HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է դեկտեմբերի 30-ին ծանր վիրավորում ստացած զինծառայողը

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 2016թ. դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայող, 1996թ. ծնված Գարիկ Արտաշեսի Վարդանյանը:

Արցախի ՊՆ-ն նաև տեղեկացնում է, որ հունվարի 15-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության այն մասին, թե հայկական կողմի արձակված կրակոցից սպանվել է ադրբեջանական բանակի զինծառայող Ֆիկրետ Նուրշիրավանօղլու Բաշիրովը, իրականությանը չի համապատասխանում:

«Ադրբեջանական կողմին խորհուրդ ենք տալիս զինծառայողի մահվան պատճառները փնտրել իրենց բանակում տիրող միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերություներում»,- նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Ավելին՝ հունվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հրաձգային զինատեսակների հետ կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր: Հատկապես ինտենսիվ արկակոծման են ենթարկվել ՊԲ արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում տեղակայված մարտական հենակետերը, որոնց ուղղությամբ հակառակորդը 60 միլիմեռտրանոց ականանետից արձակել է 51 արկ, իսկ 82 միլիմետրանոցից՝ 3 արկ:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար որոշ հատվածներում դիմել են պատասխան գործողությունների: Առաջնագծում իրադրության հետագա լարման հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա: Հակառակորդ կողմի նման պահվածքի շարունակման դեպքում ՊԲ-ի կողմից ձեռնարկվելիք գործողությունները կլինեն ավելի խիստ»,- գրում է Արցախի ՊՆ-ն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter