
Հայերը անտառ չեն սիրում, ծառ չեն սիրում, քար ու բետոն են սիրում
Էդիկ Բաղդասարյան
Վիկտորիա Աբրահամյան
«Ես չեմ տալու իմ հողը, ես «կիսլատան» կլցնեմ նրա վրա, որ գա»,-ասում է Բաբայանի փողոցի այգում 37 տարի պահակ աշխատած Սերգեյ Ավետիսյանը: 1996 թ-ին, երբ Երեւանի Բաբայան-Ազտություն խաչմերուկի անտառ-պուրակում սկսեցին կտրել ծառերը Սերգեյ Ավետիսյանը սրտի կաթված ստացավ: 1963թ-ից այգու յուրաքանչյուր ծառ խնամել է իր ձեռքերով: Այգու մասին խոսելիս նրա աչքերը միանգամից լցվում են. «Սրանք Խանջյանի տնկած ծառերն էին: Ծառ կար, որ 4 մարդ կանգներ չէր կարող գրկել: Բոլորը կտրեցին տարան: Մինչեւ Դեմիրճյանի օրոք այստեղ ծառեր էին տնկել: Բրեժնեւն ու Դեմիրճյանը եկան էստեղ ծառեր տնկեցին: Մեր երեխեքը Բրեժնեւինը պոկեցին, իսկ Դեմիրճյանինը թողեցին»:
1969թ-ին Սերգեյ Ավետիսյանի տան հարեւանությամբ, Արաբկիր 29 փողոցում նրան 1600 քառ. մետր հողամաս են տրամադրել՝ ժամանակավոր օգտագործման համար: Մինչեւ 2002թ հողի օգտագործման համար վճարել է բոլոր հարկերը: Սերգեյ պապիկը այստեղ տնկել է 70 պտղատու ծառ: Նա կնոջ հետ ամբողջ օրն այգում է, խնամում է ծառերը, աճեցնում լոլիկ, վարունգ, կաղամբ: Երկու տարի առաջ պարզվել է, որ նրա այգին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշմամբ հատկացվել է «Հրաչյա Աճառյան համալսարանին»: Այդ համալսարանի ռեկտորը ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի հայրն է: Նա ամեն ինչ անում է, որպեսզի Արաբկիր 29 փողոցի բանկիչները մշակած այգիները հանձնեն իրեն: Պարոն Խաչատրյանը գործարքի մեջ է մտել այստեղի բնակիչների հետ: Եւ բացի Սերգեյ Ավետիսյանից բոլոր բնակիչները համագործակցել են նրա հետ: Մեկի աղջկան խոստացել է իր համալսարանում առանց վարձի ուսում տալ, մի ծեր կնոջ ամուսնու գերեզմանքարի համար տվել է 100 հազար դրամ, երրորդին տվել է 300 դոլար եւ այլն: Դժվար է ասել, կհաջողվի Սերգեյ Ավետիսյանին փրկել գոնե իր այգին: Նա պատրաստվում է դատարանի միջոցով չեղյալ համարել քաղաքապետի որոշումը: Ինչ վերաբերում է Բաբայան-Ազատություն խաչմերուկի անտառ-պուրակին, ապա քաղաքապետարանն այն ոչնչացնելու հստակ քաղաքականություն է իրականացում: Այգու ծառերը հատել եւ իրենց առանձնատներն են կառուցել գեներալներ, քաղաքական գործիչներ, նախկին եւ ներկա պաշտոնյաներ:
Երեւանի կանաչապատման տրեստի աշխատակից Աղվան Ներսիսյանը պատմում է, որ ամեն օր ջրում է Ազատության պողոտայի մայթի ծառերը: Իսկ այգու ծառերը իրեն արգելել են ջրել: «Չեն թողնում ջրել, որ չորանան»,- եզրակացնում է Ա.Ներսիսյանը:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ «Հաղթանակ» զբոսայգում հող հատկացվեց եւ այսօր ծառերի հատումից հետո այգու այդ հատվածում հայտնվել է «Գոլդն Պալաս» հյուրանոցային համալիրը: Սրա սեփականտերերի մեջ նույնպես կան բարձրաստիճան պաշտոնյաներ են: Պետական մարմինները Երեւանի կանաչ տարածքների վրա սկսել են աննախադեպ գրոհ՝ կարծես թե նպատակ է դրվել Երեւանում վերացնել կանաչ զանգվածը: Եւ կարելի է ասել, նրանց համարյա հաջողվել է: Արդեն մի քանի ամիս է չի ջրվում Նախագահի նստավայրի եւ Աժ շենքի հարեւանությամբ գտնվող Պուշկինի անվան այգու ծառերը:
«Եթե իրենց աչքի դեմն էսենց վիճակ է, պատկերացնում եմ, թե ինչ է կատարվում մյուս այգիներում: Աշխատակազմից գոնե օրը մեկ-երկու մարդ մտնում է: Տեսնում են, որեւէ բանի տեղ չեն դնում»,- ասում է այգու նստարանին նստած մի ծերունի:
Ակտիվ շինարարական աշխատանքներ են կատարվում նաեւ օղակաձեւ զբոսայգու տարածքում: Իհարկե, քաղաքի այս հատվածը սրճարանների «շքերթի» պատճառով այլեւս այգի անվանել չենք կարող:
«Չեմ հասկանում, ժողովուրդը ցնդել է»,- ասում է այգին խնամող, քաղաքապետարանի կանաչապատման ծառայության աշխատակիցը: Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը Երեւանի գլխավոր հատակագիծը նախագծել է 250 հազար բնակչության համար՝ նախանշելով զարգացման սահմանը 400 հազար, սակայն մեկ միլիոնանոց Երեւանի կանաչ տարածքներն ավելանալու փոխարեն սարսափելի արագությամբ նվազում են: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 1928-1988թթ-ի ընթացքում կատարված ծառատնկման աշխատանքների արդյունքում 1990 թվականին Երեւան քաղաքն ուներ 1930 հա ընդհանուր ծառածածկ: Կանաչապատ տարածքները կազմում էին 11,4 տոկոս: 1990-1995թթ էներգետիկ ճգնաժամի ընթացքում Երեւանում հատվեց 470 հա ծառածածկ: Արդեն 1995թ.-ին քաղաքի ընդհանուր մակերեսը կազմում էր 20 հազար հա , որից ծառածածկը` 1460 հա: Կանաչապատման աստիճանը 11,4 տոկոսից նվազեց մինչեւ 7,3 տոկոս:
Էներգետիկ ճգնաժամը հաղթահարելուց հետո, Երեւան քաղաքում ծառահատումները չնվազեցին, ճիշտ հակառակը՝ 1995-2000թ-ն ընկած ժամանակահատվածում հատվեց եւս 700 հա ծառածածկ՝ առեւտրաշինարարական կառուցապատման նպատակով: Արդեն 1998թ-ին, էներգետիկ ճգնաժամից փրկված 1460 հեկտար ծառածածակից մնացել էր 760 հա-ը, իսկ կանաչապատման աստիճանը հասել էր 3,4 տոկոսի: Այսօր էլ քաղաքապետարանը կանաչ տարածքներում շարունակում է կատարել հողհատկացումներ:
«Փաստորեն, այսօր մեր քաղաքը կանաչ գոտի չունի, այն հատուկենտ ծառուտներն այգիներում անզոր են ազդել քաղաքի կենսագործունեության վրա: Կանաչ տարածքներն այգիներում պետք է կազմեն 75-80 տոկոս, ծառուղիներն ու ճանապարհները 8-12 տոկոս, հրապարակները 4-8 տոկոս, իսկ կառույցները 2 տոկոս: Եթե այս չափանիշները պահպանված չեն, նշանակում է այգին, որպես այդպիսին գոյություն չունի»,- ասում է Էկոլոգիական ասոցիացիայի նախագահ Սրբուհի Հարությունյանը: Երեւանի կանաչ տարածքների պահպանման խնդրով մտահոգվածների պայքարն, ինչպես իրենք են խոստովանում, այնքան էլ արդյունավետ չէ: «Հայերը անտառ չեն սիրում, ծառ չեն սիրում, քար ու բետոն են սիրում»,-շարունակում է Ս. Հարությունյանը:
Առողջապահության ոլորտում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքում կտրուկ աճել են վերին շնչառական ուղիների եւ սրտաանոթային համակարգի հիվանդությունները: 90-ական թթ-ից հետո այս հիվանդություններն ակտիվացել են հատկապես 25-45 տարեկանների մեջ:
«Մենք գնում ենք բնության անապատացման ճանապարհով»,- ասում է Հանուն կայուն մարդկային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը:
Բնապահպանական 12 կազմակերպություններ այս տարվա հունիսին կազմակերպեցին կանաչ տարածքների պաշտպանության ակցիա: Ցուցարարները ոտքով քայլեցին ԵՊՀ—ից մինչեւ քաղաքապետարան։ Երթի մասնակիցներին ընդունեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Հանդիպման ընթացքում ակնհայտ դարձավ, որ Ն. Սարգսյանը անզոր է կանխել Երեւանի կանաչ տարածքների ոչնչացման պրոցեսը:
«Ես չեմ վախենում ասել, որ մենք լծակներ չունենք ինքնակամների հետ կապված: Հենց այս պահին Երեւան քաղաքում հողազավթումներ են գնում: Անհնարին է առավոտից իրիկուն հետեւներից ընկնել: Ինձ համար էլ` որպես գլխավոր ճարտարապետի, շատ ցավալի է տեսնել, թե ինչ է կատարվում մեր քաղաքում, առանց թույլտվության ինչեր են կառուցում: Մինչդեռ մենք ամեն մի նախագծի վրա օրեր, ամիսներ ենք անցկացնում»: Ըստ Ն. Սարգսյանի հաստատվում է մեկ նախագիծ, իրականացվում՝ բոլորովին այլ, իսկ քաղաքպետարանի համապատասխան ծառայությունն ի վիճակի չէ վերահսկողություն իրականացնել:
Ն. Սարգսյանը վստահեցնում է, որ ինքն ի վիճակի է իր վրա վերցնել քաղաքի ապօրինի շինարարությունների պատասխանատվությունը, եթե ստեղծվի համապատասխան ոստիկանություն: Անկախ նրանից, թե հարցը որտեղ է լուծվում եւ ում կողմից, փաստը մնում է փաստ, որ կանաչ տարածքները Երեւանում նվազում են, հանրային այգիներ հասկացությունը վերանում՝ կանաչ գոտիները պաշտոնյաներին տրամադրելու արդյունքում: «Ես իմ ուժերի սահմաններում ամեն ինչ փորձում եմ անել, սակայն շատ են այսօրվա իշխանության բարձրաստիճան պաշտոնյանները: Նա կատարում է կառուցապատում եւ իրեն օրենքից դուրս համարում»,-ասում է Ն.Սարգսյանը:
Բոլոր խնդիրները գլխավոր ճարտարապետը հույս ունի լուծել Երեւան քաղաքի նոր հատակագծի շրջանակներում, որը կհաստատվի 2006 թ-ին: Նոր հատակագծում ֆիքսվել է 6 անտառային զանգվածներ: Ն. Սարգսյանի ասելով այս պահից իսկ այդ հատվածները անձեռնմխելի են հողահատկացումների համար:
«Խնդիրն շատ ավելի խորն է, եթե Երեւանը ունենար քաղաքային խորհրդի պատգամավորներ, նրանք մեր առաջ խնդիր կդնեին եւ կասեին, որ ժողովուրդը մերժում է այս որոշումը: Այսօր մենք ընդունում ենք որոշումներ չիմանալով, թե հասարակության մեծամասնությունը ինչ է մտածում այդ մասին»,- շարունակում է Երեանի գլխավոր ճարտարապետը:
Երեւանցիների ամենասիրելի հանգստի գոտին` օպերայի այգին այսօր վերածվել է սրճարանների կույտի: «Օպերայի վերաբերյալ իմ կարծիքը բոլորովին այլ է: Ես կարծում եմ, որ օպերան պետք է լինի քաղաքաշինական տարածք: Հրապարակն անպայման պետք է մեծանա եւ միանա Հյուսիսային պողոտային: Դա խոշորագույն քաղաքաշինական խնդիր է: Նման դեպքի համար ամբողջ տարածքը ենթակա է վերակառուցման: Մենք այդ ծրագիրը կավարտենք եւ լայն քննարկման կդնենք: Որոշ սրճարաններ կքանդվեն եւ այդ խնդիրը կլուծվի»,- ասում է Ն. Սարգսյան։
Անկասկած, Երեւանի գլխավոր ճարտարապետն անզոր է իրենց օրենքից դուրս համարող պաշտոնյանների առաջ: Բոլորին է հայտնի, թե Երեւանի կենտրոնի կանաչ տարածքներում, որ սրճարանը՝ որ պաշտոնյային է պատկանում: Այս փաստն իրենք էլ չեն հերքում, դեռ ավելին` մեծ հպարտությամբ են հաճախում սեփական օբյեկտները, սակայն փաստաթղթերում գերադասում են նշել իրենց զոքանչների կամ ավելի հեռու ազգականների անունները:
աստն այն է, որ այսօր քաղաքը շնչահեղձ է լինում: Ոչինչ չի փոխում գլխավոր ճարտարապետի անկեղծ խոստովանությունները: Իհարկե, խոստովանությունը մեղմացուցիչ հանգամանք է, սակայն պատժից չի ազատում: Իսկ իրականությունն այն է, որ կանաչ տարածքները զավթել են բարձրաստիճան պաշտոնյաները: Դրանք Ազգային ժողովի պատգամավորներ են, նախարարներ, Նախագահի աշխատակազմի աշխատակիցներ, գեներալներ, ոստիկանապետեր, մի խոսքով ազգի էլիտան:
Մեկնաբանել