
Արթիկում մինչեւ մայիս գործարկվելու են կարի գործարանն ու գորգագործության կենտրոնը
Շիրակի մարզում տեքստիլ թեթեւ արդյունաբերության ավանդույթները վերակենդանացնելուն ուղղված SASSTEX ընկերության ծրագրերը հասել են մարզի երկրորդ քաղաք:
Արթիկում հունվարի 18-ին բացվեց ուսումնական կենտրոն, որտեղ 4-ամսյա դասընթացներից հետո քաղաքի եւ մերձակա գյուղերի կանայք հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու առաջիկայում ստեղծվելիք կարի գործարանում: Առաջին փուլում ուսումնառությունը 20-25 հոգանոց 2 խմբի համար տեւելու է մեկուկես ամիս: Նորաստեղծ գործարանում աշխատելու հնարավորություն կունենա առնվազն 400 հոգի:
Արթիկում տեքստիլ ֆաբրիկան հիմնվելու է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի եւ արթիկցի Վարագյան եղբայրների աջակցությամբ: SASSTEX ընկերության տնօրեն Քրիստիան Գելեջիի փոխանցմամբ` ֆաբրիկայի համար նոր շենք չի կառուցվի, կընտրվի պարապուրդի մատնված որեւէ հարմար շինություն եւ կհիմնանորոգվի: Ամենայն հավանականության դպրոցների օպտիմալացումից հետո Արթիկի թիվ 4 դպրոցը կհատկացվի SASSTEX ընկերությանը: Նորաստեղծ ֆաբրիկայի շենքի մի հատվածը վերածվելու է մանկապարտեզի՝ աշխատակիցների մանկահասակ երեխաների համար:
«Արթիկում մենք մտադիր ենք երկու գործարան հիմնել. մեկում բանվորական հագուստ կկարեն, մյուսում՝ հագուստ «Զառա» բրենդի համար: Արտադրանքի 90 տոկոսն արտահանվելու է Եվրոպա: Շուկայի առումով խնդիր չկա»,- նշեց Քրիստիան Գելեջին: Նորաստեղծ գործարանի նկատմամբ արդեն իսկ մեծ հետաքրքրություն կա՝ միայն Արթիկ քաղաքից աշխատանքի դիմում են ներկայացրել 895 հոգի:
Քրիստիան Գելեջին
SASSTEX ընկերության տնօրեն, հոլանդահայ գործարար Քրիստիան Գելեջիի անունն արդեն իսկ կապվում է Երեւանում, Վանաձորում եւ Ամասիայում գործող, ինչպես նաեւ Գյումրիում առաջիկայում ստեղծվելիք կարի ֆաբրիկաների հետ: Անցնող տարվա սեպտեմբերին, ըստ նախնական խոստումների, Գյումրիում պետք է շահագործման հանձնվեր կարի արտադրամասը, սակայն սպասված բացումը հետաձգվեց անորոշ ժամանակով:
Արթիկում լրագրողների հետ կայացած հարց ու պատասխանի ժամանակ Քրիստիան Գելեջին անդրադարձավ այս հարցին՝ նշելով, որ ձգձգումը պայմանավորված է նորաստեղծ ֆաբրիկայի տարածքում գտնվող տնակներում բնակվող ընտանիքների համար 16 առանձնատների կառուցման աշխատանքներով: «Մենք չէինք կարող պարզապես նրանց վերցնել ու վտարել այդ տարածքից: Դա ճիշտ չէր լինի, թեպետ եթե անեինք, որեւէ մեկը մեզ չէր մեղադրի: Սակայն մենք որոշեցինք այլ կերպ վարվել եւ նրանց ապահովել բնակարաններով, որտեղ կարող են ապրել անվարձահատույց: Ֆաբրիկայի 4-րդ մասնաշենքը կառուցվելու էր հենց այն տարածքում, որտեղ գտնվում են այդ տնակները: Մինչեւ այդ հարցը չլուծեինք ամբողջությամբ, չէինք կարողանալու շինարարությունը շարունակել: Ձգձգման պատճառը սա է»:
Աշխատավարձը բոլոր մասնաճյուղերում լինելու է գործարքային՝ սկսած ՀՀ-ում ընդունված բազային 55 հազար դրամից: Ըստ գործատիրոջ` դա ճիշտ սկզբունք է, կստանան ըստ տված որակի եւ քանակի: «Ամասիայում ցածր աշխատավարձը պայմանավորված է նրանով, որ տեղացիները կարի գործը համատեղում են իրենց գյուղի աշխատանքների հետ, աշխատակիցների տարիքը եւս կապ ունի, քիչ են երիտասարդները,- բացատրեց Քրիստիան Գելեջին,- այո՛, սկզբնական շրջանում այնտեղ ստանում էին 20-25 հազար դրամ, հիմա հասել է 65 հազարի: Իսկ Արթիկում պոտենցիալն ավելի մեծ է, երիտասարդ կադրերն ավելի շատ են»:
Նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով Արթիկում գործարանի գործարկման համար նախատեսվում է մինչեւ 1 մլն եվրոյի ներդրում: Սա միակ ծրագիրը չի լինելու Արթիկի տարածաշրջանի համար: Ուսումնական կենտրոնի բացմանը ներկա էր նաեւ իրանցի գործարար Ռեզա Նաֆեզին, ով խոսեց առաջիկայում գորգագործության կենտրոն հիմնելու մասին: Գորգերն արտադրվելու են Արթիկում, արտահանվելու Եվրոպա, Չինաստան ու ՌԴ: Հայկական գորգագործության ավանդույթները վերականգնելու նպատակով իրանցի գործարարը մտադիր է մասնագետներ հրավիրել Իրանից եւ Ղազախստանից: Իհարկե դժվար է ասել, թե այդ դեպքում Արթիկում ինչ ոճի եւ արդյոք հենց հայկական գորգեր կարտադրվեն, եթե գործարարին արագ կարգով մատնացույց չանեն Շիրակի մարզում ապրող եւ գորգագործությամբ զբաղվող հայ մասնագետներին:
Մեկնաբանել