
Էլեկտրաէներգիայի արտադրության համար մաքսային արտոնություն՝ «Վիկինգ» ՍՊԸ-ին
Գործադիր մարմինը այսօր կայացած նիստում չքննարկվող կարգով ընդունեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի՝ կառավարություն ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում էր բավարարել «Վիկինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը և ընկերությանը տրամադրել արտոնություն` ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ։ Ներմուծվող հումքերն ու նյութերը օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար:
«Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք` նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար»,- ասվում է նախագծում։
Համաձայն կառավարություն ներկայացված որոշման նախագծի՝ ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կազմում են 200 մլն դրամ, իսկ մինչ այդ ընկերությունը արդեն իսկ իրականացրել է 760 մլն դրամի ներդրում։
Հավելենք, որ այս ընկերությունը ունի 15 աշխատատեղ, դրանց միջին աշխատավարձը կազմում է 140.000 դրամ:
Մեկնաբանել