Կ. Կարապետյան. «Սոցիալապես անապահով, խոցելի խավերի համար ունենք արտոնյալ որոշակի սակագներ՝ առողջապահության մեջ»
Վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր կայացած ասուլիսում հայտնել է, որ պետական կառավարման համակարգում առկա են բազմաթիվ խնդիրներ և դրանց վերջնական լուծումը քայլ առ քայլ պետք է իրականացվի։
Վարչապետի խոսքով՝աշխատակազմի, ՊՈԱԿ-ների կրճատումից գրեթե 4 միլիարդ դրամ է տնտեսվել։ Արդեն այցելել են հինգ մարզեր և ամփոփելով այդ մարզերում իրականացված օպտիմալացման ծրագրի արդյունքները` հավաստիացնում է, որ մարզերում օպտիմալացումը մեծ ծավալներով չի իրականացվել։ Որպես օպտիմալացման օրինակ մեջբերում է թերբեռնված դպրոցների միավորումը, որի միջոցով կրճատվել է այդ դպրոցների ծառայությունների համար հատկացվող գումարները։
Վարչապետը հունվարի 16-ին խորհրդակցություն է կազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ, ովքեր ներկայացնելու են ծրագիր, թե կառավարության կողմից տրամադրվող ինչ պայմաններ են ակնկալում՝ որակական փոփոխություններ իրականացնելու համար։
Անդրադառնալով ավիացայի ոլորտին` Կարապետյանը տեղեկացրեց, որ արդեն երկու նոր ավիաընկերությունների հետ թռիչքների իրականացման պայմանագրեր են ստորագրվել։
«Անցած տարի 61 ընկերության ես դիմել եմ նամակով` առաջարկելով գան, այստեղ որպես բազիս վերցնեն տարածաշրջանի համար և Երևանի հետ համապատասխան հարաբերություններ հաստատեն։ 61 ընկերությունից արդեն հինգը արձագանքել են, և մենք մոտ ժամանակներս իրենց սպասում ենք»,-նշում է Կարապետյանը։
Վարչապետի գնահատմամբ՝ շատ հետաքրքրիր համագործակցություն է ձևավորվել առողջապահության ոլորտի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև։ Մասնավորապես՝ «սոցիալապես անապահով, խոցելի խավերի համար ունենք արտոնյալ որոշակի սակագներ՝ առողջապահության մեջ»։ Կարապետյանը հավաստիացնում է, որ սահմանված արտոնյալ սակագները իրենք վերահսկելու են։
Մեկնաբանել