HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիետա Խաչատրյան

Ճակատագրի քաղաք

Անհրաժեշտ տեղեկանք բուն նյութից առաջ 

Հայաստան ժամանողի համար «Զվարթնոց» օդանավակայանում սկսվում են այն հակադրությունները, որոնք հետո ուղեկցելու են նրան երկրում մնալու ողջ ընթացքում: Եթե, իհարկե, դրանք չեն սկսվել հենց թռիչքից: Ամեն դեպքում` Երեւանն սկսվում է «Զվարթնոցից», որը տեւական ժամանակով արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կառավարմանը հանձնելուց հետո բոլորը միաբերան սկսեցին քննադատել «Զվարթնոցի» հետ կապված ամեն բան: Այստեղ ոտք դնողի աչքին կարող են երեւալ եւ ապակու վրայի սարդոստայնը, եւ մաքսային սահմանն անցնելու, եւ վիզա ստանալու բյուրոկրատական քաշքշուկները, որոնք առաջ էլ կային, բայց այժմ դրա համար մեղաւոր է Էռնեկյանը:

Իսկ ահա բավական թանկ ավտոկանգառն ու առանց մրցակցի աշխատող «Դոկա» տաքսին, որ ժամանողին Երեւան է հասցնում 10 դոլարը պոկելով միայն` իսկական խնդիր են, որոնք չեն ներվում Էռնեկյանի գրասենյակին, քանի որ ա ս տարվա սկզբից ավտոբուսներն ու երթուղային տաքսիներն այլեւս չեն մտնում օդանավակայանի տարածք, գրասենյակն էլ փոխադրումների պայմանագիր կնքել է միայն վերը նշված տաքսի-ծառայության հետ: Ոլորտի պատասխանատուները, ճիշտ է, համբերություն են հայցում` մինչեւ էական փոփոխություններ: Երեւանցին տեսել է «Արմենտել»-ի անհաջող գործարքը, որի պատճառով հեռախոսային րոպեավճար մտավ, բջջային եւ ինտերնետային կապը շատ թանկ է, որակն էլ ամենահաջողներից չէ: Երեւանցին տեսել է նաեւ հայրենական պարծանք կոնյակի գործարանի վաճառքը ֆրանսիացիներին, որը, ճիշտ է, որակապես ձեռբերում էր հայկական կոնյակի համար, սակայն հինգ դոլարից սկսվող կոնյակը անհասանելի է օրվա հացի խնդիր լուծող միջին երեւանցուն: Երեւանում գործազրկությունը մեծ տոկոս է կազմում: Օրը ցերեկով, որքան էլ ցավալի է, քաղաքի աղբամանները փորփրող-մի կտոր հաց փնտրող մարդիկ կան, գետնուղիներում եւ առեւտրական կենտրոններում` մուրացիկներ: Երեւանցի ընտանիքների մեծ մասը մի կերպ ծայրը ծայրին է հասցնում:

Նրանց օգնում են համարյա ամեն ընտանիքից արտերկիր աշխատելու մեկնած ազգականները: Ոչ պաշտոնական տվյալներով ամեն տարի այս մարդիկ Հայաստան են ուղարկում 300 մլն դոլար` երկրի տարեկան բյուջեից մի փոքր պակաս գումար: Այս գումարները, սփյուռքահայերի ներդրումները օգնում են տանելի մարկարդակի վրա պահել սղաճը, եւ հայկական դրամը արժեզրկման առանձնապես մեծ տատանումներ չի արձանագրում: Այնուամենայնիվ` այս ամռանը թանկացան հացը եվ մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքներ, սպասվում են ջրի, էլեկտրաէներգիայի, գազի սակագնի թանկացումներ, որոնք սոցիալապես անապահով ժողովրդի գերակշիռ մասին կարող են անելանելի վիճակի մեջ դնել: Երեւանում համարյա բոլոր կարեւոր կենսապահովման ոլորտները մենաշնորհային են, եւ դա ավելի է բարդացնում իրավիճակը: Բայց Երեւանում կարելի է նաեւ հանդիպել մարդկանց, որոնք ինքնուրույն փորձում են իրենց գործը դնել, չնայած դժվարությունների մասին եւս խոստովանում են: Բնակչության շատ մեծ հատված` նախկին ուսուցիչներ, տեխնիկական մտավորականության մի զգալի մասը, գոյատեւման համար զբաղված են փողոցային առեւտրով: Հետաքրքիր է, որ այս ֆոնին` Երեւանի փողոցները պարզապես խցանվում են արտասահմանյան մեքենաների առատությունից, իսկ Երեւանի կենտրոնի անթիվ- անհամար սրճարաններում երբեք լավ հագնված եվ անհոգ թվացող երիտասարդության պակաս չկա` ճիշտ որ հակադրությունների քաղաք է Երեւանը: 

Հասարակ երեւանցիների մեծ մասը իշխանություններին համարում է վատ կառավարիչ, միեւնույն ժամանակ` հարցախույզների ժամանակ խոստովանում է, որ ով էլ լիներ` ոչինչ չէր փոխվելու:Բայց եվ պատճառների մեջ նշում են կոռուպցիան, կաշառակերությունը:Վերջին շրջանի մի շարք հնչեղ սպանությունները կարող են պատրանք ստեղծել, թե Երեւանն անհանգիստ քաղաք է:Սակայն այստեղ ժամանող հյուրերը խոստովանում են, որ իրենց տեսածների մեջ այս քաղաքն ամենահանգիստն ու բարյացակամն է: Այստեղ` քաղաքի կենտրոնում, համարյա այնպես է, ինչպես Եվրոպայում. սրճարաններից ազատորեն օգտվում են կանայք, եւ բացառապես աղջիկներից կազմված խումբը մինչեւ ուշ գիշեր կարող է ժամանակ անցկացնել, ու նրանց մազին դիպչող չի լինի: Ճիշտ է, լինում են նաեւ դեպքեր, որ շփոթեցնում են: Վերջերս գիշերային վճարովի աղջիկներից մեկը դանակի մի քանի հարվածով սպանել է 17-ամյա մի պատանու: Բայց այդպիսի դեպքերը կարճատեւ են խամրեցնում Երեւանի առօրյան: Աշխարհի շատ հայտնի արվեստագետներ հաճույքով են գալիս մեր քաղաք, սիրում են հայ հանդիսետրին եւ նրան արվեստների գիտակ են համարում: 

Մի խոսքով` Երեւանն այնպիսի քաղաք է, որտեղ կողք-կողքի գոյատեւում են բարձր ճաշակն ու Էժանագին կեղծիքը, աղքատության դուռը հասած մտավորականությունն ու անձնական գազանանոց պահող, անձնական զորախմբի ուղղեկցությամբ շրջող օլիգարխները.այտեղ օրը ցերեկով կարող են կրակել իրար վրա, բայց եւ ուշ երեկոյան ազատորեն սրճել սրճարաններում: Շատերը Երեւանն ազատ բարքերի քաղաք են համարում, միաժամանակ` երեւանցու համար ամենակարեւոր բանը շարունակում է մնալ ընտանիքը: 

Երազողների քաղաք 

Սփյուռքահայերի համար Երեւանը միշտ էլ երազանքի քաղաք է: Աշխարհի տարբեր գաղթօջախներից նրանց հայացքները միշտ էլ ուղղվում են հենց այս քաղաքին: 

 Երեւանը երազողների քաղաք է միաժամանակ. ոմանք երազում են ավելի կատարյալ տեսնել այն, ուրիշները երազում են բիզնես ունենալ Երեւանում` շահութաբեր է, իսկ ոմանք էլ երազում են մեկնել այս դժոխք քաղաքից` հեռու ու մոտիկ արտասահմանները, որտեղ աշխատանք կգտնեն, կհարստանան, ու հետո էլ կամ կվերադառնան, կամ էլ` անհայտ է: Ամեն դեպքում Երեւանը չի մերժել իր սերը ոչ ոքի` ոչ իրենից խռովածներին , ոչ էլ իրեն անդարձ սիրահարվածներին: 

Թբիլիսիիում ծնված գրող Աղասի Այվազյանը, որ 45-ին եկավ Երեւան եւ կես դարից ավելի ականատես եղավ քաղաքի լավին ու վատին, անդառնալի երազող է: Նա երազում է, որ մետրոն Երեւանից Էջմիածին հասնի. «Երեւանը հավաքական հայի կեպարն ամբողջացնող ամենամտերմիկ վայրն է աշխարհիս երեսին: Թեեւ պետրուշկա են ցանում բարձրահարկ շենքերի բակերում` սա անախրոնիզմ է, գյուղացու հոգեբանություն, բայց նեղն են, պիտի ապրեն, դա էլ անցողիկ է: 40-ականներին կինը կարճ յուբկայով դուրս գար` կսպանեին: Հիմա տեսեք` Եվրոպա է: Միշտ երազել եմ Փարիզ, ուրիշ քաղաքներ գնալ-ապրել, հիմա չեմ ուզում, կարոտում եմ Երեւանը»,- ասում է գրողը: 

 Այս քաղաքում է ապրել «Ծաղրածուն ` աշունը սրտում»` Լեոնիդ Ենգիբարյանը, որի մնջախաղը հենց երեւանյան միջավայրի ծնունդ էր: Այս քաղաքի մասին է երգում իրեն բացառապես երեւանցի հիթ համարող Ռուբեն Հախվերդյանը.

 Երեւանի փողոցներում

 Լուսնի ափսեն է գլորվում... 

Իգդիրցի տատին անըդհատ ցիտող երեւանցի պոետ Արմեն Շեկոյանը, որ Երեւանի փողոցներն է իր տունը համարում, ստեղծել է աննախադեպ մի պոեմ` «Երեւան հյուրանոցը», որտեղ պատմում է իրեն ծանոթ 1000 երեւանցու մասին` անուն առ անուն, թաղ առ թաղ քաղաքն ու նրա մարդկանց դիպուկ նկարագրելով: Պոեմում կգտնես քաղաքի վերջին մուրացկանին, պալատական ինտրիգանին, ինքդ քեզ ու երկրիդ նախագահին: 

 Այս քաղաքի ճակատագրին են խաչվում աշխարհում հայտնի հայերի ճակատագրերը. ամերիկացի մեծահարուստ Քըրք Քրքորյանի միջոցներով վերջերս Երեւանում նորոգվեցին 12 փողոց եւ տասնյակից ավելի մշակութային օջախներ, Հանրապետության հրապարակը, մի շարք այլ կառույցներ. 2002-ից մինչեւ հիմա Երեւանը վերածվել էր շինհրապարակի: Այս եւ աղետի գոտու շինարարական աշխատանքների վրա Քրքորյանի Լինսի հիմնադրամը ընդհանուր հաշվով ծախսել է 100 միլիոն դոլար: Շառլ Ազնավուրն 2001 թվականին իր ծննդյան 79-ամյակը այս քաղաքում նշեց. վերջին տարիներին նրա այցերը Երեւան ավելի են հաճախացել: Երեւանի կենտրոնում նկարչի տան եւ կինո «Մոսկվայի» դիմացի հրապարակը

Ազնավուրի անունով է: Լոս Անջելեսցի մեծահարուստ Վահագն Հովնանյանը 100 առանձնատնով մի ողջ թաղամաս է կառուցում Երեւան-Աշտարակ ճանապարհին` Վահագնավանը: Ամերիկացի æեյմս Թուֆենկյանը Երեւանում հյուրանոցային բիզնես ունի: Գաֆեսճյանները կառուցում են Կասկադը` Երեւանի կենտրոնի ամենահմայիչ կառույցներից մեկը:Այս անունները մի քանի տասնյակի չափ կարելի թվել` առանց աչք թարթելու: Ով մեկ տասնամյակ չի տեսել Երեւանի կենտրոնը` դժվար թե միանգամից կողմնորշվի, այնքան որ փոխվել է: Անգամ արվարձանում ապրող երեւնացին չի հասցնում երբեմն ֆիքսել նոր կառույցների տեղերը: Կառուցվում են եվրոպական տիպի հյուրանոցներ, սրճարաններ, զվարճանքի եւ ժամանցի վայրեր: Երեւի ճիշտ էր խորհրդային ժամանակի Երեւանի հարգված քաղաքապետերից մեկը` Գրիգոր Հասրաթյանը, երբ այն հարցին, թե` ինչու՞ չեք կառուցապատում Երեւանի կենտրոնը, պատասխանել էր.«Կենտրոնը չենք ուզում փչացնել, կգա ժամանակը, երբ մերը կանենք»: Դա դեռ այն ժամանակ, երբ ոչ ոք չեր պատկերացնում,թե երբեւէ Սովետը չի լինելու: Հարցը շարունակել էին, թե` ո՞րն է այդ ժամանակը, քաղաքապետը) ավելի ճիշտ` քաղխորհրդի նախագահը (միայն բազմիմաստ ժպտացել էր:

Կյանքի փորձն այդ մարդուն հուշել էր, որ կգա մի ժամանակ, երբ ազատ կլինենք պարտադրվող գետտոյական ճարտարապետական մտածողությունից, եւ այն, ինչ սովետական է, ետեւում կմնա: ՈՒ կենտրոնը մնում էր`կառուցվում էին արվարձանները. Երեւանը տարածվում էր, նոր թաղամասեր էին ծնվում` իրար վրա լցված բազմահարկերով, օրավուր համալրվող բնակկազմ ունեցող քաղաքի համար բնակտարածքի սոցիալական խնդիրներ լուծելով: Երեւանը գրավեց 22.7 հազար հա տարածք: Այդպես ծնվեցին Նորքի 9 զանգվածները, Ավանը, Զեյթունը, Հարավ-Արեւմտյան թաղամասն ու Աջափնյակը. վերջին երկուսին ժողովուրդը, քաղաքից հեռու լինելու համար, սրամտորեն Բանգլադեշ ու Չերյոմուշկա է կոչում:Իսկ կենտրոնը` Թամանյանի կառուցած հոյակապ կառավարական համալիրով, «Արմենիա» հյուրանոցով,չկառուցապատված հարակից փողոցներով, մնաց այնքան, մինչեւ մենք ազատ եղանք նախագծելու եւ կառուցելու այնպես, ինչպես ուզում ենք:

Ո՞վ է մեզ խանգարում

Հիմա էլ ուրիշ խանգարող բան կա` փողը:Երեւանը սեփական բյուջե չունի:Պետական բյուջեից տարեկան ծախսվող 35 մն դոլարին համարժեք գումարը հազիվ է ծայրը ծայրին հասցնում` 1,1 մլն բնակչություն ունեցող քաղաքի կարիքները հոգալու: Համեմատելու համար ասենք, որ չափերով եւ բնակչությամբ համարժեք ֆրանսիական Լիոն քաղաքը, ում հետ աշխուժորեն փոխհարաբերվում է Երեւանը, 50 անգամ ավելի է ֆինանսավորվում: 

«Երեւանի կարգավիճակը պետք է փոխել, հատուկ օրենք պետք է ընդունել Երեվանի մասին`ինքնուրույն բյուջե ունենա, ընտրովի քաղաքապետ լինի,որի դեպքում միայն հնարավոր կլինի ազատորեն հարց լուծել»,- հաճախ էր սիրում կրկնել նախկին քաղաքապետ Ռ. Նազարյանը: Այս հարցերը լուծելուն զուգահեռ` պետք է փոխվեր Սահմանադրությունը: 3 մլն.-անոց Հայաստանում 1 մլն. բնակչություն ներկայացնող ընտրովի քաղաքապետը լուրջ մրցակից է եւ երկրի նախագահի, եւ վարչապետի համար: Ու փոխվեց քաղաքապետը: Նոր քաղաքապետ Երվանդ Զախարյանն այդպիսի հարցադրումներ չի անում:

Նա եւս սկսեց ապօրինի կառույցներն ապամոնտաժելու, կանաչ գոտիների կառուցապատումը դադարեցնելու, երթեւեկությունը բարելավելու, փողոցներին ու մայթերին կատարվող առեւտուրը կանոնակարգելու խոստումներից, որոնք երեւանցիները ստացել են առնվազն վերջին 5 քաղաքապետերից, սակայն էական փոփոխություն տեղի չի ունեցել, եթե չասենք` հակառակը: Քաղաքի կենտրոնի երկու թեւերը կանաչապատ հատվածներով իրար միացնող Օղակաձեւ զբոսայգին խեղդվել է քարե կառույցներով` պաշտոնյաներին եւ նորահարուստներին պատկանող սրճարաններով, պաղպաղականոցներով եւ այլ շահութաբեր օբյեկտներով ծածկվելով:Կանաչազարդ Երեւանը պարտվում է քարե Երեւանին, եւ սա քաղաքաշինական եւ էկոլոգիական լուրջ խնդիր է: Փոքր երթուղային միկրոավտոբուսներով են խեղդված նաեւ Երեւանի տրանսպորտային ուղիները` 118 երթուղում 2000-ից ավելի երթուղային է աշխատում: Դրանք նույնպես պատկանում են «կռիշա» ունեցող մարդկանց: Երեւանում կա «գծի տեր» հասկացությունը: Դրանք եւ պատգամավորներ են, եւ զանազան պաշտոնյաների դրածոներ: Շահույթ ստանալու նրանց մրցակցությունը թույլ չի տալիս նվազեցնել Երեւանի փողոցներում քաոս ստեղծող մեքենաների թիվը, դրանց մի մասը փոխարինել մեծ ավտոբուսներով, որոնք շահութաբեր չեն համարվում: Երեւանցին տրանսպորտի համար ամեն օր վճարում է կես դոլլարից մի քիչ պակաս, ինչով կարող է օրվա հացի հարց լուծել: Ե րեւանցու միջին աշխատավարձը տատանվում է 20-ից 40 դոլարի սահմաններում, եւ կոմունալ ու տրանսպորտային ծախսերը տանում են երեւանցու աշխատավարձի մի առյուծի բաժինը: Իսկ կենսաթոշակն ու նպաստներն ավելի փոքր գումարներ են կազմում: 

Վերադառնալով Երեւանի կենտրոնի կառուցապատմանը` նկատենք , որ օլիգարխներին պատկանող զանազան հյուրանոցներին եւ համալիրներին զուգահեռ` պետությունը եւս ծրագրեր է իրականացնում` փորձելով շարունակել Թամանյանի գլխավոր հատակագծի տրամաբանությունը` միաժամանակ եվրոպականացնելով Երեւանի կենտրոնը: Թամանյանի հատակագծից հետո եւս 3 գլխավոր հատակագիծ է իրականացվել` Երեւանի բնակչության թվի աճին զուգահեռ քաղաքաշինական խնդիրներ լուծելով: Այժմ մշակվում է նորը` 5-րդը, որի ողնաշարն է լինելու քաղաքի կենտրոնը Զեյթուն-Կոմիտաս գծին միացնող Հյուսիսային պողոտան: Ճիշտ է, այստեղ եւս մասնավոր անձիք են կառուցում` Հյուսիսային պողոտան բաժանվել է 30 լոտի, ցանկացողն աճուրդով պետք է ձեռք բերի եվ սկսի կառուցել` ըստ գլխավոր հատակագծի եվ պետության հետ կնքած պայմանագրի: Պողոտայի առաջին շենքերն արդեն կառուցվում են: Նրա վերջնակետը Կասկադն է, շատ գեղեցիկ մի մշակութային համալիր, որտեղ եւ բազմաթիվ աստիճաններով, եւ էսկալատորներով վայրկյաններում կարող ես օպերայի շենքի մոտից ընկնել Զեյթուն բարձրադիր թաղամաս, մինչդեռ միկրոավտոբուսը ոլորապտույտ ճանապարհով այնտեղ է բարձրանում 15-20 րոպեի ընթացքում: Կասկադի կիսակառույց համալիրն արդեն երկու տարի ձեռք է բերել եւ կառուցում է սյուռքահայ Գաֆեսճյան ընտանիքը` նպատակ դնելով համալիրը դարձնել միջազգային նշանակության մշակութային կենտրոն:Կասկադի դիմաց արդեն տեղադրվել է աշխարհահռչակ Բոտերոյի սեւ կատվի մոնումենտալ քանդակը:Երեւանցիները սիրում են այստեղ գալ`ցերեկը գործում է Գաֆեսճյան թանգարանը, ողջ գիշեր բաց է շուրջօրյա սրճարանը: Վերջերս այստեղ բացօթյա համերգ տվեց սիրված երգչուհի Նունե Եսայանը: 

Երեւանի նոր մշակվող գլխավոր հատակագիծը, նախորդների հետ համեմատած,ունենալու է մի փոքր այլ ուղղվածություն:Ըստ քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի`Երեւանն առաջվա նման էլ չի փռվի.«Նախորդ ժամանակներում Երեւանը զարգանում էր դեպի դուրս, իսկ այժմ դեպի ներս պիտի զարգանա իր ռեսուրսների` իրեն պատկանող գյուղատնտեսական հողերի եւ կենտրոնի բակերի հաշվին կենտրոնի բակերի հաշվին մասնավոր շինարարության հիմնական ուղղությունը բազմաբնակարան շենքերը կլինեն»: Ըստ գլխվոր ճարտարապետի` Երեւանում պրոբլեմ է նաեւ շրջանցիկ ճանապարհների հարցը: Կարելի է հաճախ տեսնել մթերքով, շինանյութով բեռնված հսկա բեռնատարները, որոնք քաղաքին հարակից արեւելյան եւ հարավային բնակավայրերից Երեւանի կենտրոնը հատելով ուղղվում են դեպի Աբովյան կամ Հրազդան` ավելի բարդացնելով երթեւեկությունը Երեւանի փոողոցներում: Երեւանն օղակող շրջանցիկ ճանապրհները կլուծեին կենտրոնի բեռնաթափման հարցը. բայց դա առայժմ ֆինանսապես եւ տեխնիկապես դժվար լուծելի խնդիր է: 

 Երեւանում գերեզմանները 600 հեկտարից ավելի տարածք են զբաղեցնում` ապօրինի հողազավթումները չհաշված: Շատ թաղամասերում, ինչպես օրինակ Ավանում, Ավան-Առինջում, գերեզմանները մոտեցել են բնակելի հատվածներին: Քաղաքի իշխանությունները մտմտում են տիպային գերեզմանոցների ստեղծման մասին, ինչպես Եվրոպայում է: «Երեւանը ապրողների քաղաք է, եւ ոչ թե մեռյալների»,-ասում է քաղաքապետ Մարտուն Մաթեւոսյանը: Բայց թե կկարողանա՞ն հաղթահարել մեծ տարածքներում ճոխ թաղումներ անել սիրող հայերիս համառությունը եւ ստիպել բավարարվել փոքրիկ տարածքներում տիպային հուշաքարի տեղադրումով` այդ էլ մի ուրիշ անլուծելի խնդիր է թվում:

Երեւանյան մեկ օր 

Երեւանյան օվա մասին թերեւս մի փոքր պատկերացում տա հոկտեմբերի 17-ին իմ անցկացրած օրը, որ ամբողջ ամառվա եւ աշնան ընթացքում առաջին կիսաամպամած օրն էր: Հիանալի ոսկե աշուն է Երեւանում` միջինը 25-30 աստիճան ջերմությամբ, երեւանցիք շրջում են կարճ թեւքով: Օրս առավոտյան սկսվեց Երեւանի քաղաքապետի ասուլիսին ներկա լինելով. նա խոստումներ էր տալիս լուծելու բոլոր այն պրոբլեմները, որոնց մասին պատմեցի: Հետո սուրճ խմեցի «Առագաստ» սրճարանում: Սա էլիտար մի վայր է, որտեղ կարելի է տեսնել քաղաքի բոլոր հայտնի մարդկանց, երբեմն գալիս են երկրի ղեկավարները: Երբ սրճարանի շուրջը բազմաթիվ ոստիկանական մեքենաներ եւ սեւ թանկարժեք ջիպեր կան` ուրեմն վստահ կարելի է ասել, որ այստեղ է երկրի նախագահը կամ մեկ այլ բարձրաստիճան: Երեկոյան այստեղ ջազ են նվագում: Աշխարհի ջազմեններին լավ ծանոթ Լեւոն Մալխասյանի իմպրովիզացիաները լսելու են գալիս նաեւ Երեւանի հյուրերը: Այս տարածքում ամեն տարի Հայաստանի երիտասարդությունը ջազ-փառատոներ է կազմակերպում: Իսկ թե որքան աշխարհահռչակ ջազմեններ են նվագել այս սրճարանում` Լեւոն Մալխասյանն արդեն չի հիշում: 

 Մի փոքր ավելի ուշ ընդդիմության հանրահավաքն էր կես փողոց դեպի վեր գտնվող հին ձեռագրերի թանգարանին` Մատենադարանին հարակից տարածքում: 5-րդ դարի հայ պատմիչների ձեռագրերը Մատենադարանի փառավոր կիսամութում անտեղյակ են դրսում կատարվողին: Իսկ դրսում, ինչպես միշտ, խոսում են ժողովրդի ծայրահեղ աղքատ վիճակից, իշխանավորների լափելուց, մեր կյանքը փոխելու անհրաժեշտությունից: Ելույթ ունեցողներից մի երկուսն անգամ խոսքից գործի անցնելու կոչեր արեցին: Սակայն Երեւանի ընդդիմությունը սովորորաբար զսպված եւ խաղաղասեր է: Չգիտեմ, գուցե Բաքվի հետընտրական փողոցային ընդհարումների տրամադրությունն էր ազդել , բայց մի փողոց այն կողմ ` Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց, զինվորներ եւ փշալարեր էին հայտնվել: Այս հանրահավաքներն այլեւս շատ մարդկանց չեն հետաքրքրում, մի երեք-չորս հազար մարդ հազիվ կլիներ: 

Մատենադարանից մի քանի մետր իջնելով` այլ իրավիճակի եւ միջավայրի մասնակիցն էի այլեւս.մարդիկ եկել էին կինո «Նաիրի»` Հոլանդիայում ապրող մեր հայրենակից Դոն Ասկարյանի ֆիլմերի շաբաթի բացմանը, լրագրողները հենց դրսում հարցազրույց էին վերցնում նրանից:Հարցրի նրա երիտասարդության քաղաքի` Երեւանի մասին: Ասաց.«Այսօրվա ֆիլմն անպայման նայիր` սիրո խոստովանություն է Երեվանին»: «Երաժիշտները». այսպես էր կոչվում Դոն Ասկարյանի կիսավավերագրական-կիսագեղարվեստական ֆիլմը, որը պատմում էր Երեւանի փողոցներում նվագելով իրենց հացը վաստակող երաժիշտների մասին: Նայեցի մի շնչով, բանաստեղծություն կարդալու պես, իսկ մի պատկերը` լարախաղացը, որին Ասկարյանը նկարել էր ներքեւից, առանց լարը ցույց տալու, երկնքի սպիտակի ու կապույտի ֆոնին, այս պահին, այս տողերը գրելիս ուղեկցում է ինձ. կարմիր զգեստով լարախաղացը,թվում էր, քայլում էր երկնքով եւ ուր որ է կհեռանար դեպի երկնքի խորքերը: ՈՒ հասկացա, թե ինչու էր Ասկարյանն ասում. «Երբ այս ֆիլմերը նայում եմ` զարմանում եմ, որ այս ֆիլմերը ես հաջողացրել եմ նկարել»:

Հոկտեմբերը Երեւանում 

Երեւանցիների մեծ մասը չի հիշում, որ մի տասնհինգ տարի առաջ այս ամսին մայրաքաղաքը կարմիր դրոշներով ու փուչիկներով մի տոն էր նշում: Երեւանյան հոկտեմբերը տոների պակաս չունի.սկսվում է Թարգմանչաց տոնով, որը 404 թվականին ստեղծված հայոց գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցին, նրա աշակերտ թարգմանչաց դասին եվ առհասարակ Հայաստանում գնահատվող թարգմանական արվեստին նվիրված տոն է: Երեւանցիները գնում են Օշական` Մաշտոցի գերեզմանին` Աստվածաշնչի եւ Նոր հազարամյակի առաջին արժեքների հայ թարգմանիչների հիշատակը հարգելու: Գալիս են նաեւ բազմարիվ թարգմանիչներ այլ երկրներից.«Մեր շատ զորավարների, թագավորների գերեզմանները չեն պահպանվել, բայց իմաստուն մի խորհրդով պահպանվել է Մաշտոցինը»,-նկատում է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը: 16 դար շարունակ ժողովուրդը մշտապես ուխտի է գնացել Մեսրոպի գերեզման: 

Հաջորդում են բերքի տոները ու գինետոները, ապա եւ «Էրեբունի-Երեւան» թատերականացված հանդիսությունների շարքը, որը տոնվում է մ.թ.ա 785 թ. Արգիշտի թագավորի կողմից Էրեբունի ամրոցի հիմնադրման առթիվ. սա համարվում է Երեւանի հիմնադրման թվականը: Այդ մասին վկայող արձանագրությունը գտնվել է օրինաչափ պատահականությամբ: Գիտնականները պեղում էին Երեվանի բազմաթիվ հնավայրերից մեկը, իսկ հսկա մի սալ խանգարում էր:Բերեցին ծանր տեխնիկա, որ հեռու տանեն ադ հսկա քարը ,սակայն հակառակ երեսին բացվեց ամրոցի հիմնադրման մասին Արգիշտի արքայի արձանագրությունը:Հնագետ Հակոբ Սիմոնյանը, սակայն , իր կյանքի գործն է համարում ապացուցել , որ Երեւանը քաղաք է եղել այդ տարեթվից 2 հազար տարի առաջ դեռեւս, քանի որ նրա կողմից պեղվող Երեվանի թաղամասերից մեկում` Շենգավիթում հայտնաբերված նյութական մշակույթն այդ մասին է վկայում.«Մեզանից 5 հազար տարի առաջ Շենգավիթում սեյսմակայուն տներ են կառուցել.խսիրը թրջել են կավե լուծույթի մեջ եւ տեղադրել քարե շարքերի արանքում»,- հիանում է հնագետը: 

Տաք եւ արեւոտ աշունն Երեւանում ավարտվում է երգ-երաժշտության «Ոսկե աշուն» փառատոնով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter