HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Շիրակում» արձանագրվել են վերջին տարիների վատագույն ցուցանիշները (ինֆոգրաֆիկա)

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունն ամփոփել է 2016 թ. Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանների արտադրական ցուցանիշները: Դրանք են թռիչք-վայրէջքները (մեկ թռիչքն ու մեկ վայրէջքը հաշվվում են իբրեւ մեկ հատ), մեկնած ու ժամանած ուղեւորները (թիվը մենք կներկայացնենք ընդհանուր) եւ առաքված ու ներմուծված բեռները (տոննայով, այս թիվը նույնպես կներկայացնենք ընդհանուր):

Այս հրապարակման մեջ կանդրադառնանք միայն «Շիրակ» օդանավակայանին:

2016-ը բարդ տարի էր «Շիրակի» համար: Օդանավակայանում տարին մեկնարկեց 8 թռիչք-վայրէջքով, որոնց աստիճանաբար նվազեցին, մեկ էլ մայիսին է կատարվել 7 թռիչք-վայրէջք: Հունիս-հուլիսին կատարվել է 2-ական, իսկ օգոստոս-սեպտեմբերին ընդհանրապես «Շիրակը» պարապուրդի մեջ էր: Հիշեցնենք, որ «Շիրակի» շուրջ մեծ աժիոտաժ ստեղծվեց այն բանից հետո, երբ ռուսական «Pobeda» բյուջետային ավիաընկերությունը հայտարարեց դեկտեմբերից Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթի բացման եւ 999 ռուբլուց սկսող տոմսերի առկայության մասին: Հոկտեմբերին «Շիրակում» գրանցվել է 7 թռիչք-վայրէջք, իսկ նոյեմբերին՝ 13: Տարվա վերջին ամսում նույնպես եղել է 7:

Այդուհանդերձ, 2016-ը «Շիրակի» համար մնում է բացասական: Ստորեւ ներկայացվող թռիչք-վայրէջքների կորը (ըստ ամիսների) ցույց է տալիս, թե 2014-2015-ին որքան մեծ է եղել տարբերությունը: Այդ տարիներին մեկ ամսում առավելագույնը կատարվել է 24-25 թռիչք-վայրէջք, իսկ այս տարի՝ ընդամենը 13, գրեթե կիսով չափ քիչ:

Flights: Shirak (2014-2016)
Create line charts

Եթե համեմատենք 2014-2016 թթ. ընդհանուր թռիչքները, կտեսնենք, թե որքան են նվազել դրանք 2016-ին: Անցյալ տարի դրանք ընդամենը 54-ն էին, դրանից առաջ՝ 152, 2014-ին՝ 144, իսկ 2013-ին՝ նույնիսկ 221:

Shirak: Flights (2014-2016)
Create pie charts

Թռիչքների նվազելը, բնականաբար, ազդել է բեռնափոխադրման եւ ուղեւորահոսքի վրա: 2016-ին առաքվել ու ներմուծվել է ընդամենը 4,2 տ բեռ (այս թիվը վերաբերում է զուտ բեռնափոխադրմանը, ուղեւորների բեռները հաշվված չեն): Ընդ որում՝ հունվարին ներմուծվել է 0,2 տոննա, իսկ մարտին առաքվել 4 տոննա: Սա է եղել ամբողջը: Բեռնափոխադրման տեսանկյունից հաջող է եղել 2015-ը: Այդ տարվա դեկտեմբերին 30 տ բեռ է տեղափոխվել, իսկ ամբողջ տարում՝ 50,8: Անհաջող տարի էր նաեւ 2014-ը, երբ տեղափոխվել է ոչ ավել, ոչ պակաս 400 կգ բեռ, 2013-ին էլ՝ 4 տոննա:

Ներկայացնում ենք բեռնափոխադրման ծավալներն ըստ ամիսների եւ ընդհանուր՝ տարեկան կտրվածքով:

Cargo (t): Shirak (2014-2016)
Create line charts

Shirak: Cargo (t) (2014-2016)
Create your own infographics

Ուղեւորափոխադրման պատկերը գրեթե նույնն է, ինչ թռիչքների պարագայում՝ 2016-ի ցուցանիշները բավականին զիջում են 2014-2015-ին: Անցյալ տարվա լավագույն արդյունքները գրանցվել են հունվարին, մայիսին եւ նոյեմբեր-դեկտեմբերին, սակայն դրանք էլ հեռու են նախորդ երկու տարիների նույն ամիսների թվերից:

Passengers: Shirak (2014-2016)
Create line charts

Եթե 2016-ին «Շիրակում» ուղեւորահոսքը կազմել է 12.421 մարդ, ապա 2015-ին եղել է դրա եռապատիկը՝ 39.328: 2014-ին ուղեւորների ընդհանուր թիվը 37.857 էր, իսկ 2013-ին՝ 66.534:

Shirak: Passengers (2014-2016)
Create your own infographics

Այսինքն՝ վերջին 4 տարիներին լավագույն ցուցանիշները գրանցվել են 2013-ին (բացառությամբ բեռնափոխադրման), որից հետո իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է 2015-ին, սակայն 2016-ը այս ֆոնին միանգամայն տապալում էր: Միակ լուսավոր կետը «Շիրակի», այսպես կոչված, վերագործարկումն էր: Հիշեցնենք, որ կառավարությունն ու «Շիրակի» կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն որոշել են Գյումրու օդային դարպասները զարգացնել որպես բյուջետային ավիաընկերությունների հանգրվան:     

Հ.Գ. Հաջորդ հոդվածում կներկայացնենք «Զվարթնոցի» ցուցանիշները:

Լուսանկարը՝ Արմեն Գասպարյանի (tankasan.livejournal.com)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter