HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չկալովում փորձում են վերացնել արձանագրված խախտումները

Գայանե Սարգսյան

2016թ. երրորդ եռամսյակում Լոռու մարզպետարանի վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովը մարզի Չկալով համայնքում իրականացրած ստուգման ընթացքում մի շարք խախտումներ է արձանագրել: Համայնքի ավագանին չի պահպանել օրենքով սահմանված գործառույթների մի մասը: Մասնավորապես` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, ըստ որի` ավագանու նիստերը պետք է անցկացվեն ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ:

«Մի անգամ է եղել, որ երկու ամիսն անցել է, դրա համար նույնիսկ քարտուղարը գրավոր նկատողություն է ստացել»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեց համայնքապետ Ռոման Շաքարյանը, ապա դիմեց կողքին գտնվող աշխատակազմի քարտուղարին՝ բաց թողնված ժամկետը ճշտելու համար: Վերջինիս հուշումից հետո համայնքապետը շտկեց՝ չէ, երկամսյա ժամկետը չենք խախտել, նկատողությունն էլ այլ բացթողման համար է եղել:

Համայնքային իշխանությունները չեն պահպանել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12- րդ հոդվածի պահանջը, ըստ որի` համայնքի ղեկավարը պարտավոր էր ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ  հրապարակել տեղեկություն՝ ավագանու նիստի ժամանակի, վայրի և օրակարգի վերաբերյալ:

 Արձանագրված այս խախտման վերաբերյալ համայնքապետի տեսակետը միանշանակ չէ: Վերջինս նախ նշում է՝ շտկումներն արդեն արել ենք, արդեն սահմանված կարգով ենք անում: Ճշգրտող հարցին՝ մինչև հիմա չէի՞ք հրապարակում ոչ մի տեղ, պատասխանում է. «Միշտ էլ հրապարակվել է: Դե, եթե արձանագրությունում եղել է, ուրեմն մի անգամ ինչ-որ բացթողում է եղել, էլի»:

Ապա կասկածանքով հարցնում է՝ կարո՞ղ է դուք մերը չեք նայում, որովհետև ես մի քիչ անակնկալի եմ գալիս, էլի:

Հավաստիացնում եմ, որ ձեռքիս տակ հենց Չկալովին վերաբերող փաստաթղթերն են:Ռ. Շաքարյանը նախընտրում է հեռախոսը փոխանցել աշխատակազմի քարտուղարին` դա հիմնավորելով այսպես՝ ինքն ա գրողը, ինքն ավելի համոզված կասի:

Աշխատակազմի քարտուղարը Անի Ավետիքյանն է: Վերջինս ևս բացառում է ավագանու նիստերի անցկացման երկամսյա ժամկետի խախտումը:

«Երկու ամիսը չի խախտվել, ուղղակի փաստաթղթերն են ուշ առաքվել մարզպետարան, որի համար նկատողություն ենք ստացել»,- պնդում է  աշխատակազմի քարտուղարը:

Ինչ վերաբերում է ավագանու նիստի մասին հրապարակային տեղեկացմանը, նշում է. «Հիմա արդեն տեղեկացնում ենք, ավագանու նիստից յոթ օր առաջ ավագանուն տեղյակ ենք պահում, որ նիստը պետք է կայանա»:

Նկատում եմ, որ տեղյակ պետք է պահել ոչ միայն ավագանու անդամներին, այլ նաև բնակիչներին:

«Պլակատների ցուցանակ ունենք գյուղապետարանում, որտեղ կախվում է ավագանու նիստի օրակարգը»,- ասում է աշխատակազմի քարտուղարը:

Համայնքում չի պահպանվել նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետի, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 26- րդ կետի պահանջները, ըստ որի` համայնքի ավագանին պետք է ընդուներ համապատասխան որոշումներ համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, դրանց փոփոխությունները, ինչպես նաև նախագծման առաջադրանքները «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաստատելու վերաբերյալ:

Խախտվել է նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1.1- կետի պահանջը` համաձայն որի համայնքի ղեկավարը անհատական ակտեր ընդունելուց հետո պարտավոր է երկօրյա ժամկետում այն ուղարկել համայնքի ավագանու անդամներին և փակցնել համայնքի ավագանու նստավայրում` բոլորի համար տեսանելի տեղում:

 Համայնքի տեղական ինքնակառավարմանն առնչվող և  կարևորագույն այլ հարցերի առնչությամբ (համայնքի տարեկան բյուջե, համայնքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում համայնքի ավագանու և ղեկավարի որոշումներ, համայնքի գլխավոր հատակագիծ, քաղաքաշինական, բնապահպանական հարցեր) հանրային լսումներ ու քննարկումներ ոչ միշտ են անցկացվել, ինչի արդյունքում չի պահպանվել ՏԻՄՏ օրենքի 33.1-րդ հոդվածի, 1-ին մասի 3-րդ կետի պահանջը:

«2017թ. բյուջեի հանրային քննարկումն արել ենք,- ասում է աշխատակազմի քարտուղարը, ապա վստահեցնում,- մինչև հիմա էլ ենք անցկացրել, ուղղակի թուղթը չի պահպանվել որպես փաստաթուղթ: Այսինքն՝ բնակիչների հետ քննարկում եղել է, բայց փաստաթուղթ չենք պահպանել»:

Հարցին՝ ինչպե՞ս են իրազեկել բնակիչներին հանրային քննարկման մասին, Ա. Ավետիքյանը պատասխանում է՝ գյուղամիջում հավաքված են եղել, ասել ենք, ում հետաքրքրել է, եկել է, ում չէ՝ չէ:

Վերջինիս խոսքով` բնակիչների մասնակցությունն անցկացված հանրային քննարկումներին սահմանափակվել է ֆիզիկական ներկայություն ապահովելով, նրանք երբևէ հանդես չեն եկել որևէ հարցով ու առաջարկով: Մասնակիցների առավելագույն թիվն էլ եղել է 10-15 բնակիչ:

Չկալովում բացթողումներ են արձանագրվել նաև համայնքի ղեկավարի կողմից հաստատված ֆինանսական փաստաթղթերում: Որոշ դեպքերում գնված ապրանքանյութական արժեքների ծախսերը հիմնավորող փաստաթղթերը լրացված են եղել թերություններով:

Չի պահպանվել ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2335-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի պահանջը, համաձայն որի` գործուղվող աշխատողին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է գործուղում մեկնելուց առնվազն մեկ օր առաջ:

 Համայնքի ղեկավարը չի պահպանել նաև Գնումների մասին օրենքի դրույթները, ըստ որի` մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը համայնքի ղեկավարը հաստատում է գնումների պլանը և յոթ աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով հրապարակում է www.gnumner.am կայքում:

Վարչական հսկողության իրականացումից հետո հայտնաբերված խախտումները ներկայացվել են համայնքի ավագանու նիստի ընթացքում, որից հետո ավագանին դիմել է համայնքի ղեկավարին՝ արձանագրված թերություններն ու բացթողումները վերացնելու և ավելի ուշ՝ Լոռու մարզպետին ու համայնքի ավագանուն ձեռնարկված քայլերի մասին տեղեկացնելու համար:

«Աշխատում ենք ակտի բոլոր խախտումները ճշտելով գնանք»,- զրույցի ավարտին վստահեցնում է աշխատակազմի քարտուղարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter