HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրավունքի կրկնակի խախտում

Սոնա Տռուզյան

Երեւանի բնակիչներ Արաքսյա Սողոմոնյանին ու Արսեն Նազարյանին չի հաջողվում վերականգնել իրենց խախտված իրավունքները, ինչի հիմնական պատասխանատուն դատական ատյաններն են. դատաքննությանը մասնակից չդարձնելով, դատարանը նրանց պարտավորեցրել է իրենց սեփական տան ու հողամասի վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր կնքել։ 

Մասնավորեցնենք, «Հյուսիսային պողոտա եւ կասկադ» ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն Ս. Բայբուրտյանը հայցադիմում է ներկայացրել նախ Երեւանի Կենտրոն եւ նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, այնուհետեւ վերաքննիչ դատարան՝ ընդդեմ քաղաքացի Հովհաննես Նազարյանի՝ պահանջելով պարտավորեցնել պատասխանողին կնքել անշարժ գույքը պետական կարիքների համար վերցնելու մասին պայմանագիր 2450 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով եւ նրան ու տարածքը զբաղեցնող այլ անձանց վտարել վիճելի տարածքից։ Խնդիրն այն է, որ Հ. Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող տունը, ինչպես նաեւ օգտագործման իրավունքով պատկանող հողը գտնվում են Աբովյան 1\2 հասցեում եւ ըստ այդմ հայտնվել են Հյուսիսային պողոտայի օտարման գոտում։ 

Վերաքննիչ դատարանը, քննության առնելով Ս. Բայբուրտյանի հայցադիմումը, 2002թ.-ի նոյեմբերի 5-ին վճռել է. «Պարտավորեցնել պատասխանող՝ Հ. Նազարյանին եւ նրա ընտանիքի անդամներին «Երեւանի քաղաքապետի հետ կնքել անշարժ գույքի առք ու վաճառքի պայմանագիր, համաձայն որի Երեւան քաղաքի Աբովյան 1\2 հասցեում գտնվող նրանց պատկանող անշարժ գույքի դիմաց փոխհատուցում տալ 11.000 ԱՄՆ դոլար եւ վտարել նշված հասցեից»։ Մի կողմ թողնելով այն փաստը, որ վերաքննիչ դատարանը, փաստորեն, դուրս է եկել հայցապահանջի շրջանակներից, քանզի ինչպես արդեն վերեւում արձանագրել ենք, Ս. Բայբուրտյանը դատարանին խնդրել էր քաղաքացի Հովհաննես Նազարյանին պարտավորեցնել կնքել առուվաճառքի մասին պայմանագիր, իսկ վերաքննիչ դատարանը վճռել է պարտավորեցնել նաեւ նրա ընտանիքի անդամներին: Արձանագրենք, որ վերաքննիչ դատարանը նման վճիռ է կայացրել դատաքննությանը նրանց մասնակից չդարձնելով։ Ընտանիքի անդամներն էլ՝ Արաքսյա Սողոմոնյանն ու Արսեն Նազարյանը, օգտվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223 հոդվածով ընձեռված իրավունքից, որպես գործին մասնակից չդարձած անձինք, վճռաբեկ բողոք են ներկայացրել՝ պահանջելով բեկանել վերաքննիչ դատարանի վճիռը։ Քանզի քաղ. դատ. օր.-ի 227 հոդվածը սահմանում է, որ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման՝ եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ։ Բողոքին միացել է նաեւ Հովհաննես Նազարյանը եւ այն համալրել նոր հանգամանքներով, որոնք իր կարծիքով լրացուցիչ հիմք են հանդիսանում վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար։ 

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատը 2003թ.-ի հունվարի 17-ին բեկանել է վերաքննիչ դատարանի վճիռը՝ Հովհաննես Նազարյանի եւ նրա ընտանիքի անդամների հետ անշարժ գույքի պայմանագիր կնքելու, բնակարանից վտարելու մասով եւ ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության համար։ Նշենք, որ վճռաբեկ դատարանը շրջանցել է քաղ. դատ. օր-ի 227 հոդվածը եւ վերաքննիչ դատարանի վճիռը բեկանել է 228 հոդվածի հիմքով (նոր երեւան եկած հանգամանքով), իսկ մյուս պատճառաբանությունները պալատն ընդհանրապես չի գնահատել։ 

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատի սույն որոշումից արդեն անցել է մոտ 10 ամիս, սակայն հարցը դեռեւս չի ստացել իր լուծումը, նոր քննություն չի իրականացվել եւ չեն վերականգնվել Ա. Սողոմոնյանի եւ Ա. Նազարյանի խախտված իրավունքները. գործը գտնվում է վերաքննիչ դատարանի վարույթում, կասեցված վիճակում։ Թեեւ, հանուն ճշմարտության պետք է արձանագրենք, որ նոր քննություն իրականացնելու դեպքում անգամ վերաքննիչ դատարանը չի կարող շտկել թույլ տրված խախտումը եւ վերականգնել նշված անձանց իրավունքները, քանզի քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հնարավորություն չի տալիս վերաքննիչ դատարանին, գործին մասնակից չդարձած անձին ներգրավել որպես դատավարության մասնակից։ Լուծումը, ըստ փաստաբան Կարեն Մեժլումյանի, տվյալ պարագայում հետեւյալն է՝ «Հյուսիսային պողոտա եւ կասկադ» ԾԻԳ պետական հիմնարկը, ի դեմս տնօրեն Սուրեն Բայբուրտյանի, պետք է նոր հայցադիմում ներկայացնի առաջին ատյանի դատարան, որտեղ որպես պատասխանողներ պետք է ճանաչվեն նաեւ Արաքսյա Սողոմոնյանն ու Արսեն Նազարյանը, որից հետո գործը պետք է հասնի վերաքննիչ դատարան եւ այնտեղ երկու գործերը միացվեն ու լուծում տրվի։ 

Դժվար է սա արդյունավետ լուծում համարել, բայց փաստն այն է, որ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը սահմանափակում է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքները՝ նրանց համար չնախատեսելով դատավարական իրավունքներ։ 

Ճիշտ է, քաղ. դատ. օր.-ի 205 հոդվածը սահմանում է, որ առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ չմտած վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն նաեւ «գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ վճիռ է կայացվել»։ (Սա իր մեջ ներառում է նաեւ 3-րդ անձի իրավունքները, ինչից հետեւում է, որ երրորդ անձինք՝ ինքնուրույն պահանջ ներկայացնող կամ չներկայացնող, որոնք մասնակից չեն եղել առաջին ատյանի դատաքննությանը, կարող են բողոքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը)։ Բայց այսքանով նրանց իրավունքները սահմանափակվում են, քանզի քաղ. դատ. օր.-ի 215 հոդվածը, որը կանոնակարգում է վերաքննիչ դատարանում գործի քննության կարգը, թույլ չի տալիս դատարանին՝ նշված հիմքով բողոք բերած անձին ներգրավել որպես մասնակից։ 

 215 հոդվածը սահմանում է, որ՝ վերաքննիչ դատարանում գործը քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով, բացառությամբ «... վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող կամ չներկայացնող երրորդ անձանց՝ գործի մեջ մտնելու կանոնների»։ Այսինքն, քաղաքացիական դատավարության օրենսգիրքը մի կողմից իրավունք է տալիս առաջին ատյանի դատարանում մասնակից չդարձված անձին վերաքննիչ բողոք ներկայացնել, բայց մյուս կողմից նրան չի տալիս դատավարական որեւէ կարգավիճակ՝ վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ։ 

 «Մենք չենք կարող գործին մասնակից չդարձած անձին որպես կողմ ներգրավել եւ դատաքննության ժամանակ հայտնվում ենք շատ ծանր վիճակում՝ օրինակ, նրա բացատրություններ տալու հարցի հետ կապված։ Քաղաքացին բողոք է բերել եւ ուզում ենք հետաքրքրվել, թե նրա կարծիքով իր ո՞ր իրավունքն է խախտվել, բայց մյուս կողմի փաստաբանն անմիջապես միջամտում է եւ տեղին նկատում, թե ի՞նչ հիմքով ենք նրան հարցեր տալիս, բացատրություններ վերցնում»,- նշում է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանը: Դատավորն ավելացրեց, որ գործի քննությանը մասնակից չդարձած անձը վերաքննիչ դատարանում չունի դատավարական որեւէ իրավունք եւ չի կարող ներկայացնել նաեւ լրացուցիչ ապացույցներ կամ առարկել մյուս կողմի բացատրություններին։ Իսկ եթե հանկարծ այսօրինակ բողոքների դատավարության ժամանակ առաջանում է փորձաքննություն նշանակելու խնդիր, ապա պարզ չէ, թե ո՞ւմ միջեւ պետք է բաժանվեն ծախսերը, քանզի անգամ այս հարցերը օրենսգիրքը չի կարգավորում։ Ավելին, նշված հիմքով բողոք բերած անձի ներկայությունն անգամ պարտադիր չէ բողոքի քննության ժամանակ։ «Առանց նրա էլ դատարանը կարող է քննել գործը։ Ուղղակի գիտենք, որ կա ինչ-որ անձ, որի հետ կապված ապացույցները հետազոտելիս պետք է հաշվի առնենք նաեւ նրա շահերը»,- արձանագրում է Ս. Անտոնյանը, խոստովանելով, որ, այսօրինակ գործերով վճիռներ կայացնելիս ի սկզբանե գիտակցում են, որ դրանք վճռաբեկ դատարանի կողմից ենթակա են բեկանման։ 

Խնդիրն այն է, որ քաղ. դատ. օր.-ի 223 հոդվածի համաձայն, ինչպես արդեն արձանագրել ենք, գործին մասնակից չդարձած այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ վճիռ է կայացվել, նաեւ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն։ Իսկ 227 հոդվածը սահմանում է, որ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման՝ եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որեւէ մեկի բացակայությամբ, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ։ Բայց վճիռը բեկանելով Վճռաբեկ դատարանը չի վերականգնում նշված երրորդ անձի խախտված իրավունքները եւ ոչ էլ ի զորու է հստակեցնել նրա դատավարական կարգավիճակը։ Ճիշտ հակառակը, պատճառ է դառնում մի դատական կարուսելի, որտեղ անվերջ պտտվելով դատաքննությանը մասնակից չդարձված երրորդ անձը միեւնույն է չի կարող վերականգնել իր իրավունքները։ «Կան դեպքեր, երբ քաղաքացիական մի գործը տարիներով լսվում է. գործը քննվում է նախ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների կողմից, ապա հասնում է վճռաբեկ դատարան, որը վճիռը բեկանում է եւ գործը նորից վերադարձնում է վերաքննիչ դատարան նոր քննության։ Վերաքննիչ դատարանը նորից նույն վճիռն է կայացնում, որը բողոքարկվում է վճռաբեկ դատարան եւ այսպես շարունակ, ինչի հանգուցալուծումը չի երեւում»,- ասում է փաստաբան Զառա Դանիելյանը։ Դրա վառ ապացույցը վերեւում նշված օրինակն է։ 

Սույն անելանելի իրավիճակը սետղծվել է հատկապես քաղաքացիական դատավարության օրենսգրքի մասնավորապես 236 հոդվածում կատարված փոփոխությունից հետո, ըստ որի՝ Վճռաբեկ դատարանի կողմից վճիռը բեկանվելու դեպքում գործն ուղարկվում է վերաքննիչ դատարան՝ նոր քննության։ Այս փոփոխությունը ժամանակին կատարվել է առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի գործառույթների կրկնությունը բացառելու համար, սակայն սրա հետ մեկտեղ չեն վերանայվել վերաքննիչ դատարանի իրավասությունները։ Արդյունքում ստացվել է հետեւյալը՝ «խատելի կակ լուչշը, նո ակազալս կակ վսեկդա»։ Առավել եւս, երբ նույն օրենսգրքի 215 հոդվածը, թույլ չտալով վերաքննիչ դատարանին վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող կամ չներկայացնող երրորդ անձանց մասնակցել դատաքննությանը, նրանց, փաստորեն, զրկում է նաեւ հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքից։ Ընդ որում, 3-րդ անձի պահանջը ոչ բոլոր դեպքերում է հնարավոր ձեւակերպել որպես առանձին հայցապահանջ։ Հարցի լուծումը, ըստ մասնագետների, քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերանայումն է։ «Արդեն 5 տարի է, ինչ օրենսգիրքը գործում է եւ արդեն ունենք դատական պրակտիկա։ Ժամանակն է, որպեսզի ամփոփենք այդ պրակտիկան եւ օրենսգրքից կտրենք-հանենք վատը՝ փոխարենը ներմուծելով լավը»,- նշում է Ս. Անտոնյանը։

 «Լավը» տվյալ պարագայում ունի մի քանի տարբերակ ունի 

ՀՀ տնտեսական դատարանի դատավոր Անատոլի Մաթեւոսյանի կարծիքով լուծումը կարող է արդյունավետ լինել եւ նպաստել մասնավորապես 3-րդ անձի դատավարական իրավունքների իրացմանը, եթե քաղ. դատ. օր-ի 215 հոդվածում նշված սահմանափակումները վերացնենք, որոնք վերաբերում են ոչ միայն երրորդ անձին: Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանը գտնում է, որ կարելի է վերաքննիչ դատարանին իրավունք տալ 3-րդ անձին ներգրավել որպես մասնակցի, եթե առաջին ատյանի դատարանում քննության ժամանակ հարուցվել է երրորդ անձ ներգրավելու մասին միջնորդություն, ինչը դատարանի կողմից մերժվել է։ Այսինքն, հնարավորություն տալ վերաքննության արդյունքում ուղղել առաջին ատյանի դատարանի սխալը, իսկ եթե նման սխալ տեղի չի ունեցել եւ միջնորդություն ընդհանրապես չի հարուցվել, ապա գործը հետ ուղարկել առաջին ատյանի դատարան։ 

Այսուհանդերձ, փաստ է, որ ընդամենը մեկ հոդվածի փոփոխությամբ բոլոր խնդիրները չեն լուծվի եւ այն իր արտացոլումը պետք է գտնի նաեւ ածանցվող հոդվածներում, ուստիեւ դժվար է չհամաձայնել մասնավորապես Ա. Մաթեւոսյանի հետեւյալ կարծիքի հետ՝ «Պետք է վերանայել մեր դատական համակարգի կոնցեպցիան. եթե առանց դրա փոփոխություն կատարենք, ապա կառաջանա մեկ այլ բաց»։ Ի դեպ, ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացանք, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ներկայումս աշխատում է քաղաքացիական դատավարության օրենսգրքի հայեցակարգային փոփոխությունների վրա, որից հետո կանդրադառնա կոնկրետ հարցերին եւ ուզում ենք հուսալ, որ ի թիվս այլոց, տվյալ հարցը եւս ամբողջական լուծում կստանա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter