խաղաղ չի սահմանում, կռիվներ են լինում, դա է ինձ տանջում: Իմ տղան խելոք, համեստ տղա է: Փաշիկը միջնակարգ կրթություն ունի: Էդ մինուճար տղեն ունեմ: Երկու հատ էլ աղջիկ ունեմ»,- պատմեց Արմիկը: «Բանակ եմ գնում: Բարով գնում ենք, բարով էլ գալու ենք: Բա , որ մենք չգնանք բանակ, հայրենիքը ով է պաշտպանելու»,- ասաց  Փաշիկը:

Ակներցի Վանո Շավինյանը որդուն՝ Նվեր Շավինյանին էր ուղարկում բանակ: «Երեք տղա ունեմ: Նվերը փոքրս է:  Էսա, որ կգա, կտեսնես ինչ ձևի տղա է Նվերս»,- հպարտացավ հայրը:

Զինակոչիկ Հովսեփ Դոլինյանն էլ ասաց, որ մարտական տրամադրությամբ է մեկնում բանակ. «Սովորում եմ Հյուսիսային համալսարանի տնտեսագիտական բաժնում: Առաջին կուրս եմ: Ծառայությունից հետո կգամ, կշարունակեմ»,-ասաց նա:

Դսեղցի  Նարեկ Դարբինյանն էլ պատմեց, որ ընտանիքում 4 երեխաներ են. «Ես ավագն եմ և առաջինն եմ ծառայության մեկնում»,- պատմեց Նարեկը:

Զինակոչիկները  մոմեր վառեցին Ալավերդու Ս.Գրիգոր Նարեկացի եկեղեցում: Ճանապարհելուց առաջ զինկոմ Կ. Հովհաննիսյանը զինվորներին մաղթեց անփորձանք ծառայություն. «Ես պահանջում և հրամայում եմ: Այսօր քանի հոգով գնում եք բանակ, այդքանդ էլ վերադառնաք Ձեր օջախներ: Թող Աստծո օրհնությունը լինի Ձեր  վրա, մաղթում եմ  բարի ծառայություն, զինվորներ»,-ասաց զինկոմը:

Ալավերդու քաղաքապետարանի կողմից զինակոչիկներին փոքրիկ նվերներ հանձնեց  քաղաքապետի տեղակալ Արթուր Վարոսյանը:  Լոռու մարզպետի անունից զինակոչիկներին բարի մաղթանքների խոսք ուղղեց մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների  պաշտպանության բաժնի պետ Սասուն Խեչումյանը: Զինակոչիկները հրաժեշտ տվեցին հարազատներին: Շարժվեց նրանց  կենտրոնական զինվորական հավաքակայան տեղափոխող ավտոմեքենան:

Քեզ անփորձանք ծառայություն, զինվոր: Բարի վերադարձ:

Լուսանկարները՝ հեղինակի