Էկզոգեն դեպրեսիա
Նուարդ Վարդանյան
Էկզոգեն դեպրեսիա՝ ախտորոշում, որն ինձ կնքեցին երեկ և այդպիսով հայտնվեցի դարակներից մեկում: Ինձ համար այստեղ նեղ է, բայց այս դարակում ունեմ ընկերներ, բարեկամներ… Միևնույն է՝ նեղ է: Գիտությունը կասի՝ քիմիա, շրջապատը՝ գիժ, ես էլ կասեմ` լավ եմ անում: Լավ, Նուարդ, մի քիչ պատմեմ քեզ իմ մասին:
Ծնվել եմ Երևանում՝ Աբովյան փողոցի բակերից մեկում: Մեծացել և հիմա էլ ապրում եմ էնտեղ: Տունը նույնն է, հարևանները՝ նույնպես, բայց ամեն ինչ ուրիշ է: Մանկությունս՝ պապիկս, բակի խաղերը, «ձեռքերի» այգին և Կրուպսկայան՝ այժմյան Նիկոլ Աղբալյանի դպրոցը: Խաղում էի, մազերս չէի թողնում սանրել, որովհետև խճճվում էին: Պապիկիս ձեռքը բռնած իջնում էի Տերյանով՝ դպրոց, բոլորը ծանոթ էին փողոցում: Խաղում էի բակում անվերջ, առանց հոգնելու: Հայրիկիս ու մայրիկիս լավ չեմ հիշում, որովհետև զբաղված էին Երևանով, Հայաստանով, պատերազմով, Ղարաբաղյան շարժումով:
Հետո էլ դպրոցս փոխեցի, գնացի Շիրակացու կրթօջախ: Լավ է հնչում, սակայն բոլորն անծանոթ էին: Առաջին անգամ լսեցի բարբառ: Մեր դասարանում կային Աբովյան քաղաքից երեխաներ: Ես ընկերացել, խաղ էի անում, իսկ նրանք դանդաղ Աբովյան քաղաքից իջնում էին Աբովյան փողոց՝ գրավելով իմ տարածքները, փողոցները, բակերը, գաղափարները: Այժմ ես քայլում եմ Տերյանով կրկին, փողոցը նույնն է, դպրոցս կա, բայց բոլորն անծանոթ են, լեզուն էլ իմը չի:
Օտար եմ դարձել իմ քաղաքում, իմ սիրելի Երևանում: Առաջին անգամ այս զգացողությունը երբ ունեցա, ձեռքերս բռունցք արեցի, պայքարեցի: Պայքարում էի երկար: Այդ ժամանակ մի քանի հոգի կողքիս էին, շուրջբոլորը` կենդանիներ: Հետո կամաց-կամաց կողքիններիս դեմքերը մազակալեցին, ձեռքերը դարձան թաթեր ու նրանք վերածվեցին կենդանիների, որոնք այլևս չէին հասկանում իմ լեզուն: Հիմա կենդանին ես եմ, շուրջբոլորս` մարդիկ, և ես այլևս չեմ հասկանում նրանց լեզուն: Ձեռքերս իջեցրել եմ, բռունցքներս բացել, և միակ բանը, որ երազում եմ, գոնե կենդանիներից շունը լինեմ, այլ ոչ թե բորենին: Չեմ կարող և չեմ ուզում դառնալ ձեզանից մեկը: Միայն թե մի մտավախություն ունեմ. չհնազանդվեմ ու չկապվեմ ձեզ, որովհետև ես շուն եմ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել