HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Զինվորական համազգեստն ու աղջկական երկար հյուսերը

Քնար Բաբայան

Արդեն երկու տարի է, ինչ 17-ամյա Եվան զարթուցիչից առաջ է արթնանում։ Մինչ կրտսեր քույրը վայելում է առավոտյան քաղցր քունը, նա ժամը 6-ից արդեն ոտքի վրա է։ Ստեփանակերտի Ք․Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներից պահանջվում է նախ և առաջ զինվորական ճշտապահություն ու կրկնակի կոկիկություն։ Հագուկապը նույնն է, ինչ  տղաներինը՝ ամենօրյա ու տոնական զինվորական համազգեստ։ 

«Այսօր արդեն չեմ պատկերացնում իմ օրն առանց այս ռեժիմի, չնայած ամենսկզբում հոգնածությունից վարժարանի բակի նստարանին նստած՝ քնով էի անցնում։ Դե բնական է, այստեղի ռեժիմը չես համեմատի դպրոցի ծանրաբեռնվածության հետ»,-ասում է ստեփանակերտցի Եվա Ղազարյանը։

Արփինեն (ձախից) եւ Եվան

Այօր Եվան ժպիտով է վերհիշում վարժարանի առաջին օրերն ու չհաջողելու իր մտավախությունները։

«Սկզբի ամիսները ընդհանրապես չէի ժպտում։ Անկախ նրանից, թե ինչքան ես ինքավստահ քո ուժերին, միևնույն է, միշտ մտավախություն կա, որ քո այս կամ այն քայլը ճիշտ չի ընկալվի, մանավանդ, որ դասարանում միակ աղջիկն ես։ Այսօր, իհարկե, ծիծաղելով ենք հիշում այդ օրերը։ Դասարանի տղաների հետ շատ ջերմ հարաբերություններ ունեմ ու բոլորս իրար հարազատի պես հարգում ու վստահում ենք»,- ասում է Եվան։

Եվան առաջին աղջիկ սանն է վարժարանի 16 տարվա պատմության մեջ։ 2015-2016թթ. ուսումնական տարում առաջին անգամ Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանն աղջիկների ընդունելություն կազմակերպեց։ Առաջին ուսումնական տարում 3 դիմորդից միայն 2-ն են առ այսօր շարունակում ուսումը։ Աղջիկներից մեկը պարզապես չդիմացավ զինվորական առօրյային։

Ռազմամարզական վարժարանի պետ, փոխգնդապետ Վահրամ Հակոբյանն ասում է, որ աղջիկ սաներ ընդունելու հարցում վճռորոշ եղավ իր այցելությունը Մոսկվայի Սուվորովի անվան ռազմական ուսումնարան։ Այնտեղ նման փորձ արդեն կիրառում էին, ավելին՝ ընդունելությունը կատարում էին հանրակրթական 6-րդ դասարանի բազայից։ Այդ նույն տարին նաև Վ․Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում առաջին աղջիկ դիմորդներին ընդունեցին։

«Վերադառնալով վարժարան՝ խորհրդակցեցի մեր սպայական ու ուսուցչական կազմի հետ։ Հասկանալով, որ կարող ենք ապահովել կրթադաստիարակչական անհրաժեշտ պայմանները, դիմեցի պաշտպանության նախարարություն»,-հիշում է Վ. Հակոբյանը։

Աղջիկ սաների ընդունելության դժվարություններից մեկը կարծրատիպերը կոտրելն էր։ Աղջիկների մեծ մասը համառ պայքարի շնորհիվ է ստացել ծնողների համաձայնությունը վարժարան ընդունվելու համար։

Եվան պատմում է, որ դպրոցական տարիներից ակտիվ մասնակցում էր ռազմամարզական տարբեր մրցումների։

«Մինչ այդ ես գիտեի վարժարանի մասին, բայց ինձ ասել էին, որ աղջիկներ չեն ընդունում։ Մի օր էլ մեր հարևանը, ով աշխատում է վարժարանում, ասաց, որ սկսել են աղջիկ սաներ ընդունել։ Շատ ուրախացա ու սկսեցի ծնողներիս համոզել։ Մայրս դեմ չէր, հակառակը, ուզում էր, որ ռազամական կրթություն ստանամ, իսկ ահա հորս պետք էր համոզել։ Արդյունքում ես ինձ լավ դրսևորեցի այստեղ ու հաջողությունների հասա։ Դա բավական եղավ, որ հայրս ոչ միայն թույլ տվեց շարունակել ուսումս, այլև այսօր հպարտանում է իմ հաջողություններով»,- ասում է Եվան։

Եվան այս տարի ավարտում է վարժարանը։ Նա դեռ չի կողմնորոշվել՝ ինչ ուղղությամբ է շարունակելու բարձրագույն ռազմական կրթությունը։ Ներկա դրությամբ երկու տարբերակների միջև է տատանվում՝ ՀՕՊ (հակաօդային ուժերի մասնագետ) կամ ռազմաիրավաբան։ Աղջիկների մեծ մասը երազում է ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո զինվորական ծառայությունն անցնել դիրքերում, իսկ ավելի ցանկալի է՝ հենց առաջնագծում:

Արփինեն ու Անաստասիան, ի տարբերություն Եվայի, երբեք չեն երազել զինվորական կարիերայի մասին։ Մեկը պետք է ուսուցչուհի դառնար, մյուսը՝ դիզայներ։

«Անցած տարի դասարանով այցելեցինք վարժարան, ծանոթացանք այստեղի պայմաններին ու ուսումնական համակարգին։ Անկեղծ՝ ոչինչ ինձ չի ոգևորել այդ պահին, ավելին՝ համոզված էի, որ աղջիկն այստեղ անելիք չունի»,-ասում է Արփինեն։

Աղջիկների համար ամեն ինչ կտրուկ փոխվեց ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։

«Մի բան միայն ավելի քան պարզ դարձավ՝ Ղարաբաղը պատերազմական գոտի է, իսկ պատերազմի հավանականությունն ապրիլից հետո մի քանի անգամ կտրուկ մեծացավ։ Ստեղծված իրավիճակում այս ընտրությունը ինձ համար ավելի քան արդարացված է»,- վստահեցնում է Արփինեն։

Անաստասիան պատմում է, որ երեք ընկերուհիներով էին որոշել գալ վարժարան, սակայն երկուսի ծնողներն այդպես էլ չեն թույլատրել։

«Ես ծնողներիս հատուկ համոզելու խնդիր չունեի։ Ուրախ եմ, որ շարունակելու եմ պապիկիս ու հայրիկիս գործը։ Գուցե տարօրինակ հնչի, բայց դա նաև մորս երազանքն էր»,-ասում է Անաստասիան։

Այսօր վարժարանի 101 սաներից 11-ը աղջիկներ են։ Ի տարբերություն տղաների, աղջիկները չեն գիշերում վարժարանում։ Շրջաններից երկու սաների կեցության հարցը ներքին կարգով են լուծել․մեկը քրոջ հետ տուն է վարձում, իսկ մյուսին ուսանողական հանրակացարաններից մեկում սենյակ են հատկացրել։

Փոխգնդապետ Վ․Հակոբյանն այսպես է դա բացատրում․«Ներկա դրությամբ նպատակահարմար չեմ գտնում աղջիկներին վարժարանում գիշերակաց ապահովելը։ Հետագայում, երբ ունենանք հարմարավետ շենք ու համապատասխան կենցաղային պայմաններ, այդ ժամանակ արդեն կմտածենք այդ մասին։ Բացի դրանից, երեկոյան ազատ ժամերը հնարավորություն ենք տալիս աղջիկներին հաճախել ինքնազարգացման տարբեր կենտրոններ։ Նրանց մի մասը հաճախում է Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն (տղաները նույնպես հնարավարություն ունեն հաճախել Թումո), ոմանք զբաղվում են սպորտով, երաժշտությամբ և այլն»։

Աղջիկ սաները դրականորեն են ազդել վարժարանի առօրյայի ու տղաների կարգապահության վրա։ Փոխգնդապետի խոսքով՝ նախ և առաջ բարձրացել է տղաների անհատական կուլտուրան։

Տղաներն էլ ժպտալով խոստովանում են․«Ճիշտ է, հիմա մեզ շատ ազատ պահել չենք կարող, միշտ հաշվի ենք առնում, որ կողքներիս աղջիկներ կան։ Իսկ լավն էլ այն է, որ մեզ միշտ կոնֆետ են հյուրասիրում ու օգնում դասերը պատրաստել»։

Ճաշից հետո աղջիկները հանգստի մեկ ժամ ունեն ինքնապատրաստման պարապմունքներից առաջ։ Դրա համար նրանց հատուկ սենյակ է հատկացվել, որն առաջին հայացքից հիշեցնում է իսկական զինվորական զորամասի ննջասենյակ՝ երկհարկանի մահճակալներով՝ ծածկված զինվորական կապույտ վերմակով ու կողքին դրված մոխրագույն փոքրիկ պահարանով։ Հենց այս սենյակում ամեն օր մեկ ժամ աղջիկները զբաղվում են իրենց աղջկական գործերով, որոնք ռազմամարզական վարժարանում այնքան էլ շատ չեն։ Նրանց պարտադիր զբաղմունքներից մեկը միմյանց մազերը հյուսելն է։ Զինվորական համազգեստի հետ դա, թերևս, ամենահարմար սանրվածքն է։ 

Հ․Գ․ Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան վարժարանը գործում է 2001թ.-ից։ Ընդունելությունը վարժարանում կատարվում է  9-րդ դասարանի բազայից։ Ուսման տևողությունը 3 տարի է։ Ուսումնական ծրագիրը նույնն է, ինչ Արցախի մնացած հանրակրթական դպրոցներում։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter