
Ամանորն ու Սուրբ Ծնունդը բանտում
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
21-րդ Նոր Տարին դիմավորեցի բանտում
Այստեղ ոմանք այս կամ այլ կերպ փորձում են տոնական տրամադրություն ստեղծել, ոմանք էլ քնում են, որ եկող տարին քնի մեջ դիմավորեն`չտեսնեն բանտի պատերը: Ամեն դեպքում, բոլոր բանտարկյալներն էլ մտքով ու հոգով տեղափոխվում են իրենց օջախներ`հարազատ մարդկանց հետ դիմավորելու համար:
Տարիներ առաջ մի խցակից կար: Մի անգամ նա որոշեց Նոր Տարին դիմավորել առանց լողանալու, առանց սափրվելու և հոնքերը կիտած… ու մեկնաբանեց իր տարօրինակ որոշումը.
-Ամեն տարի լողանում եմ, սափրվում, խուցը կարգի բերում, ուրախ տրամադրություն, բայց ինչ օգուտ`մեկ ա մնում ենք բանտում: Էս անգամ հակառակն եմ անում, կարող ա լավ ստացվի`ազատվեմ…
Յուրօրինակ բանտարկյալ էր (այլևս չկա)... հարգում էր ինտելիգենցիայի ներկայացուցիչներին, սակայն ինքը ողջ կյանքն ապրել էր քրեական աշխարհի սկզբունքներով: Տնից ստացած նկարները ոչ մեկին ցույց չէր տալիս, բայց մի անգամ որոշեց խախտել իր սկզբունքը: Շատ զարմացա. նկարներից նայող մարդու միայն աչքերն էին իրեն նման: Նկարներում կերած-խմած տղամարդ էր (իսկ խցում ծայրաստիճան նիհար էր) և ամեն տեղ կոստյումով ու փողկապով, իսկ կողքին կանգնած կամ նստած մարդիկ մեր հասարակությանը այս կամ այլ կերպ հայտնի մարդիկ, նաև` ԱԺ պատգամավորներ…
Ես, թեկուզև 21-րդը, բայց սափրվեցի, սեղանին դրեցի ձեռքով պատրաստած գեղեցիկ տոնածառը, սպիտակ և կարմիր մոմեր վառեցի, երկնագույն արկղի մարդկանց անջատեցի, փոխարենը հաճելի երաժշտություն միացրեցի և մայրիկիս պատրաստած հոնի հյութով կենաց-աղոթք արեցի… հեռվից լսվում էին հրավառության ձայները:
Առաջ շատերը մոտենում էին երկաթե ծանր դռներին և բարձր իրար շնորհավորում, բայց վերջին տարիներին լռություն է… այս անգամ լռությունը խախտվեց:
-ВМ , տարիներդ շնորհավոր, ազատություն լինի (ВМ - высшая мера, պատժի առավելագույն չափ, այսպես են այստեղ կոչում ցմահների բաժինը), - բարձր գոռում է մի բանտարկյալ:
Լռություն է, ոչ ոք չի արձագանքում: Ձայնը անծանոթ էր, հեռվի խցերից էր գալիս: Մոտեցա դռանը, գոռացի.
-Ապրե՛ս, քոնն էլ շնորհավոր, ազատությո՛ւն:
-Ազատություուուուն, - լսվեց ի պատասխան:
Որոշ ժամանակ անց, դռան վրայի վոլչոկը բացվեց և բանտի աշխատակիցները մոտեցան`շնորհավորեցինք իրար:
... Կարծեմ՝ գրել եմ, որ զբոսանքի խցերի վերևը ծածկել են տանիքով, ու այլևս երկինքը գրեթե չենք տեսնում, ոտքերի տակ ձյուն չի նստում: Երևի դա է պատճառը՝ վերջերս հաճախ է լինում, որ միայն ես կամ առավելագույնը մի 5-7 դատապարտյալ է գնում զբոսանքի: Այս անգամ, երբ զբոսանքից վերադարձա, տեսա, որ տեր Գրիգորի գլխավորությամբ ևս երեք եկեղեցականներ հերթով սկսեցին մտնել խցերը: Ահա և մեր խցի դուռն է բացվում:
-Քրիստոս ծնավ և հայտնեցավ:
-Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, - պատասխանում եմ ես:
Աղոթք ենք անում միասին, հետո տեր Գրիգորը Աստվածաշնչից տոնին համապատասխան հատվածներ է ընթերցում`կատարվում է արարողությունը. սեղանին են դնում աղ, հաց և շոկոլադի սալիկ, որոնք օրհնվում են:
Ամիսներ առաջ մի հաղորդում տեսա, նվիրված էր հենց Տեր Գրիգորին: Այսքան շփվել եմ նրա հետ, բայց չգիտեի, որ հայր Գրիգորը երկու երեխա է որդեգրել, որոնք հաշմանդամություն ունեն: Ազդվեցի, երբ լսեցի, թե ինչպես է իր որոշումը հիմնավորել նա. մյուս երեխաներին մանկատնից միգուցե տանողներ լինեն, իսկ երկուսը, առավել, քան դրա կարիքը ունեն:
... Տարին սկսվեց, և թող այն խաղաղության և Աստծո կամքով հաջողությունների տարի լինի:
Շնորհակալ եմ «Հետք»-ին` Ձեզ հետ այս կերպ շփվելու հնարավորությունան ինձ տալու համար: Պատրաստվում եմ նոր բանտային նամակներ, հարցազրույցներ ուղարկել ազատություն: Բացի այդ, այս տարի նորից վիճարկելու եմ մահապատժի դատավճիռը, քրեական գործի վերանայման խնդրանքով դարձյալ դիմելու ենք դատարան:
Հուսով եմ`այս տարին բեկումնային կլինի իմ ճակատագրում…
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել