Հաշմանդամության փորձաքննության ձևաչափի փոփոխություն է նախատեսվում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունվարի 12-ին հանդիպել է հաշմանդամության ոլորտում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը, նախարարը վստահություն է հայտնել, որ ոլորտում համատեղ իրականացվող փոփոխությունները միանշանակ բերելու են նոր և արդյունավետ համակարգերի ձևավորմանը՝ դրանով իսկ հավասար հնարավորություններ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Անդրադառնալով բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրներին՝ նախարարը նշել է, որ համակարգում արմատական փոփոխություններ են լինելու՝ հաշմանդամության նոր մոդելի ներդրմամբ և փորձաքննության ձևաչափի փոփոխությամբ:
«Պետք է տարանջատել դիմում ընդունելու և որոշում կայացնելու գործառույթները, ինչը նվազագույնի կհասցնի քաղաքացի-որոշում կայացնող պաշտոնյա շփումը: Իսկ փորձաքննության ձևաչափը պետք է փոխվի այնպես, որ յուրաքանչյուր օղակ ունենա իր իրավունքներին համապատասխան հստակ պատասխանատվության դաշտ»,- ասել է նախարարը:
Նախարարի խոսքով՝ պետք է անպայման վերանայվեն հաշմանդամության 3-րդ խմբի չափորոշիչները, քանի որ այդ չափորոշիչներով պայմանավորված հիմնականում չեն տարանջատվում «հիվանդ լինելը» և «հաշմանդամություն ունենալը»:
Հանդիպմանը ներկա հասարակական սեկտորի ներկայացուցիչները որոշ մտահոգություններ են հայտնել, որոնք հիմնականում վերաբերում էին նրան, որ ոլորտի խնդիրների լուծումները հնարավոր է մի քանի գերատեսչությունների միջև սերտ համագործակցությամբ միայն, և որոշակի մտահոգություններ առ այն, որ փոփոխությունների և նոր մոդելի կիրառման արդյունքում հաշմանդամություն ունեցող անձանց մի մասը կարող են զրկվել հաշմանդամության կարգավիճակից և դրանից բխող արտոնություններից:
Միևնույն ժամանակ, ՀԿ ներկայացուցիչները որոշ առաջարկություններով են հանդես եկել, որոնք, ըստ իրենց, առավել սահուն կերպով թույլ կտան անցնել ներկայիս անցումային փուլը:
Նախարար Արտեմ Ասատրյանը հավաստիացրել է, որ որևէ փոփոխություն ինքնանպատակ չի արվելու, ավելին, հստակեցնելով «հաշմանդամություն ունենալու» և «հիվանդ լինելու» չափորոշիչները' պետությունը հնարավորություն է ունենալու հաշմանդամներին տալ հավասար հնարավորություններ իրենց իրավունքների լիարժեք իրացման համար, իսկ հիվանդություն ունեցող անձանց' համապատասխան ծառայությունների փաթեթ:
Հաշվի առնելով սեղմ ժամկետները՝ նախարարը խնդրել է ՀԿ ներկայացուցիչներին ներկայացնել համակարգի փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկությունները, այնուհետև ևս մեկ հանդիպում ունենալ մինչև ՀՀ կառավարություն առաջարկությունների վերաբերյալ վերջնական փաթեթի ներկայացումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել