HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիետա Խաչատրյան

Օրենքով աղքատություն

Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը գծում է մի սահման, որից ներքեւ բազմադեմ աղքատությունն է: Հայաստանի կառավարությունները միշտ հետաձգել են այդ գաղափարի պաշտոնապես ընդունումը, քանի որ հնարավոր չեն համարել նվազագույն զամբյուղն ապահովող պարտավորությունների կատարումը տնտեսապես:

Դա երբեւէ չի խանգարել, որ բոլոր քաղաքական ուժերը շահարկեն գաղափարը` իշխանության գալուց առաջ խոստանալով ընդունել նվազագույն զամբյուղը եւ ապահովել դրա կատարումը: Բացառություն չէին նաեւ այս` կոալիցիոն կառավարություն կազմող ուժերը: Այժմ կոալիցիան շտապում է տպավորություն ստեղծել, որ կատարում է իր նախընտրական խոստումը` հոկտեմբերի 6-7-ը քննարկելով եւ առաջին ընթերցմամբ ընդունելով «Սպառողական նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքը: Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքը սակայն չի սահմանում , ոչ նվազագույն սպառողական զամբյուղի կազմն ու կառուցվածքը, ոչ էլ ամրագրում է դրա թվային արժեքը: Առաջինը հինգ տարվա կտրվածքով պետք է սահմանվի մի ուրիշ օրենքով, որը դեռ անհայտ է` ե՞րբ կմտնի խորհրդարան:

Երկրորդը, տարին մեկ անգամ, ազգային վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա, պետք է հաստատի կառավարությունը: Օրենքի նախագծի այս ամենաէական դրույթներն էլ հենց բազմաթիվ առարկությունների հանդիպեցին: 

Մինչ դրան անդրադառնալը` վերադառնանք նվագույն սպառողական զամբյուղի ճակատագրին` մինչեւ այս պահը: 

1997 թվականին Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել նվազագույն սպառողական զամբյուղն հաշվարկելու մասին: Այդ որոշումը մի տեսակ ներքին օգտագործման համար էր, քանի որ հրապարակման դրույթ չէր պարունակում: Բնակչությունը մնում էր չտեղեկացված` ի՞նչ թվերից են ելնում Հայաստանում նվազագույն աշխատավարձ, կենսաթոշակ, նպաստ վճարելիս, երկրի բյուջեում` շնչի հաշվով ծախս ու եկամուտ հաշվարկելիս: Ըստ այդ որոշման եւ դրանից էլ առաջ` Ազգային վիճակագրական ծառայությունը 9 հազար տնային տնտեսության սպառած պարենի հաշվառման մեթոդաբանությամբ ամեն եռամսյակ հաշվարկում էր նվազագույն զամբյուղի արժեքը եւ հանձնում կառավարությանը: Վերջին թիվը` 2003 թվականի երկրորդ եռամսյակի հաշվով է, 2100 կալորիա չափանիշով, եւ կազմում է շնչի համար 15030 դրամ, որի միայն պարենային մասը 9221 դրամ է: 2412 կալորիականությամբ հաշվարկելու դեպքում (ինչը չափանիշ է զարգացած երկրների համար) նույն մեթոդաբանությամբ այն կկազմի 25 հազար դրամ: Մինչդեռ Հայաստանում փաստացի աշփատավարձի նվազագույն շեմը 12-13 հազար դրամ է:

Երկու դեպքում էլ ակնհայտ է, որ այս թվերը հազիվ տեղավորվում են միջազգային չափանիշներով սահմանված օրական 500 դրամ չքավորության սահմանագծում եւ նվազագույն սպառում չեն կարող ապահովել, այն էլ` հացի եւ հացամթերքների վերջին թանկացման, էլեկտրաէներգիայի, գազի, դրանց հետ էլ` լայն սպառման ապրանքների գների սպասվող բարձրացման ֆոնին: Վերադառնանք օրինագծի քննարկմանն ԱԺ-ում: Կենսապահովման նվազագույն բյուջեն կառավարության կողմից հաստատելն օրինագծի համարյա բոլոր ընդդիմախոսներն անընդունելի էին համարում, քանի որ իրեն նախընտրելի մեթոդաբանության դեպքում կառավարությունր կարող է սահմանել իր համար ձեռնտու, բայց իրականությունը չարտացոլող թիվ:

Դրան հակադարձեց կառավարության ներկայացուցիչ, սոցիալական ապահովության նախարար Աղվան Վարդանյանը. «Այս ԱԺ-ն է կազմել այս կառավարությունը, այս կառավարությունն ԱԺ-ում ունի մեծամասնություն: ԱԺ-ն հաստատել է կառավարության գործունեության ծրագիրը, որտեղ նշված են նրա սոցիալական հնարավորությունները: Կառավարությունն հաստատել է նաեւ գործունեության միջնաժամկետ եւ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրերը, որոնցով սոցիալական քայլեր են ապահովվելու.ուստի այս մեծամասնությունը պատճառ չունի չվստահելու այս կառավարությանը»: Կառավարությունը,սակայն, երեւում է` չէր վստահում այս ԱԺ-ին, քանի որ առաջարկում էր, որ կենսապահովման նվազագույն բյուջեի կազմն ու կառուցվածքն էլ ինքը սահմանի, եւ ոչ թե օրենքը` ինչպես նախագծում էր:

Դրան համաձայն չէին ոչ կոալիցիայի ուժերը, ոչ ընդդիմությունը: Հետաքրքիր է, որ Ա.Վարդանյանը միանգամից ցրեց բոլոր պատրանքները նվազագույն զամբյուղին համարժեք աշխատավարձ եւ թոշակ ապահովելու վերաբերյալ. «Ինչ թիվ էլ ընդունվի` կառավարությունը դրան հասնել չի կարող, նույնիսկ զարգացած ԱՄՆ-ում նվազագույն ախատավարձը սպառողական զամբյուղի 80 տոկոսն է կազմում»։ Եվ արդեն իր կողմից առաջարկեց մի այնպիսի սկզբունք ամրագրել օրենքում, որ կառավարությունը պարտավորված լինի հաշվարկելու նվազագույն կենսապահովման բյուջեն եւ գոնե 2005 թվականի պետբյուջեի հետ նեկայացնի ԱԺ: Դե, եթե կառավարության ոլորտի պատասխանատուն էլ իր այդ առաջարկով փաստորեն հավատ չի ընծայում այս օրենքի կիրառելիությանը, ուրեմն թերեւս ճիշտ են այն որակումները, թե սա բարի մտադրությունների օրենք է եւ դատապարտված է մնալու թղթի վրա գոնե առաջիկա երկու տարին: Ավելի խիստ ձեւակերպումներ էլ եղան` թոզփչոցի, ժողովրդահաճո քայլեր անելու իմիտացիա: Հետաքրքիր է, որ նախագիծը կոալիցիայի անունից ներկայացնում էր նույնպես ՀՅԴ անդամ Լեւոն Մկրտչյանը: Երկուսի կարծիքով էլ` այս օրինագիծը, չնայած թերություններին, քաղաքական կամքի դրսեւորում է` առաջին քայլն անելու: Մնացածը` հետագաայում:

«Արդարություն» դաշինքն առանց իր առաջարկները ներառելու` խոստացավ չմասնակցել քվեարկությանը եւ իր խոստումը կատարեց: Իսկ առաջարկները, որ ներկայացնում էր Վիկտոր Դալլաքյանը, այպիսին էին.օրենքում ամրագրել, որ զամբյուղի կազմն ու կառուցվածքը որոշվեն ոչ թե կամայական մեթոդաբանությամբ, այլ միջազգայնորեն ընդունված ֆիզիոլոգիական, առողջապահական եւ սոցիալական համապատասխան նորմատիվների հիման վրա` ծառայությունների տեսականիով հանդերձ, նշվեն զամբյուղի արժեքը, դրա ինդեքսավորման կարգը, տարեկան կտրվածքով այդ զամբյուղի արժեքի ներդրման ծամանակացույցը: Սրանք առավելագույն պահանջներն էին, որ կարող էին այս կարգի օրինագծին ներկայացվել առհասարակ: Առաջարկվում էր նաեւ զամբյուղի արժեքն արտացոլել պետբյուջեի մասին օրենքում` ելնելով տվյալ տարվա բյուջեի հնարավորություններից` հիմք համարելով կենսաթոշակների, նպաստների եւ նվազագույն աշխատավարձի համար:«Եթե 14 տոկոս աճը բլեֆ չէ` այս հարցերը կարելի է լուծել»,-նկատեց Վիկտոր Դալլաքյանը: Մինչ այդ նա ժողովրդի կենսամակարդակի վերաբերյալ ներկայացրել էր մի շարք տպավորիչ, բայց ոչ անհայտ տվյալներ:

Ըստ ԱՎԾ-ի` Հայաստանի բնակչության 70 տոկոսը սնվում են միայն հացով եւ կարտոֆիլով, ինչը միջազգայնորեն սահմանված նվազագույն 2100-ից շատ ավելի պակաս կալորիականություն է ապահովում: Իսկ ՄԱԿ-ի սահմանած աղքատության օրական մեկ դոլարանոց սահմանագծից անդին է Հայաստանի բնակչության 80 տոկոսը, բայց պաշտոնապես նշվում է միայն 50 տոկոսը: Խորհրդարանից դուրս գանք ու երկու մասնագիտական կարծիք եւս ներկայացնենք: Նախորդ` ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանը գտնում է, որ Հայաստանի քաղաքական էլիտան եւ կոալիցիան պետք է քաղաքական կամք դրսեւորեն եւ օրենքով սահմանեն զամբյուղը, որից հետո կառավարությունը պարտավոր կլինի կատարել այն: Ըստ նախկին խորհրդարանականի` այն կազմում է շնչի հաշվով 28 հազար դրամ:

«Որտեղի՞ց, ինչ հնարավորություններով» հարցին Գ.Թադեւոսյանը պատասխանեց. «Ստվերային տնտեսության լեգալացումից, օլիգարխների չհարկվող եկամուտներից, կոռուպցիայի դեմ իրական, այլ ոչ թե խաբկանքային պայքարի արդյունքում»: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն ավելի կենսական համարեց օրենքում ժամանակացույցի ամրագրումը, որով տարի առ տարի կհասնենք նազագույն կենսամինիմումին` այն 25 տոկոսով ծածկելու սահմանից սկսելով: Վերադառնալով օրինագծի քվեարկությանը` նկատենք, որ այն առաջին ընթերցում անցավ այն տեսքով, որով բերվել էր խորհրդարան, առիթ տալով ընդդիմության երկու թեւերին չմասնակցել քվեարկությանը, եւ մեծամասնության 71 կողմ ապահովելով: Ընդունվեց քաղաքական փաստաթուղթ, այդպես ասենք` առայժմ որեւէ գործնական ձեռքբերում չապահովելով: Այն գործող օրենք դառնալու ճանապարհին դեռ շատ ջուր կհոսի, իսկ զամբյուղի կազմը սահմանող օրենք Աստված գիտե, թե երբ կընդունվի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter