HY RU EN

Խաբարովսկում առևանգված և սպանված 25-ամյա երիտասարդը ջավախքցի բիզնեսմենի որդին էր

Խաբարովսկում օրերս առևանգված և սպանված 25-ամյա Անդրանիկ Մուրադյանը ջավախքցի բիզնեսմեն Դավիթ Մուրադյանի որդին է:

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Անդրանիկ Մուրադյանին առևանգել են հունվարի 10-ին: Նրան հեռախոսազանգով կանչել են մի ավտոտնակ, այնուհետև նրա վրա հարձակվել և կապկպել են, այդտեղ էլ պահել են երիտասարդին: Հունվարի 11-ին զանգահարել են հորը՝ Դավիթ Մուրադյանին և որդու կյանքի դիմաց 20 մլն ռուսական ռուբլի փրկագին պահանջել:

Սակայն հայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ անծանոթ անձինք իր որդու կյանքի դիմաց 20 մլն ռուբլի են պահանջում: Իրավապահները հայտնել են, որ մինչև հորը զանգահարելը Անդրանիկն արդեն սպանված է եղել: Առևանգողները իրավապահներին պատմել են, որ խեղդել են երիտասարդին, տեղափոխել Իլյինկա գյուղի մոտակայքի ամայի տարածք և այրել:

ՌԴ իրավապահները ձերբակալել են 25 և 26 տարեկան երկու կասկածյալի, որոնցից մեկը, պարզվել է, Ալեքսանդր Մուրադյանի համադասարանցին է եղել: Հարուցվել է քրեական գործ առևանգման և սպանության հոդվածներով:

Շուրջ 2 տարի առաջ մահացել էր Անդրանիկ Մուրադյանի ավագ եղբայրը՝ Ալեքսանդրը (Սասունը): Փորձաքննությամբ այն որակվել է որպես հոսանքազրկման դեպք:

51-ամյա գործարար Դավիթ Մուրադյանն ու երկու եղբայրները ծնվել և մեծացել են Ջավախքում՝ Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղում: Երեքն էլ այնուհետև հեռացել են գյուղից: Դավիթ Մուրադյանը  սովորելու նպատակներով է մեկնել և բնակություն հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, այնուհետև զբաղվել տարբեր բիզնեսներով: Դավիթ Մուրադյանը Խաբարովսկում զբաղվել է մսի առևտրով, բեռնափոխադրումներով և այլ բիզնեսներով,  իսկ եղբայրներից մեկը հյուրանոցների սեփականատեր է:

Նախնական տեղեկություններով՝ Անդրանիկ Մուրադյանի դին, ինչպես նաև ավելի վաղ զոհված Ալեքսանդր Մուրադյանի աճյունը հարազատները մտադիր են տեղափոխել Հայաստան, որտեղ ապրում է Դավիթ Մուրադյանի քույրը: Նրան հուղարկավորելու են Ջրվեժի գերեզմանատանը: 

Այլ երեխաներ Դավիթ Մուրադյանը չունի: 

Լուսանկարում՝ ձախից՝ Ալեքսանդր և Անդրանիկ Մուրադյանները: 
Լուանկարը՝ www.dvnovosti.ru-ից