HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի էլեկտրոնային հարցազրույցը Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի լրատվամիջոցների համար

Ուտիաշվիլի Շ.Ա. («24 ժամ», Վրաստան) - Արդյոք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները ազդեցություն ունեցե՞լ են Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: Եթե այո, ապա ինչպե՞ս: 

Վ. Օսկանյան - Հիմա, երբ բավականին ժամանակ է անցել, կարող եմ ասել, ոչ, ընտրությունները ոչ մի զգալի ազդեցություն չեն ունեցել Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: Հիմնականում հետեւյալ պատճառով. բոլորը քաջ գիտակցում են, որ մեր երկրներում, ուր ժողովրդավարության կայացումը լուրջ առաջընթաց է ապրում, բայց դեռ չի հասել իր ավարտին, միշտ էլ կարող են լինել թերություններ: Միեւնույն ժամանակ, կարեւոր է այդ երկրների ձգտումը եւ որոշումը` շարունակել ճանապարհը դեպի ժողովրդավարություն: 

Ուտիաշվիլի Շ.Ա. («24 ժամ», Վրաստան) - Պատրաստվո՞ւմ է արդյոք Հայաստանը անդամակցել Միասնական տնտեսական տարածությանը: Առաջնայի՞ն է, արդյոք, Հայաստանի համար ԱՊՀ կառույցներին ինտեգրվելը: 

Վ. Օսկանյան - Այսօր ԱՊՀ անդամ պետությունների ընդահուր խնդիրներից է միասնական տնտեսական տարածության ստեղծումը: Այդ ուղղությամբ բավական մեծ աշխատանք է տարվել, բայց մենք դեռեւս հեռու ենք այդ խնդրի լուծումից: Չնայած ԱՊՀ բազմակողմանի օգտակարությանը, այդ կազմակերպությունը դեռեւս չի կարող լիակատար ինեգրման համակարգ համարվել, քանի դեռ չի կարողանում ապահովել լուրջ տնեսական շահեր իր անդամների համար: 

Հակոբյան Ա. Վ. (Հայաստան) - Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ Հայաստան ժամանող գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները պարտադիր կերպով հանդիպում են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: 

Վ. Օսկանյան - Կարծում եմ, դա լավ ավանդույթ է: Պետք է նշեմ, որ հենց իրենք` բարձրաստիճան պաշտոնյաններն են ցանկություն հայտնում այցելել Էջմիածին եւ հանդիպել Կաթողիկոսի հետ: Չնայած մեզ մոտ եկեղեցին եւ պետությունն առանձնացված են, կարծում եմ, մեր հյուրերի այցելությունը Էջմիածին եւ հանդիոպումը Կաթողիկոսի հետ օգնում է վերջիններիս ավելի լիարժեք պատկերացում կազմել հայերի եւ Հայաստանի մասին առհասարակ: 

Ուտիաշվիլի Շ.Ա. (Վրաստան) - Վերջին ժամանակաշրջանում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը բավական խորացել է: Արդյոք Հայաստանը մտադի՞ր է էլ ավելի խորացնել այդ համագործակցությունը եւ ինչպես եք Դուք տեսնում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ապագան: 

Վ. Օսկանյան - Իսկապես, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգանում եւ խորանում են Համագործակցություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում: Չնայած մեր անվտանգության համակարգի հիմքում հայ-ռուսական համագործակցությունն է, բազմաթիվ այլ բաղադրիչներ դարձնում եմ այն ավելի լիարժեք: Այդ բաղադրիչներից ուզում եմ շեշտել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը, Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի կիրառումը, Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրին, ինչպես նաեւ ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությունը այլ երկրների հետ, որոնցից կարեւորում ենք համագործակցությունը ԱՄՆ եւ Հունաստանի հետ: Այս ամենը համահունչ է Հայաստանի փոխլրացման արտաքին քաղաքականության սկզբունքին: 

Մարտիրոսյան Ս. Վ. (Հայաստան) - Բարեւ Ձեզ, պրն. նախարար: Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող են անդրադառնալ Հայաստանի վրա Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները եւ Իրանի շուրջ իրավիճակի սրումը: Սամվել Մարտիրոսյան «ՌոսԲալթ» գործակալություն: 

Վ. Օսկանյան - Այդ երկու հարցը մեզ շատ են հուզում, հատկապես Իրանը, որովհետեւ դա մեր հարեւան պետությունն է: Եթե Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն, դա կանդրադառնա նաեւ Հայաստանի վրա: Այս պահին մենք միայն կարող ենք հույս հայտնել, որ եւ Իրանը, եւ մյուս կողմը կկարողանան այնպես կողմնորոշվել, որպեսզի խուսափեն որեւէ բացասական զարգացումից: 

Ուտիաշվիլի Շ.Ա. (Վրաստան) - Ներկայումս ակտիվորեն քննարկվում է Աբխազիայով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության բացումը: Քննարկվում է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի միջով իրանական գազատարի կառուցման հնարավորությունը: Ինչքանո՞վ են այս նախագծերը կարեւոր Հայաստանի համար եւ ինչպիսի՞ հեռանկարներ եք Դուք տեսնում: 

Վ. Օսկանյան - Այսօրվա դրությամբ Իրան-Հայաստան գազատարի կառուցումը երկկողմանի նպատակ է հետապնդում. այդ գազատարը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար մեր էներգետիկ անվտանգության տեսանկյունից: Ինչ վերաբերում է Աբխազիայի երկաթուղուն, ապա մենք հասկանում ենք, որ դրա բացումը կախված չէ Հայաստանից, եւ այնուամենայնիվ կարծում ենք, որ այն օգտակար կլինի բոլոր կողմերի համար: 

Մարտիրոսյան Ս. Վ. (Հայաստան) - Պրն. նախարար, ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանում ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը: Ո՞րն է պաշտոնական Երեւանի դիրքորոշումն այդ հարցում: 

Վ. Օսկանյան - Մենք չենք ցանկանում պաշտոնական մենկաբանություններ անել կատարվածի առնչությամբ: Այնուամենայնիվ, այն, ինչ դիտում ենք հեռուստատեսությամբ եւ կարդում մամուլում, այդ թվում եւ միջազգային տեղեկատվական ամփոփագրերում, զարհուրելի է եւդատապարտելի: 

Սալմանով Խ. Յա. (Ադրբեջան) - Բարեւ Ձեզ, պրն. նախարար: Նախ ներկայանամ՝ Ադրբեջան, «Էքսպրես» թերթ, Հյուգուգ Սալմանով: Ամռանը մենք կոլեգաներով Սեւան քաղաքում էինք: Օգոստոսի 4-ին ռադիոյով հայտարարեցին Իլհամ Ալիեւի վարչապետի պաշտոնին նշանակվելու մասին: Մեր հայ կոլեգաների արձագանքները բավականին դրական էին: Դուք նույնպե՞ս համարում եք, որ այդ թեկնածում (մասնավորապես նախագահական ընտրություններից հետո) առավելագույնս համապատասխանում է Հայաստանի արտաքին քաղաքակության ռազմավարությանը: 

Վ. Օսկանյան - Մեր գնահատականը մենք կարող ենք տալ միայն որոշ ժամանակ անց, երբ կոնկրետ շփումներ կունենանք պրն. Ալիեւի հետ: Համենայն դեպս, արդեն ասել եմ եւ այսօր էլ ուզում եմ նշել, որ հետագա առաջընթացը ղարաբաղյան հակամարտության մեջ շատ բանում կախված կլինի Քոչարյան-Հեյդար Ալիեւ բանակցությունների ոգին պահպանելուց: 

Ուտիաշվիլի Շ.Ա. (Վրաստան) - Վերջերս Դուք մի քանի անգամ հանդիպում եք ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ: Ինչպիսի՞ն եք տեսնում ձեր երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացման հեռանկարները: 

Վ. Օսկանյան - Այդ հարցին ես վերաբերվում եմ զգուշավոր լավատեսությամբ: Կարծում եմ, որ կարելի է արձանագրել դրական առաջխաղացումներ: Շատ բան կախված կլինի նրանից, թե որքան ուժեղ կլինի հայ-թուրքական հարաբերությունների կախվածությունը այլ հարցերից (օրինակ, ղարաբաղյան հակամարտությունից): Իմ կոլեգայի հետ երկու հանդիպումից հետո ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ մենք կարող ենք մեր ջանքերն ուղղել հիմնականում հենց հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների բարելավմանը: 

Սալմանով Խ. Յա.(Ադրբեջան) - Ակնհայտ է Կովկասի նոր վերաբաժանումը: Հավանաբար, կրկին աշխարհի հզորները, թեեւ խոսում են ժամանակակից իրողությունների մասին, բայցեւ այնպես կարճ ժամանակով Հարավային Կովկասը «նետում են» Ռուսաստանի գիրկը: Այդպիսին է ադրբեջանական հասարակության զգացողությունը: Ի՞նչ է դա նշանակում՝ հին հարաբերությունները նոր ձեւով հետխորհրդային տարածությունում, թե՞ երկպառակություններ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ: 

Վ. Օսկանյան - Տարածաշրջանում կատարվող գործընթացների մասին մեր կարծիքը հետեւյալն է. իհարկե, գերտերությունների կողմից մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրություն կա, բայց կա նաեւ մրցակցություն: Այդ մրցակցության որակը եւ ձեւը զգալի տարբերվում են «սառը պատերազմի» ժամանակաշրջանի իրավիճակից: Տարբերությունը նրանում է, որ շատ բան կախված է կովկասյան պետություններից, ինքանով ճիշտ նրանք կկարողանան կողմնորոշվել այդ նոր մրցակցության հենքի վրա: Հայաստանն իր փոխլրացման քաղաքակնությամբ փորձում է գնալ այդ շահերի մերձեցման ճանապարհով: Մեր տարածաշրջանի ապագան կախված կլինի նաեւ երեք անդրկովկասյան հանրապետությունների համագործակցությունից եւ տարածաշրջանի ապագայի վերաբերյալ փոխհամաձայնությունից: 

Կրիշտալյով Ե.Ա. (Ադրբեջան) - Բարեւ ձեզ, պարոն նախարար: Ընտրություններն ավարտվել են: Ե՞րբ կարելի է սպասել բանակցությունների հերթական փուլին, ինչպես Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների անձնական շփումների միջոցով: 

Վ. Օսկանյան - Ես գիտեմ, որ Մինսկի խմբի համանախագահները ցանկություն են հայտնել այցելելու մեր տարածաշրջան առաջին իսկ հնարավորության դեպքում: Հայաստանն իր համաձայնությունն է տվել այդ «առաջին հնարավորությանը», եթե այն համընկնում է այն մարդկանց գրաֆիկին, որոնց հետ նրանք կուզենային հանդիպել: Հետեւաբար, գնդակը մյուս դաշտում է: 

Կրիշտալյով Ե.Ա. (Ադրբեջան) - Որքանո՞վ Հայաստանը կարող է իրեն համարել անկախ պետություն, երբ նրա արտաքին սահմանները պաշտպանվում են այլ պետության սահմանապահների կողմից, իսկ ձեռնարկություններից շատերը դուրս են եկել պետության սեփականությունից ու անցել օտարերկրյա ընկերությունների վերահսկողության տակ: Արդյոք Հայաստանի կառավարությունն ունի՞ որեւէ ծրագիր նման քաղաքական եւ տնտեսական կախվածությունից խուսափելու համար: 

Վ. Օսկանյան - Հայաստանը անկախ է այնքան, որ ինքն է որոշում` թե ով է պաշտպանելու իր սահմանները: Դա Հայաստանի ինքնիշխան որոշումն ու խնդրանքն էր, որոնք բխում էին իր անվտանգության պահանջներից: Տնտեսական առումով Հայաստանի ներդրումային դաշտը խիստ տարբերակված է, եւ տարբեր պետություններ ունեն իրենց զգալի ներկայությունը Հայաստանի տնտեսության մեջ: Այդուհանդերձ որեւէ պետության անկախության մակարդակի որոշումը մեկ այլ պետության տնտեսական ներկայության աստիճանով չի համընկնում գլոբալիզացման եւ ինտեգրման տրամաբանության հետ: Եթե Ձեր ասածը ճիշտ համարվեր, ապա այդ դեպքում կարելի կլիներ ենթադրել, թե Ադրբեջանը ղեկավարվում է նավթային ընկերությունների կողմից: 

Ուտիաշվիլի Շ.Ա. (Վրաստան) - Ինչպիսի՞ն է Երեւանի պաշտոնական դիրքորոշումը Բաքու-Թբիլիսի-æեյհան եւ Բաքու-Էրզրում նավթա-գազամուղների կառուցման հարցում: 

Վ. Օսկանյան - Նման հատուկ պաշտոնական դիրքորոշում չկա: Սակայն մենք դրական ենք գնահատում ցանկացած տարածաշրջանային տնտեսական նախաձեռնություն այնքան ժամանակ, քանի դեռ դրա հետ կապված տնտեսական լծակները չեն օգտագործվում որեւէ երրորդ երկրի դեմ:

Կրիշտալյով Ե. Ա. (Ադրբեջան) - Ի՞նչ եք մտածում քաղաքական այն կոնֆիգուրացիայի մասին, որը ձեւավորվել է Կովկասի երկրներում անցկացված ընտրություններից հետո: 

Վ. Օսկանյան - Իմ կարծիքով մեր տարածաշրջանում տեղի ունեցած ընտրությունները չեն հանգեցնի կտրուկ փոփոխությունների: Բոլոր դեպքերում նկատվում է շարունականությունը: 

Մարտիրոսյան Ս.Վ. (Հայաստան) - Արդյոք Հայաստանը դիտարկո՞ւմ է ղարաբաղյան պատերազմի վերսկսման հնարավորությունը: 

Վ. Օսկանյան - Չնայած Ադրբեջանի մշտական ռազմատենչ հայտարարություններին, դատելով այսօր ուժերի հարաբերակցությունից եւ երկու երկրների ռազմական հնարավորություններից, քիչ հավանական եմ համարում ռազմական գործողությունների վերսկսումը: Համենայն դեպս, մենք շարունակում ենք օրըստօրե բարձրացնել մեր բանակի մարտունակությունը: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին հետաքրքիր հարցերի համար: Մինչ նոր հանդիպում: 

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն,

 Հայաստանի հետաքննող լրագրողների ընկերակցություն

 Երեւան, 20 հոկտ. 2003 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter