HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Պաշտոնի համը. գործող գյուղապետերը կփորձեն վերընտրվել

Մինչեւ առաջիկա համապետական ընտրությունները, 2017 թվականի առաջին եռամսյակում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ, Արարատի մարզի Նոյակերտ, Արմավիրի մարզի Վարդանաշեն, Կոտայքի մարզի Նուռնուս, Շիրակի մարզի Ախուրի համայնքներում գյուղապետ կընտրեն: Ավագանու ընտրություններ են նշանակված Գեղարքունիքի մարզի Արծվանիստ, Դարանակ եւ Սեմյոնովկա գյուղերում:

Ով՝ ում դեմ

Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղում ՀՅԴ-ն առաջադրել է գործող գյուղապետ Արտաշես Սաֆարյանի թեկնածությունը: Եվս երկու թեկնածուներ են առաջադրվել՝ անկուսակցականներ Գրիշա Գրիգորյանն ու Վարդգես Խաչատրյանը: Նրանք մշտական զբաղվածություն չունեն, որեւէ կազմակերպությունում չեն աշխատում:

Արտաշես Սաֆարյանն ավարտել է ԵրՊԻ տրանսպորտի ֆակուլտետը: Նրա պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ 1992-1994 թվականներին Շուշիի առանձնակի գումարտակի կազմում մասնակցել է Արցախյան ազատամարտին: 2007թ. ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության մեդալով», իսկ 2010-ին ՀՀ ՊՆ կողմից ստացել է պատերազմի մասնակցի կարգավիճակ:

2008-2012 թվականներին եղել է Վերին Բազմաբերդի գյուղապետը, իսկ 2013-ին վերընտրվել է այդ պաշտոնում:

Արարատի մարզի Նոյակերտ համայնքի ղեկավարի երկու թեկնածուներից մեկը գործող գյուղապետն է: ՀՀԿ-ական Հովհաննես Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2012 թվականին: Մինչ այդ, 8 տարի եղել է Նոյակերտի գյուղապետի տեղակալը: Նա մասնագիտությամբ վիաճակագրագետ է:

Հարությունյանի մրցակիցը անկուսակցական Էդվարդ Սարգսյանն է:

Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում առաջադրվել են ՀՀԿ-ական գյուղապետ Արթուր Մանուկյանը, որը համայնքը ղեկավարում է 2009 թվականից, եւ գյուղի ակումբի վարիչ, անկուսակցական Սարգիս Բարսեղյանը:

Գյուղապետին առաջադրել է հարազատ կուսակցությունը, իսկ անկուսակցական Բարսեղյանը հանդես է եկել ինքնառաջադրմամբ:

Կոտայքի մարզի Նուռնուսի գյուղապետ Մնացական Գրիգորյանը նույնպես պաշտոնավարում է 2009 թվականից եւ նույնպես ցանկանում է վերընտրվել:

Գրիգորյանից բացի, փետրվարի 12-ի ընտրություններում առաջադրվել են նաեւ անկուսակցական թեկնածուներ Ֆրունզիկ Անտոնյանն եւ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Աբովյանի սպասարկման գրասենյակի օպերատոր Աստղիկ Մկրտչյանը:

Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում նույնպես գործող գյուղապետն առաջադրվել է: Հանրապետական գյուղապետ Վարդիթեր Գասպարյանը երկու մրցակից ունի՝ Ախուրիկի ՀՀԿ-ական անասնաբույժ Հայկ Մովսիսյանը եւ անկուսակցական Հովհաննես Պողոսյանը:

Ով ինչ է արել

Որոշ համայնքների ղեկավարներ եւ ավագանիներ կայացրել են հետաքրքիր ու զավեշտալի, ինչու չէ` նաեւ կասկածելի որոշումներ:

Վերին Բազմաբերդը փոքր գյուղ է, մոտ 400 բնակիչ ունի: Գյուղապետի աշխատավարձը 165 հազար դրամ է: Արագածոտնի մարզպետարանի տվյալներով՝ Վերին Բազմաբերդի գյուղապետն ընդամենը մի քանի որոշում է կայացրել, որոնցից մեկը գյուղի մշակույթի տնից գույք դուրսգրելու մասին է: Արտաշես Սաֆարյանի որոշմամբ՝ համայնքի բալանսից դուրս են գրվել մշակույթի տան նատյուրմորտ ստենդը, բեմի առաջին վարագույրը, «բեմի հետեւի նկարը» եւ… կուլիսները:

Համայնքի ավագանին էլ, օրինակ, 2016 թվականի մայիսի 12-ին դիմել է Վերջին օրերի սրբերի եկեղեցուն՝ համայնքի խմելաջրի արտաքին ջրագիծը փոխելու խնդրանքով:

Համայնքը 2015 թվականին 100 տոկոսով կատարել է պարգեւատրումների պլանը եւ ամբողջությամբ ծախսել պարգեւատրումների 570 հազար դրամի ֆոնդը:

Նոյակերտի ավագանին դեկտեմբերի 10-ին հաստատել է 2017 թվականի դրույքաչափերն ու աշխատավարձերը: Հաստիքացուցակում կարդում ենք, որ մանկապարտեզում, բացի տնտեսվարի հաստիքը, կա նաեւ «օժանդակ բանվորի» հաստիք՝ 120 հազար դրամ աշխատավարձով:

Ընդ որում՝ մանկապարտեզի տնօրենի աշխատավարձը 139 հազար դրամ է:

Նուռնուսի գյուղապետի որոշումները Կոտայքի մարզպետարանի կայքից բացակայում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter