
ՄՕԿ-ը դոպինգ օգտագործելու համար որակազրկել է Յուրի Վարդանյանի որդուն
Ծանրորդ Նորայր Վարդանյանը՝ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի որդին, Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից որակազրկվել է արգելված խթանիչ օգտագործելու համար:
Սույն հաղորդագրությունը ՄՕԿ կայքը հրապարակել է երկու օր առաջ:
ՄՕԿ-ը կրկնակի ստուգել է 2008 թվականին Պեկինի եւ 2012 թվականին Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցած մարզիկների դոպինգ թեստերի վերստուգում է իրականացրել, ինչի արդյունքում 8 մարզիկներ որակազրկվել են:
Նորայր Վարդանյանը մասնակցել է Լոնդոնի օլիմպիական խաղերին, հանդես գալով 94 կգ քաշային կարգում՝ զբաղեցրել էր 11-րդ հորիզոնականը:
«Լոնդոնցիներից» դոպինգ-թեստի դրական լինելու արդյունքում որակազրկվել են նաեւ ադրբեջանցի ծանրորդ Ինթիղամ Զաիրովն ու թուրք ծանրորդուհի Սիբեք Զիմսեքը: Պեկին-2008-ին մասնակցած չին երեք ծանրորդներ, այն էլ՝ օլիմպիական չեմպիոնի կոչմանն արժանացած, նույնպես որակազրկվել են: Երեքն էլ չինացիներ են՝ Լյու Չունհունը, Ցաո Լեյն ու Չեն Սեսյան:
Նույն պատժին են արժանացել Բելառուս աթլետներ Նադեժդա Օստապչուկն եւ Դարյա Պչելնիկը:
Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Նորայր Վարդանյանը որակազրկվել է Տուրինաբոլ տեսակի արգելված խթանիչ օգտագործելու համար:
«Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պետք է վերանայի 30-րդ օլիմպիական խաղերի արդյունքները, ինչպես նաեւ իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկի միջոցներ՝ հետագա գործողությունների համար: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պետք է ամբողջությամբ ապահովի այս որոշման կատարումը: Սույն որոշումը անհապաղ ենթակա է կատարման»,-Նորայր Վարդանյանի վերաբերյալ որոշման մեջ ձեւակերպել է ՄՕԿ ղեկավարությունը:
Նշենք, որ Նորայր Վարդանյանը ծանր ատլետիկայով զբաղվել սկսել է ԱՄՆ-ում հոր՝ Յուրի Վարդանյանի գլխավորությամբ: 2008 թվականին դարձել է ԱՄՆ չեմպիոն (94 կգ քաշային կարգ): Դա եղել է Նորայրի ամենանշանակալի հաղթանակը:
2009 թվականին Նորայր Վարդանյանը տեղափոխվել է Հայաստան եւ միացել նախ՝ Հայաստանի երիտասարդական, ապա՝ ազգային հավաքականին:
Այդ ընթացքում՝ Յուրի Վարդանյանի որդին որեւէ խոշոր կամ նշանակալի մրցաշարում մրցանակային տեղ չի զբաղեցրել: Թերեւս նրա «խոշորագույն նվաճումներից» մեկը եղել է Համահայկական խաղերում արծաթե մեդալի արժանանալը:
Նրա ցուցանիշները հետեւյալն են՝ 2010 թվականին Լիմասոլում կայացած աշխարհի մինչեւ 23 տարեկանների երիտասարդական առաջնությունում երկամարտի արդյունքներով զբաղեցրել է 5-րդ տեղը, Շենչժենում կայացած Ունիվերսիադայում, 2011 թվականին, թե՛ պոկում, թե՛ հրում վարժություններում 0 է ստացել, իսկ ահա Լոնդոնի օլիմպիական խաղերի արդյունքներով զբաղեցրել 11-րդ տեղը:
Իսկ թե ինչպես է նման ցուցանիշներով շարունակաբար ընդգրկվել ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականում եւ մեր երկիրը օլիմպիական խաղերում ներկայացնելու իրավունք ստացել, այլ հարց է:
Հիշեցնենք, որ 2016 թվականի ամռանը, համաձայն ՄՕԿ-ի որոշման, արգելված խթանիչներ օգտագործելու համար ժամանակավորապես որակազրկվել է նաեւ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը: Նա ժամանակավորապես զրկվել է բոլոր կարգի մրցումներին մասնակցելու իրավունքից:
Գլխավոր լուսանկարը՝ Zimbio.com կայքից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել