
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն չի վերահսկում Ալավերդիով անցնող երկաթուղու անվտանգությունը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գլխավոր տնօրենի մամուլի քարտուղար Վարդան Ալոյանի խոսքով` հասարակական կառուցապատում թույլատրվում է երկաթգծից նվազագույնը 10 մետր հեռավորության վրա:
Երկաթուղին տեղակայված է Ալավերդու կենտրոնով անցնող Թումանյան փողոցի երկայնքով, Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի հարևանությամբ, որը շուրջ 1 կմ հատվածում երկաթգծից բաժանվում է հենապատով: Վերջինս նույնպես մտնում է երկաթգծի անվտանգության գոտու մեջ:
Խաթարելով երկաթգծի անվտանգությունը` այդ հենապատերի վրա, Ալավերդու նախկին և ներկա համայնքապետերի առաջարկությամբ, համայնքի ավագանու որոշումներով վերջին տարիներին կառուցվում են հասարակական նշանակության կառույցներ: Դրանք մի կողմից միջպետական ծանրաբեռնված մայրուղու մայթերում հետիոտնի համար ստեղծում են անանցանելիություն և մայթերի ծառերի մասսայական ոչնչացում, մյուս կողմից վտանգներ են ստեղծում երկաթգծի անվտանգ երթևեկության համար:
Հասարակական կառույցների մասին ավագանու որոշումները գնացքների և հանրային օբյեկտներից օգտվող բնակչության անվտանգության երաշխիքներ չեն տալիս: «Միայն այն, որ երկաթգիծը այդ կառույցներով հայտնվում է շրջափակման մեջ, և արտակարգ իրավիճակում երկաթգծին չի կարող մոտենալ որևէ օժանդակող տրանսպորտային միջոց, դա ինքնին անթույլատրելի է երկաթգծի անվտանգության առումով»,- ասում է Ալավերդու ճանաչված շինարարներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը:
Դեկտեմբերի 28-ին Ալավերդիում գտնվող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն երկաթգծի անվտանգության գոտում հանրային կառույցների շինարարության հետ կապված «Հետք»-ին պատասխանել է. «Ես տեղյակ չեմ` ինչի մասին եք դուք հարցնում, երկաթգծի հարևանությամբ շինություններ կառուցելու մասին թույլտվություններ մեր կողմից չեն տրվել»:
Սերգեյ Վալկոն
Լոռու մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը նույնպես տեղյակ չէր երկաթգծի անվտանգության գոտում հասարակական շինությունների կառուցմանը: Պարոն Ջանազյանը խոստացավ իր աշխատողներից մեկին ուղարկել տեղում վիճակը տեսնելու:
Նշենք, որ խորհրդային տարիներին Հայաստանի երկաթուղու պետ Համբարձում Ղանդիլյանի կողմից, երկաթգծի անվտանգության շահերից ելնելով, կտրականապես մերժվել է Թումանյան փողոցով անցնող Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը երկաթգծից բաժանող հենապատի հաշվին լայնացնելու Ալավերդու քաղխորհրդի գործկոմի առաջարկը: «Հետքը» մի քանի անգամ անդրադարձել է Ալավերդու քաղաքապետարանի կողմից այս հենապատերի վրա հատկացված հասարակական կառույցների հետևանքով գերբեռնված Թումանյան փողոցի մայթերի անանցանելի վիճակին և ծառերի մասսայական հատումներին:
Դեկտեմբերի վերջին օրերին երկաթգծի անվտանգության գոտում շուրջ 5 շինությունների կառուցման նոր տարածքներ են բացվել: Դրանք կառուցվում են երկաթգծից 1,5-2 մ հեռավորության վրա: Կառուցման ընթացքում շինարարություն իրականացնողները շատ տեղերում քանդում են նաև երկաթգծի հիմքերի պատնեշները, որոնք միանշանակ թուլացնում են երկաթգծի հիմքերը: Երկաթգծով երթևեկում են 60 տոննայից ավելի ծանրությամբ գնացքներ: Արտակարգ պատահարների դեպքում ծանրաքարշ գնացքները կարող են հայտնվել հենց կառույցների վրա:
Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ համայնքի ավագանու կողմից հանրային օբյեկտներ կառուցելու որոշումներ կայացնելիս քաղաքապետարանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից համաձայնություն չի ստացել: Դրանք ստացել են կառույցների սեփականատերերը: Որոշումներ կայացնելիս ավագանին շրջանցել է նաև Ալավերդու գլխավոր հատակագծի պահանջները: Քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ Վալերի Մինասյանը բացատրեց, որ երկաթգծի անվտանգության գոտին ընդգրկող տարածքներում համայնքի ավագանին հանրային կառույցների շինարարության որոշումներ տալիս է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ.-ի հունիսի 29-ի N 1084-Ն՝ «ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի սահմանները հաստատելու մասին» որոշումը: Վ. Մինասյանը մեզ քարտեզի վրա ցույց տվեց Թումանյան փողոցի հատվածում երկաթգծի անվտանգության գոտին: «Անվտանգության գոտին երկաթգծի երկայնքով տեղ կա` 6-7 մետր է, տեղ կա` 10 մետր»,- բացատրեց Մինասյանը:
Թե հանրային կառույցների շինարարության թույլտվություն տալու ժամանակ ինչո՞ւ է երկաթգծի անվտանգության գոտին խախտվում, Վ. Մինասյանը չմեկնաբանեց: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անահիտ Հախումյանը մեզ հայտնեց. «Դուք հավանաբար երկաթգծին հարող հենապատի վրա կառուցվող հանրային կառույցների մասին եք հարցնում: Հենց այս պահին դրանցից մեկի քաղաքապետարանի գրությունը մեր կողմից հետ է ուղարկվում: Մենք քաղաքապետարանից պահանջում ենք լրացուցիչ տեղեկություն երկաթգծից և Դեբեդ գետից այդ կառույցի հեռավորության մասին»:
Թե մինչև օրս ինչու քաղաքաշինության պետական կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունից Ալավերդիում կառուցված և կառուցվող հասարակական կառույցների համար երկաթգծից հեռավորության մասին տվյալներ չեն պահանջվել, Անահիտ Հախումյանը պատասխանեց, որ դա Ալավերդու քաղաքապետի գործն է:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել