
«Զվարթնոցում» կտրուկ աճել է տեղափոխվող ուղեւորների ու բեռի քանակը (ինֆոգրաֆիկա)
Նախորդ հոդվածում ամփոփել էինք Գյումրու «Շիրակ» օդանավակայանի արտադրական ցուցանիշները նախորդ 3 տարիների կտրվածքով: Պարզվել էր, որ 2016-ին «Շիրակում» կտրուկ անկում էր գրանցվել բոլոր սեկտորներում (թռիչքներ, բեռնափոխադրում, ուղեւորահոսք): Պատճառն այն էր, որ անցյալ տարի միայն մեկ ամիս է եղել, երբ Հայաստանի մեծությամբ երկրորդ օդանավակայանում թռիչք-վայրէջքների թիվը գերազանցել է 10-ը, նույնիսկ երկու ամիս ընդհանրապես չվերթներ չեն եղել: Չնայած սրան՝ տարեվերջին որոշ աշխուժություն է սկսվել:
Հիմա անդրադառնանք երկրի գլխավոր օդային դարպասին՝ Երեւանի «Զվարթնոցին»: Այստեղ ուրախանալու առիթ կա՝ ի տարբերություն «Շիրակի»:
Նախ ասենք, որ նախորդ տարի թռիչք-վայրէջքները «Զվարթնոցում» աճել են 2015-ի համեմատ: Սակայն ինֆոգրաֆիկան ցույց է տալիս, որ անցյալ տարվա առաջին կեսն այնքան էլ հաջող չէր մայր օդանավակայանի համար: Այդուհանդերձ, հուլիսին՝ ամառային տուրիստական սեզոնի ընթացքում, թռիչքների թիվն աճել է ու օգոստոսին հասել գագաթնակետին: Սեպտեմբեր-դեկտեմբերին էլ «Զվարթնոցում» ավելի շատ չվերթներ են եղել, քան 2014-ի նույն ամիսներին:
2014-ը շեշտում ենք, որովհետեւ այդ տարին ընդհանուր կտրվածքով իսկապես հաջող էր: Եթե 2016-ին գրանցվել է ավելի շատ չվերթ (9266), քան 2015-ին (9012), ապա միեւնույնն է՝ չի հաջողվել կրկնել 2014-ի ցուցանիշը, երբ գրանցվել էր ավելի քան 10 հազար թռիչք-վայրէջք՝ 10409 հատ:
2016-ը նախորդ երկու տարիներից տարբերվում է հատկապես բեռնափոխադրման ցուցանիշով (առաքված ու ներմուծված բեռների ընդհանուր քաշը տոննայով): Տարվա սկզբից բեռնափոխադրման ծավալները «Զվարնթոցում» աճել են: Լավագույն արդյունքը եղել է նոյեմբերին, երբ տեղափոխվել է 2558 տ բեռ (շեշտենք, որ այս թիվը չի ներառում ուղեւորների բեռները):
Արդյունքում բեռնափոխադրումը նախորդ տարիների համեմատ 2016-ին կտրուկ աճել է: Եթե 2014-2015 թթ. փոխադրվել է 10 հազար տոննայից մի փոքր շատ բեռ, ապա անցյալ տարի այդ թիվն անցել է 18 հազարը:
2014-ին արձանագրված թռիչքների մեծ քանակը բերել էր նրան, որ այդ տարի ուղեւորահոսքը (ժամանած եւ մեկնած ուղեւորների ընդհանուր թիվը) հատել էր 2 մլն մարդու շեմը: 2016-ն այս առումով վատ չէր մեկնարկել. հունվար-մարտ ամիսների ցուցանիշները գերազանցում էին 2014-2015-ի նույն ժամանակահատվածի թվերը, սակայն ապրիլ-օգոստոս ամիսներին չստացվեց գերազանցել կամ կրկնել 2014-ի արդյունքները: Այդուհանդերձ, տուրիստների հոսքը սեպտեմբեր-դեկտեմբերին տվեց իր դրական արդյունքը: Ըստ էության, նշանակալի դեր է խաղացել հատկապես իրանցի ու ռուսաստանցի զբոսաշրջիկների մուտք-ելքը: Եթե տարվա մեծ մասում, հատկապես ամռանը, նկատելի է իրանցիների առկայությունը, ապա աշնանից սկսած, ձմեռային տուրիզմով պայմանավորված, 2016-ին զգալի էր ռուսալեզու տուրիստների հոսքը:
Տարեկան կտրվածքով չնայած թռիչք-վայրէջքներն ավելի քիչ էին 2014-ի համեմատ, ուղեւորների թիվը գերազանցել է այդ տարվա արդյունքը: 2014-ի 2 մլն 45 հազար ուղեւորի դիմաց անցյալ տարի «Զվարթնոցով» տեղափոխվել է 2 մլն 105 հազար մարդ: Քաղավիացիայի գլխավոր վարչության փոխանցմամբ՝ սա 1992-ից հետո լավագույն արդյունքն է:
Համեմատաբար քիչ թռիչքների պարագայում ավելի շատ մարդկանց տեղափոխումը նշանակում է, որ կամ օդանավերն ավելի տարողունակ են եղել, կամ դրանք թռել են ավելի ծանրաբեռնված, կամ էլ՝ երկուսը միասին:
Լուսանկարը՝ Արմեն Գասպարյանի
Մեկնաբանել