
Դասագրքերի որակը ԿԳ նախարարին չի բավարարում. նախատեսում է հիմնել «դասագրքաստեղծ կառույց»
«Ես դա տեսա Մոսկվայում` նախկին նախարար եղած ժամանակ. կոլեգիայի նիստով դասագիրք էին դրել քննարկման, անգլերենի դասագիրք էր: Բոլորը գովում էին այդ դասագիրքը, մեկ էլ մի կին բարձրացրեց ձեռքը, ասաց՝ ես վետո եմ դնում: Նա Երեխաների առողջության պահպանման ինստիտուտի տնօրենն էր: Ասաց՝ տասնմեկ տարեկան երեխաների առողջությունը և այդ դասագրքով երեխաների ծանրաբեռնվածութունը համարժեք չեն իրար։ Դասագիրքը միանգամից հանեցին քննարկումից և ուղարկեցին վերամշակման»:
Սա պատմում է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը` ավելացնելով, որ նույն մշակույթը Հայաստանում դեռևս չկա: Հայաստանյան կրթության առաջնահերթ լուծման հարցերից մեկը նախարարը համարում է հանրակրթական դպրոցների դասագրքերի որակի բարելավումը: Նախարարությունն առաջիկայում այդ նպատակով պատրաստվում է ստեղծել հատուկ «դասագրքաստեղծ կառույց»:
Հայաստանում 2003-2006թթ. հանրակրթական դպրոցների դասագրքերի բովանդակային մրցույթները հիմնականում ավարտվել են, ինչից հետո հրատարակչությունների հետ ամեն տարի կնքվում են մեկ անձից պայմանագրեր` հեղինակային կամ բացառիկ իրավունքի հիմքով: Գրեթե տասը տարի առաջ կայացած մրցույթից հետո նախարարությունը, որպես դասագրքի պատվիրատու, հրատարակչի համար չափորոշիչներ է սահմանում դասագրքի միայն տեխնիկական պայմանների համար (օրինակ` որքան պետք է լինի էջի քաշը, հաստությունը և այլն), սակայն հատուկ պայմաններ` բովանդակային կառուցվածքի համար, չեն գործում:
Դասագրքաստեղծ կառույցի կազմում ընդգրկված մասնագետները, ըստ Լևոն Մկրտչյանի, ոչ թե գրելու են տվյալ դասագիրքը, այլ սահմանելու են դրա բովանդակային չափանիշները` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ (աշակերտների տարիքային խումբը, ծանրաբեռնավծությունը և այլն): Այնուհետև կայանալու է մրցույթ` այդ չափանիշներին համապատասխան: Այսինքն` դասագրքաստեղծ կառույցը գործարկելու դեպքում, ըստ նախարարի, հնարավոր կլինի խուսափել մեկ անձից` առանց բանակցային ընթացակարգի գնումներից:
Կառույցը նախատեսվում է գործարկել Կրթության ազգային ինստիտուտի կազմում: Այն, ըստ Լ.Մկրտչյանի, անհրաժեշտության դեպքում իրականացնելու է նաև դասագրքերի բեռնաթափում:
«Կրթության ազգային ինստիտուտը ուզում ենք հիմա տանել կառուցվածքային փոփոխությունների: Էնտեղ մի քանի կոմպոնենտ կա, մեկը` չափորոշիչներ և դասագրքային գործ, երկրորդը` վերապատրաստումներ և մյուսը ՄԿՈՒԶԱԿ-ն է: Հիմա ես մտածում եմ, որ առանձին վերապատրաստումները, հնարավոր է, outsource անենք, օրինակ` Մանկավարժական համալսարանը կամ Բրյուսվը, հնարավոր է, ավելի լավ են օտար լեզուների վերապատրաստում անում, այսինքն` հանենք մրցույթի: Մյուսը` ՄԿՈՒԶԱԿԸ, որն աշխատում է Եվրամիության հետ, դա առանձնացնենք: Այնուհետև դասագրքաստեղծը դարձնենք լուրջ, պրոֆեսիոնալ կառույց, որը զբաղվի միայն դասագրքերով ու դրանց չափորոշիչներով: Դրա համար մենք բերեցինք հատուկ փոխնախարար` Դավիթ Սահակյանին, ով պիտի զբաղվի կրթական զարգացման ծրագրերով և այս մասը ինքը անի», - ասում է Լևոն Մկրտչյանը:
Հավանակա՞ն է արդյոք մեկ տարում բովանդակային չափորոշիչներ սահմանել բոլոր դասագրքերի համար և հայտարարել մրցույթներ, Լ.Մկրտչյանը պատասխանում է` կախված է ֆինանսական միջոցներից. հնարավոր է` ծրագիրը իրականացվի աստիճանաբար, եթե դասագրքերի համար նախատեսված բյուջեն չբավականացնի:
«Հիմա պետք է այդ աշխատանքները անենք, որ հասցնենք 2018թ. բյուջեի վրա դնել: Աշխատանքային խումբը ստեղծել ենք, որ սկսեն հիմիկվանից մտածել, թե չէ էլի կուշանա: Երեք ամիս պետք է, որ հեղինակային խումբը աշխատի, երեք ամիս էլ պետք է, որ մրցույթը լինի, երկու-երեք ամիս էլ ժամանակ ունենան, տպագրեն, տանեն դասագիրքը հասցնեն դպրոցներ»,- մանրամասնում է Լ. Մկրտչյանը:
Ավելացնում է նաև, որ վտանգ կա` երբ հայտարարվի մրցույթը, հրատարակիչները իրենց ունեցած հին դասագրքի բովանդակությունը ենթարկեն քիչ փոփոխությունների և ցածր գնով մասնակցեն մրցույթներին: Սակայն կառույցի ստեղծման դեպքում մասնակիցը պետք է անցնի նախ մրցույթի բովանդակային շեմը, ապա միայն կքննարկվի նրա գնային առաջարկը: «Օրինակ պիտի ասենք` եղած այբբենարանի (սա իմ կարծիքն է, դեռ պետք է քննարկենք) բովանդակության քառասուն տոկոսը պիտի փոխենք, կառուցվածքը պիտի փոխենք, որ ինքը չբռնի, մի քանի կոսմետիկ փոփոխություններով նույն դասագիրքը մտցնի մրցույթ»,- ասում է Լ.Մկրտչյանը:
«Դասագրքաստեղծ կառույցի» սահմանած բովանդակային շեմը հաղթահարելուց հետո մասնակիցների համար կկազմակերպվի դասագրքի տեխնիկական մրցույթ: Լ.Մկրտչյանը նախատեսում է այն վստահել «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամին»: Նախարարն այն համարում է «պրոֆեսիոնալ կառույց», որի անձնակազմը մասնագիտացած է հենց այս գործում և կարող է կատարել նաև դասագրքերի ստույգ հայտագրում հանրակրթական դպրոցներից: Ծրագրի մանրամասները դեռևս քննարկման փուլում են:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել