HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մտահոգված են հեռուստասերիալներում ցուցադրվող բռնություններով

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, հետամուտ լինելով ընտանեկան բռնության դեպքերի նվազեցման և ընտանեկան բռնության մասին մտածողության փոփոխության իր առաքելությանը, սույն գրությամբ ցանկանում է իր լուրջ մտահոգությունն արտահայտել ՀՀ հեռուստաալիքներով շրջանառվող հեռուստասերիալների հանդեպ:

Հայտնի է, որ հեռուստատեսությունը ազդեցության ամենահզոր գործիքներից է: Ավելին, հեռուստատեսությունը ներկայումս համարվում է նաև նոր սերնդին դաստիարակող գործոն: Հաշվի առնելով այն փաստը, որ հեռուստատեսությունով շրջանառվող սերիալներն ունեն բավականին մեծ լսարան, իսկ այդ սերիալները դիտողներից շատերը ցանկանում են նմանվել այս կամ այն հերոսին, պահի հրամայական է դարձել անդրադառնալ դրանց բովանդակությանն ու սին գաղափարախոսությանը:

Ներկայիս հեռուստասերիալները ողողված են բռնություններով, բռնությունը քարոզող դրվագներով ու արտահայտություններով, և բռնության այդ դրսևորումները հիմնականում կիրառվում են կանանց և աղջիկների հանդեպ: Գրեթե բոլոր սերիալներում կնոջ իրավունքները ոտնահարված են, հայ կնոջ կերպարը` ծայրահեղ ցածրացած: Կնոջը ծեծելը, հրապարակայնորեն նվաստացնելը և հայհոյելը դարձել են հայկական հեռուստասերիալների անբաժան ուղեկիցը` դիտող ընտանիքների ներսում նույնատիպ պահվածքը և վարվելակերպը դարձնելով սովորական, չդատապարտվող երևույթ:

Հաշվի առնելով վերոնշյալը` «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է անում բոլոր հեռուստաընկերություններին և պատկան մարմիններին լուրջ մոտենալ խնդրին և ձեռնարկել համապատասխան քայլեր հեռուստասերիալներում տեղ գտած բռնության երևույթների վերացման ուղղությամբ:

Այս մտավախության մասին կոալիցիան տեղեկացրել է պաշտոնական նամակով Հեռուստատեսության և Ռադիոյի Ազգային հանձնաժողովին, որի Լիցենզավորման և մեթոդական վարչության իրավաբանական և լիցենզավորման բաժնի պետից պատասխան է ստացել, որ «2010թ. հունիս 28-ին ուժի մեջ է մտել «Հեռուստատեսությանև ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 22-րդ հոդվածի համաձայն` էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանվում են օրենքով: Համապատասխան օրենքը դեռևս չի ընդունվել, և այդ օրենքը ընդունելուց և ուժի մեջ մտնելուց հետո միայն Հանձնաժողովի կիրականացնի իր վերահսկողական գործառույթները»:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter