Լոռու մարզպետին տարաբնույթ բողոքներով դիմողների գերակշիռ մասը Թումանյանի ու Սպիտակի տարածաշրջաններից են
Գայանե Սարգսյան
2016թ.-ին կազմակերպությունների, քաղաքացիերի ու լրատվամիջոցների կողմից Լոռու մարզպետարանում ստացվել է թվով 3483 դիմում, բողոք, առաջարկություն և տեղեկատվության հարցում, որը 2015թ.-ի համեմատ ավել է 1056-ով:
Լոռու մարզպետարանի քարտուղարության բաժնի պետ Սամվել Մակասյանի խոսքով՝ ավելացել է հատկապես մարզի տարածքում գործող այլ կառույցների աշխատակիցների աշխատանքից դժգոհողների և սոցիալական աջակցության հարցերով դիմողների թիվը:
«Բողոքողների մի զգալի մասն աղետի գոտու այն բնակիչերն են, որոնք դժգոհում են իրենց բնակարանները չկառուցելու կամ կիսավարտ թողնելու պատճառով»,- նշում է Ս. Մակարյանը:
Բնակիչները բողոքներ են ներկայացրել նաև բժշկա-սոցիալ փորձաքննական հանձնաժողովների աշխատանքի, պետեկամուտների կոմիտեի կողմից իրականացված ստուգումների, ընտանեկան նպաստի համակարգում չընդգրկվելու կամ բանկում ներդրած ավանդի ետ վերադարձման առնչությամբ:
Բողոքների ցանկում անմասն չեն մնացել նաև համայնքապետարանները. համայնքապետերի ու աշխատակազմերի աշխատանքի հետ կապված դժգոհությունները ևս հասել են Լոռու մարզպետին:
Քարտուղարության բաժնի պետի խոսքով, բողոքների գերակշիռ մասը Թումանյանի ու Սպիտակի տարածաշրջաններից է, դժգոհություներ կան նաև մարզկենտրոն Վանաձորից:
Ինչ վերաբերում է մարզպետին ուղղված դիմումներին, աճել է հատկապես սոցիալական աջակցության խնդրանքով դիմողների թիվը: Սա, Ս. Մակարյանի դիտարկմամբ, պայմանավորված է բնակչության սոցիալական վիճակի վատթարացմամբ:
Բաժինն ստացել է նաև առաջարկություններ մարզի մի քանի կազմակերպությունների կողմից, որոնք հիմնականում վերաբերել են այլ աղբյուրներից միջոցների ներգրավմամբ արտադրության ծավալների վերականգնմանը, ընդլայնմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Բաժնի պետն այս առումով մատնանշում է դրանից երկուսը՝ «Գլորիա» կարի ֆաբրիկան և պահածոների արտադրությամբ զբաղվող «Ռոզֆրուդ» ընկերությունը:
Անհատ քաղաքացիների կողմից առաջարկություններն անհամեմատ քիչ են: Վարդաբլուրցի մի բնակիչ, օրինակ, հանդես է եկել գյուղում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կառուցելու առաջարկով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել