Կոնյակն ու վիսկին արտադրության ամենամեծ աճն են գրանցել ալկոհոլային խմիչքների կազմում
Հայաստանում ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում ծավալների ամենամեծ տոկոսային աճը 2016 թվականին գրանցել են կոնյակն ու վիսկին։ Իսկ օղու և գարեջրի արտադրությունը կրճատվել է։
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ 2016-ի առաջին 11 ամիսներին Հայաստանում արտադրվել է 6.8 մլն լիտր օղի (ներառյալ՝ օղի-լիկյորը), 19.7 մլն լիտր կոնյակ, 1.3 մլն լիտր վիսկի, 5.8 մլն լիտր գինի, 17.8 մլն լիտր գարեջուր, ինչպես նաև՝ մոտ 0.5 մլն լիտր շամպայն։ Հիշենենք, որ պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է միայն արտադրող կազմակերպությունների ցուցանիշները։ Օրինակ՝ տնային պայմաններում արտադրված գինու ծավալները չեն ներառվում։
Ինչպես նշեցինք, ծավալների ամենամեծ աճը գրանցել են կոնյակն ու վիսկին։ 2015 թվականի հունվար-նոյեմբերի համեմատ կոնյակի արտադրության ծավալներն ավելացել են 29.1%-ով, իսկ վիսկիի ծավալները՝ 28.3%-ով։
Միևնույն ժամանակ, գինու արտադրությունն ավելացել է 15.6%-ով, իսկ շամպայնինը՝ 17.4%-ով։
Օղու արտադրությունն էլ այս ընթացքում կրճատվել է 19.6%-ով, իսկ գարեջրինը՝ 10.4%-ով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել