HY RU EN

Գագիկ Աղբալյան

Չեք կարող այցելել անձնագրային ծառայություն՝ ոստիկանությունն ինքը կայցելի ձեզ

Կառավարությունը պատրաստվում է փոփոխություններ կատարել անձնագիր կամ նույնականացման ստանալու կամ փոխանակելու կարգում:

Ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, ոստիկանությունը մշակել եւ գործադիրին է ներկայացրել որոշման նախագիծ, որը հնարավորություն կտա առանց անձնագրային ծառայություն այցելելու՝ ստանալ անձնագիր կամ նույնականացման քարտ:

Ներկայումս գործող կարգի համաձայն՝ քաղաքացին վերը նշված գործարքներից որեւէ մեկն իրականացնելու համար պետք է այցելի ոստիկանություն, որպեսզի ներկայացնի իր կենսաչափական տվյալները: Անձը հաստատող հիշյալ փաստաթղթերը ստանալու համար դիմելիս կենսաչափական տվյալները քաղաքացին  պետք է հանձնի ոստիկանությունում:

 Սակայն պրակտիկայում լինում են դեպքեր, երբ տարբեր հանգամանքներով պայմանավորված (քրեակատարողական հիմնարկում գտնվելու, տարիքի, հիվանդության և այլն) անձը չի կարող ներկայանալ անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություն` անհրաժեշտ կենսաչափական  տվյալներ հանձնելու համար: Արդյունքում, անձը հաստատող փաստաթուղթ ձեռք բերելու անհնարինությունը քաղաքացու համար խնդիրներ է առաջացնում իր իրավունքներն իրացնելիս:

Հաշվի առնելով վերը նշվածը, «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներում նախատեսվել են համապատասխան դրույթներ, որոնք իրավունք են վերապահում քաղաքացիներին՝ կենսաչափական տվյալները ոստիկանությունում հանձնելն անհնարին լինելու պարագայում դրանք հանձնել իր գտնվելու վայրում:

Եթե քաղաքացին ունի կենսաչափական տվյալները ոստիկանությունում հանձնելու անհնարինությունը հավաստող հանգամանքներ, նա իր գտնվելու վայրում կլուսանկարվի եւ կհանձնի մատնադրոշմներ:

Եթե անձը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, ապա միջնորդ կողմը ՔԿՀ վարչակազմն է, որը պետք է ոստիկանությանը հասցեագրված գրություն ներկայացնի քրեակատարողական հիմնարկում գտնվող անձին նույնականացման քարտ կամ անձնագիր տրամադրելու վերաբերյալ: Ընդ որում, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը համապատասխան գրությունը պետք է ուղարկի քաղաքացու կողմից անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար գրավոր ցանկություն հայտնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Եթե քաղաքացին բժշկական հաստատությունում հիվանդանոցային ձեւով բժշկական օգնություն եւ սպասարկում է ստանում, ապա գտնվելու վայրում կենսաչափական տվյալներ ներկայացնելու եւ լուսանկարվելու համար անհրաժեշտ կլինի համապատասխան բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանք կամ գրություն:

Եթե անձը հաշմանդամության, հիվանդության կամ վիճակի, տարիքային կամ այլ խնդիրներով պայմանավորված զրկված է ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից, ապա պետք է դա հավաստող՝ առողջության առաջնային պահպանման բժիշկի կամ բուժող բժիշկի, կամ մարզպետարանների աշխատակազմերում առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով գործող սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների, ինչպես նաև Երեւանի քաղաքապետարանի, Արարատի, Վանաձորի, Գյումրու եւ Ջերմուկի համայնքապետարանների աշխատակազմերում առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով գործող սոցիալական աջակցության տարածքային բաժինների կողմից ոստիկանությանը ներկայացվի տեղեկանք:

Բացի ազատազրկված անձանցից, մյուսները պետք է դիմումը ոստիկանությանն ուղղեն լիազոր անձի, թեկուզ՝ հենց խնամակալի միջոցով, դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերը եւ լիազորագիր՝ առանց նոտարական վավերացման:

Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է քաղաքացու գտնվելու վայրում շարժական սարքերով մատնադրոշմներ վերցնելու եւ տեղում անձին լուսանկարելու գործընթացը:

Ի դեպ, այս ամենի համար լրացուցիչ վճար չի գանձվելու:

Լուսանկարը՝ Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի էջից