
Մենք գիտենք` ովքեր են տերերը - 4
Հանրային զուգարանի փոխարեն
Շատերն են հիշում Օպերայի հանրային զուգարանը: Խորհրդային կարգերի փլուզմանը զուգահեռ սկսեց փլուզվել նաեւ այդ զուգարանը: Տարիներ շարունակ չէր գործում` դարձել էր անօթեւանների հավաքատեղի:
2000թ. օգոստոսի 14-ին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի թիվ 1006 որոշմամբ Ազատության հրապարակին հարող այգու տարածքում գտնվող նախկին հասարակական զուգարանն իր հարակից տարածքով` 650 քմ, վարձակալության իրավունքով հատկացվել է «Ատլաս» ՍՊԸ-ին՝ «զուգարանը վերակառուցելու (ընդգծումը մերն է), հանգստի գոտի եւ բացօթյա սրճարան կազմակերպելու նպատակով»:
Իհարկե, ոչ ոք չհետեւեց, որ այստեղ կառուցվի հանրային զուգարան, մանավանդ, որ հանրային այգին, որպես այդպիսին այլեւս գոյություն չուներ:
«Ատլաս» ՍՊԸ-ն այստեղ առայժմ կառուցել է «Astral club» սրճարանը: Թե ինչ է լինելու ստորգետնյա այդ կառույցի վերեւի մասում` անհայտ է, քանի որ հաստատված նախագիծն արդեն խախտվել է, եւ նախատեսվածից բարձր պատեր են շարվում: Սրճարանաշինության զարգացումները, հնարավոր է, անկանխատեսելի ընթացք ստանան, եւ տերերը, ասենք, որոշեն սրճարանի վերեւի հարկում կառուցել իրենց առանձնատները: Իսկ այժմ ներկայացնենք, թե ինչու է այս ընկերությունն արժանացել նման ուշադրության:
Ընկերության փայատերերն են ռամկավարներ Տիգրան Ղալումյանը եւ Արմեն Ստեփանյանը եւ, իհարկե, Կենտրոն համայնքի նախկին թաղապետ, ՀՀՇ-ի վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Ընդհանրապես, Օպերայի հանրային այգում սրճարաններ կառուցելու թույլտվություն ստանալու համար իր եզրակացությունն է տվել Կենտրոն համայնքի ղեկավար Արարատ Զուրաբյանը: Եւ, բնականաբար, այդքան գործեր սարքող թաղապետն իր բաժինը պետք է ունենար: Սա միակ դեպքը չէ, որ Կենտրոնի թաղապետարանը ստացել է իր փայաբաժինը: Արարատ Զուրաբյանի հետ հանդիպելու մեր բոլոր ջանքերն, իզուր էին: Նա այդպես էլ չցանկացավ պատասխանել մեր հարցերին:
Արդեն 2002թ. սեպտեմբերի 11-ին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն իր 1553-Ա որշմամբ «Ատլաս» ՍՊԸ-ին Ազատության հրապարակի այգուն հարող տարածքում գտնվող վարձակալության իրավունքով տրամադրված 650 քմ մակերեսով հողամասին կից ստորգետնյա ակումբային համալիր շինարարության նպատակով վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով լրացուցիչ տրամադրել է 600քմ մակերեսով հողամաս:
Երեւի շատերը դեռ չեն մոռացել նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի հուզական ելույթներն այն մասին, թե ինքը` «քաղաքի տղան», ինչքան շատ է սիրում Երեւանը, Օպերայի այգին, Հրազդանի կիրճը... Իր իսկ ելույթների արանքում նա հասցնում էր սանտիմետր առ սանտիմետր վաճառել Երեւանի բոլոր կանաչ տարածքները` հիմնավորելով տարբեր օրենքներով, հրամաններով, որոշումներով... Իսկ թե ինչքան վնաս է հասցրել պետությանը քաղաքապետն իր առանց աճուրդի օպերայի այգում եւ օղակաձեւ զբոսայգում այդչափ հողեր հատկացնելու որոշումներով, կներկայացնենք մեր հաջորդ հրապարակումներում:
Մեկնաբանել