Չնայած անբավարար ջերմաստիճանին, Գառնիի դպրոցներում դասերն ընթանում են սովորական ռեժիմով
Մետաքսե Պետրոսյան
Հանրապետությունում եղանակային խիստ ցածր ջերմաստիճանով պայմանավորված` Կրթության եւ գիտության նախարարությունը ուսումնական գործընթացը սկսելու նախօրյակին շրջաբերական էր ուղարկել հանրապետության դպրոցներին (հատկապես գյուղական). որտեղ չի ապահովվում նվազագույն +18C-ը՝ անցնել 30 րոպեանոց դասաժամերի եւ դասերը սկսել սովորականից մեկ ժամ ուշ։ Նախարարությունը միաժամանակ տեղեկացնում էր, որ հետեւողական է լինելու հրամանի գործադրման հարցում։
Գառնիի երկու հիմնական դպրոցներում արդեն մեկ շաբաթ դասերն անցկացվել են սահմանված նորմատիվների խախտումով։
Գառնիի թիվ 1 հիմնական դպրոցի տարրական կրթության մասնաշենքի դասասենյակներում երեկ ջերմաչափերն արձանագրում էին +10C-11C աստիճան, իսկ մեկ-երկու արեւկող սենյակներում` առավելագույնը +13 C, միայն մեկ դասասենյակում էր +15C, երբ արդեն կեսօրին մոտ էր, ժամը 12:45-ի սահմաններում։
Դասերը վերսկսվելու առաջին օրերին, առավոտյան ժամերին այս դպրոցում գրանցվել է +6C-8C, երեկ առավոտյան՝ +8,6C,-9C աստիճան էր։ Նշենք, որ այս շաբաթ դպրոցում դասերն անցկացվել են սովորական ռեժիմով՝ առավոտյան 9:00-ին եւ 45 րոպեանոց դասաժամերով։ Աշակերտների զգալի մասը դպրոց հասնելու համար տնից պետք է դուրս գա 30-40 րոպե շուտ, որպեսզի նշված ժամին դպրոցում լինի, իսկ այս օրերին Գառնիում, երբ համեմատաբար մեղմացել են ցրտերը, այդ ժամերին - 9C-10C աստիճան է գրանցվում։
Բացակայող աշակերտների թվի ու պատճառների վերաբերյալ ուսուցիչները դժվարանում էին հստակ պարզաբանում տալ։ Նրանց ասելով՝ հիվանդներ կան, նրանք տարեսկզբից դպրոց չեն հաճախել: Նաեւ նշեցին, որ շաբաթվա սկզբում, երբ դասերը վերսկսվեցին հաճախումներն ավելի լավ էին, վեջին երկու օրվա ընթացքում կտրուկ ավելացել է բացակայողների թիվը։

Ակնհայտ է, որ անցյալ տարվա վերջին հանրապետություն ներթափանցած շնչառական վարակը, որը չշրջանցեց գրեթե ոչ մի ընտանիք, ծնողներին սնտիպում է երեխաներին չուղարկել դպրոց, հազիվ առողջացած, բայց դեռեւս վերջնականապես չկազդուրված երեխաների կրկին հիվանդանալու մտահոգությունից ելնելով։
Թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Ա· Մարգարյանը պարզաբանեց՝ քանի որ դպրոցը կենտրոնական ջեռուցում ունի շաբաթվա ընթացքում փորձել է ջերմաստիճանը հասցնել նվազագույն +18C-ի, սակայն դա չի հաջողվել ոչ պատուհաններին ցելոֆաններ փակցնելով, ոչ էլ կաթսան առավելագույն ջերմաստիճանով գործարկելով։ «Երեկ դիմել եմ Կոտայքի մարզային կրթության վարչություն այս հարցով եւ այսօր ինձ պատասխանեցին, որ երկուշաբթի օրվանից կարող ենք անցնել ԿԳ նախարարության հրահանգած ռեժիմին՝ դասերը սկսել մեկ ժամ ուշ եւ 30 րոպե տեւողությամբ»,- մեկնաբանեց տնօրենը։
Գառնի բանավանի հիմնական դպրոցի միջանցքներում ցրտաշունչ ձմեռ է։ Շենքը չունի կենտրոնացված ջեռուցում, դասասենյակները տաքացվում են էլեկտրական վառարաններով։ Մեր այցելության պահին ուսուցչանոցում եւ եւս երկու դասասենյակներում ջերմաչափերն արձանագրում էին առավելագույնը +9C-13C։ Մյուսներում ջերմաչափեր չկային։ Ուսումնական գծով փոխտնօրեն Տիգրան Ստեփանյանի ասելով՝ օրվա ընթացքում կարողանում են դասասենյակներում ջերմաստիճանը հասցնել +17C-18C աստիճան (մենք դպրոցում էինք ժամը՝ 14:10-ի սահմաններում)։ Առկա ցածր ջերմաստիճանը նա պայմանավորեց արդեն դասերի ավարտի հետ վառարաններն անջատելով։
Մեր հարցին, թե տեղյակ են ԿԳ նախարարության շրջաբերականին, վերջինս պատասխանեց, որ տեղյակ են, բայց քանի որ իրենց դասասենյակներում ջերմաստիճանը նորմային մոտ է, իրենք աշխատում են եւ կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով՝ 45 րոպե տեւողությամբ դասաժամով։
Գառնիի 3 դպրոցներից միայն Ատոմ Աբրահամյանի անվան ավագ դպրոցում էր, որ ջերմաստիճանը նորմատիվային +18-ից բարձր էր։ Դպրոցը բարեկարգ վիճակում է, ունի կենտրոնական ջեռուցում, հերմետիկ պատուհաններ ու դռներ։ Շենք մտնելու պահին իսկ ջերմության շունչը հաճելիորեն հակազդում էր դրսի սառնաշունչ օդին։ Ուսումնական գծով փոխտօրեն Մուշեղ Ղազարյանի ասելով՝ ջերմության հետ կապված խնդիրներ դպրոցը չունի եւ դեկտեմբեր ամսին էլ իրենց աշակերտների մոտ հիվանդացության բարձր ցուցանիշ չի գրանցվել։ Ներկայումս դասերն ընթանում են նորմալ ընթացքով։
Անհասկանալի է մնում կրթության պատասխանատուների սովորական գործընթացից չշեղվելու այս օրինակ նախանձախնդրությունը, երբ հազիվ է նահանջել հանրապետությունում տարածված շնչառական վարակը, երբ կա ԿԳՆ հրամանը՝ աշխատանքը կազմակերպել իրավիճակին համապատասխան։ Ո՞ւմ շահերից է բխում այս չտրամաբանված համառությունը՝ կրթությա՞ն, երեխաների առողջությա՞ն, թե՞ օրենք շրջանցելը մեզանում արդեն սովորույթի ուժ ունի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել