ԵԱՀԿ-ն խթանում է Հայաստանում կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ
Հայաստանի քաղաքական կուսակցությունների կողմից առաջադրվող կին-թեկնածուների մասնակցության խթանմանն ուղղված աշխատանքներն էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից այսօր կազմակերպված կլոր սեղանի քննարկման առանցքում:
Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները քննարկել են, թե ինչպես կարելի է բարձրացնել կանանց մասնակցությունը քաղաքական կյանքում, ինչպես նաև անդրադարձան կանանց` որպես առաջնորդների, որոշում-կայացնողների և թեկնածուների առաջ քաշելու լավագույն պրակտիկային:
«Կին առաջնորդները կարևոր դեր ունեն առողջ ժողովրդավարական հասարակության և կայուն քաղաքական համակարգերի զարգացման գործում»,- նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան,- 2012 թ. մայիսի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ԵԱՀԿ-ն աշխատում է աջակցել երկրին` ազատ և արդար ընտրություններ ապահովելու հարցում: Բացի այդ, որպեսզի ընտրությունները համապատասխանեն ԵԱՀԿ պարտավորություններին, անհրաժեշտ է ստեղծել հնարավորություն, որպեսզի կանայք հավասարապես և լիարժեքորեն մասնակցեն այս գործընթացին»:
Միջոցառումը ԺՀՄԻԳ-ի շարունակական աշխատանքի մաս է կազմում, որն ուղղված է քաղաքական կուսակցությունների և ընտրական գործընթացների ժողովրդավարացմանը` քաղաքական կուսակցությունների բազմակարծության և հավասար մասնակցության ԵԱՀԿ պարտավորություններին համահունչ:
«ԺՀՄԻԳ-ը աջակցում է Հայաստանում քաղաքական կուսակցությունների բարեփոխումների գործընթացին` տրամադրելով ԵԱՀԿ տարածաշրջանի առկա ժողովրդավարական կառավարման և քաղաքական ասպարեզում կանանց մասնակցության լավագույն փորձը»,- նշել է ԺՀՄԻԳ-ի ծրագրի պատասխանատու Դիանա Դիգոլը:
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է ԺՀՄԻԳ-ի աջակցությամբ հրատարակված «Գենդերային հավասարությունը ընտրված պաշտոնում. վեց քայլից բաղկացած գործողությունների ծրագիր»-ը, որն ուրվագծում է ԵԱՀԿ տարածքում քաղաքական ասպարեզում կանանց մասնակցության ուղղությունները և առաջարկում կոնկրետ ռազմավարություններ` բարձրացնելու կանանց դերը հասարարական կյանքում:
Կլոր սեղանի մասնակիցները նաև անդրադարձել են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ հրատարակված Հայաստանում քաղաքացիական և քաղաքական մասնակցության գենդերային հարթությունը թեմայով սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքներին:
Կլոր սեղանին կհաջորդի երկօրյա ինտենսիվ ուսուցողական դասընթաց քաղաքական կուսակցությունների կին թեկնածուների համար: Դասընթացի առանցքում կլինեն արդյունավետ ընտրարշավ կազմակերպելու, ԶԼՄ-ների հետ աշխատելու, ինչպես նաև քաղաքական ծրագրեր մշակելու հմտությունները: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել