HY RU EN

Գրիշա Բալասանյան

Տուն-ինտերնատում մահացած 4 անձանց հուղարկավորությունը կատարվել է հանգուցյալների հետ կապ չունեցող անձի կողմից

Վերահսկիչ պալատը շուրջօրյա խնամքի կենտրոններում կատարված ուսումնասիրությունների հիման վրա հերթական բացահայտումն է արել: Այս անգամ խոսքը վերաբերում է մահացած անձանց հուղարկավորությանը և հաշվառումից հանելուն:

«Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայություններ» պետական ծրագրով խնամվողների մահվան դեպքում հուղարկավորությունների կատարումը կանոնակարգվում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով, ըստ որի՝ խնամվող անձի մահվան դեպքում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը այդ մասին անհապաղ տեղեկացնում է շտապ բժշկական օգնության ծառայությանը` մահվան փաստն արձանագրելու և սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը իրազեկելու և այլ գործողությունների իրականացման համար: Բացի այդ, տեղեկացնում է հանգուցյալի ընտանիքի անդամներին կամ այլ ազգականներին (առկայության դեպքում) հուղարկավորությունը կազմակերպելու համար:

Այն դեպքում, երբ մահացած անձը չունի ընտանիքի անդամներ կամ այլ ազգականներ կամ նրանք հրաժարվում են կազմակերպել հուղարկավորությունը կամ մահվան մասին  տեղեկացվելուց հետո 2 օրվա ընթացքում չեն ներկայանում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, հուղարկավորությունը կազմակերպվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության կողմից:  Այս հաստատությունն ապահովում է անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում անձի մահը օրենքով սահմանված կարգով գրանցելու նպատակով: 

Վերահսկիչ պալատը, ուսումնասիրելով 2014թ. հունվարի 1-ից մինչև  2016թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի տվյալները, արձանագրել է, որ ազգականների կողմից իրականացված հուղարկավորությունների մասով, մահացած խնամյալների մասին գործերում առկա չեն տվյալներ հուղարկավորություն իրականացրած անձանց ազգական կամ առավել ևս ընտանիքի անդամ հանդիսանալու փաստի վերաբերյալ: Գործերում առկա են միայն հուղարկավորություն իրականացրած անձանց անձնագրերի պատճենները, որոնց հիման վրա անհնար է եզրակացնել վերջիններիս և հանգուցյալների միջև եղած ազգակցական կապի մասին:

Մասնավորապես՝ «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում 2015թ. ընթացքում մահացած թվով 4 անձանց հուղարկավորությունը կատարվել է միևնույն անձնավորության կողմից, որը որևէ ազգակցական կապ չունի հանգուցյալներից և ոչ մեկի հետ:

ՊՈԱԿ-ի կողմից, որպես ազգական ներկայացած անձին տրվել են համապատասխան տեղեկանքներ, որոնց հիման վրա յուրաքանչյուր դեպքով ստացվել են օրենքով սահմանված 200 հազար դրամ գումարով թաղման պետական նպաստները: Բացի այդ, արձանագրվել են դեպքեր, երբ ներկայացած հարազատի փոխարեն, որին ՊՈԱԿ-ի կողմից տրվել է տեղականք միանվագ նպաստը ստանալու համար, նպաստը ստացել է այլ անձ:

Խախտումներ են արձանագրվել նաև մահացածների հաշվառումից հանելու մասով: Օրինակ՝ մահացածներին հաշվառումից հանումը որոշ դեպքերում կատարվում է 2-3, նույնիսկ 4 օր ուշացումով, որը բացատրվում է ոչ աշխատանքային օրեր լինելու հանգամանքով: Քանի որ խնամքի կարիք ունեցող յուրաքանչյուր մարդու համար ֆինանսավորումը կատարվում է օրերով այդ հաշվարկում տարբերությունների հետևանքով ՀՀ պետական բյուջեից  կատարվել է ավելի ֆինանսավորում: