HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դրամի նկատմամբ վստահությունը որոշ չափով աճել է

Հայաստանի քաղաքացիները, որոնք բանկերին իրենց գումարներն են ի պահ տալիս ավանդների տեսքով, առավելապես նախապատվությունը տալիս են արտարժույթին, հիմնականում՝ դոլարին։ Նույն կերպ էլ բանկերը, արտարժույթի տատանումների ռիսկերից հնարավորինս խուսափելու համար, նախընտրում են վարկերի ավելի մեծ մասը տրամադրել դոլարով։ Արդյունքում դոլարայնացման մակարդակը Հայաստանում բարձր է։ Իսկ ավելի կարճ՝ դոլարի նկատմամբ վստահությունն ավելի ամուր է, քան դրամի։

Այդուհանդերձ, 2016 թվականի վերջին տվյալները (հոկտեմբեր ամսվա) ցույց են տալիս, որ դրամի նկատմամբ վստահությունը փոքր-ինչ աճել է. դոլարայնացման մակարդակը որոշակի նվազել է։

ՀՀ կենտրոնական բանկը հանրապետությունում դոլարայնացման մակարդակը չափում է հինգ ուղղությամբ՝ հիմնված ավանդների ու վարկերի ցուցանիշների վրա (տե՛ս աղյուսակը)։ Առավել հաճախ կարևորվում են D1-ը և D2-ը։ Առաջինը ցույց է տալիս ռեզիդենտների արտարժութային ավանդների կշիռը փողի զանգվածում, երկրորդը՝  արտարժութային ավանդների կշիռը ընդհանուր ավանդների կազմում։

Հիշեցնենք, որ 2015 թվականին ընթացքում դոլարայնացման մակարդակի բարձրացում նկատվեց։

Իսկ 2016-ին գրանցված վերջին տվյալների համաձայն՝ հոկտեմբերին տարեսկզբի համեմատ նվազում է գրանցվել։ Օրինակ՝ եթե 2015-ի դեկտեմբերին ռեզիդենտներից ներգրավված ավանդների 64.1%-ն է արտարժույթով եղել, մնացածը՝ դրամով, ապա 2016-ի հոկտեմբերի դրությամբ, արտարժութային ավանդների կշիռը կազմել է 61.1%։ Այսինքն՝ դեկտեմբերի համեմատ ավանդների դոլարայանացումը նվազել է 3 տոկոսային կետով։ Իսկ տարեկան կտրվածքով՝ 2015-ի հոկտեմբերի համեմատ, նվազել է 2.5 տոկոսային կետով։ Վերջին տվյալները 2016-ի հոկտեմբերինն են։

Զուգահեռաբար նվազել է նաև արտարժութային ավանդների դերը փողի զանգվածում, արտարժույթի կշիռը ժամկետային ավանդներում և բանկերի տրամադրած վարկերում։

Եվ միայն ցպահանջ ավանդների դեպքում է, որ արտարժույթի կշիռը տարեսկզբի համեմատ աճել է 0.1 տոկոսային կետով։

Չնայած տարբեր ամիսների դոլարայնացման մակարդակը ցույց տվող ցուցանիշները անընդհատ աճում են կամ նվազում, սակայն ընդհանուր առմամբ, ինչպես կնկատեք նաև աղյուսակում, 2016-ի երկրորդ կիսամյակից սկսած այդ ցուցանիշներն ավելի ցածր մակարդակում են եղել առաջին կիսամյակի և 2015-ի համեմատ, հատկապես՝ D1-ը և D2-ը։  

Հիշեցնենք, որ դոլարայնացման բարձր մակարդակը Հայաստանի տնտեսությունը կախյալ վիճակում է պահում արտարժույթից, ինչը տնտեսությունը դարձնում է ավելի խոցելի։

լուսանկարը` www.finance.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter