«Բաց»երը և «գոց»երը (Հրանդ Տինքի սպանության տասնամյա տարելիցի առթիվ)
Տաս տարի առաջ հունվարի 19-ին Ստամբուլում Հրանդ Տինքին սպանեցին: Խոսելով Թուրքիայի հասարակության թուրքական ինքնությունը կրողների քաղաքական ազգայնականության մասին, Հրանդը դրա արտաքին օրինակներից մեկը բերում էր «բաց»երի և «գոց»երի միջոցով: Կանանց շերտում «գոց»երը ներկայացնում էին սեփական մազերը թաքցնելու նպատակով գլուխը գլխաշորով ամուր կապած և դրա վրայից մազ-կեղծամ օգտագործողները:
Քանի դեռ Թուրքիայում պետական հիմնարկներում, այդ թվում համալսարաններում աշխարհիկությունը հաստատելու համար աղջիկներին արգելվում էր գլխաշորով պետական հիմնարկ կամ համալսարան մտնել, կրոնական քաղաքական ազգայնական աղջիկները բնական մազերը թաքցնում էին ամուր կապվող գլխաշորի տակ, և գլխաշորի վրայից մազեր ցուցադրող կեղծամ էին հագնում:
Չնայած սրանց մեջ կային նաև մաքուր կրոնական զգացմունքներով մազերը չցուցադրելու նպատակով կեղծամ կրողներ, բայց սրանք պասիվ էին, իսկ Հրանդը «գոց» (փակ) էր անվանում սուննի իսլամին թուրքական ինքնության քաղաքական դեր վերագրող և կեղծամը աշխարհիկացման դեմ որպես քաղաքական անհամաձայնության դրսևորում օգտագործողներին: Այս «գոց»երը ակտիվ էին և պարտադրող:
Արտաքուստ կրոնական ինքնության մարկերներն օգտագործող այս թուրք ազգայնականները Թուրքիայի իրենց կրոնակից սուննի քրդերի և արաբների էթնիկական ազգայնականության թշնամի էին/են, և վերջիններիս «գոց» լինելը նրանց չէր/չի փրկում «օտարի», «թշնամու» վերապահությունից: Ինչը, ի վերջո, հասկանալի է:
Թուրքիայի հասարակության արդիականացման ծրագրով երկիրն աշխարհիկանացնող Մուստաֆա Քեմալը նույնպես սուննիզմն օգտագործում էր որպես թուրքիայի մահմեդական հասարակության թուրքական ինքնության նույնականացման հաստատման՝ թրքացման միջոց: Մեծ հաշվով սուննիզմն էր բազմազգ Թուրքիայի Հանրապետության մահմեդական բնակչության հիմնական նույնությունը:
Երկրի արևելքում՝ Արևմտյան Հայաստանի տարածքում թրքախոսներ համարյա չէին ապրում, սուննի քրդերի (և արաբների) բացարձակ մեծամասնությունը թուրքերեն չգիտեր, Թուրքերեն ուսացանող դպրոցներ էլ երկար ժամանակ չկային, և ընդհանրության հիմքը մնում էր սուննի իսլամը: Բայց քրդերն աստիճանաբար փոխեցին իրենց ինքնության «նախ սուննի, ապա՝ քուրդ» հաջորդականությունը՝ «նախ՝ քուրդ, հետո՝ սուննի» սկզբունքի, խարխլելով քրդերի ինքնության թրքացման ծրագրի հիմքը, նույնիսկ սկսեցին քրդերեն լեզվով ուսուցում պահանջել, իսկ գավառական թրքախոսների համար առաջնահերթությունը մնաց «նախ՝ սուննի, ապա՝ թուրք» ինքնությունը:
Հիմա, երբ Էրդողանը վերադառնում է Թուրքիայում կրոնական ինքնության կարևորությանը, փորձում է սուննիզմը կրկին թուրքական հասարակության ինքնության անկյունաքար դարձնել, որը քայլ է «սուննի=թուրք» (հենց ա՛յս հաջորդականությամբ, ոչ թե «թուրք=սուննի») ինքնության անցումին: Բայց ջրերն արդեն հոսել են, քրդերի և արաբների էթնիկությունը իքնահաստատվել է: Դրան զուգահեռ սուննիական ինքնությունը դարձել է թուրք ազգայնականության գործիք, որով արդեն իսկ բախվում է քրդական էթնիկական ազգայնականությանը:
Սունննիական ինքնությունը թուրք հասարակության անկյունաքարը դարձնելու էրդողանական ծրագիրն արդեն այնքան բաց «գոց» է, Հրանդ Տինքը, խոսելով երկրի ընդհանուր ժողովրդարացման մասին, անկասկած դրանով ինքնին հակադրվում էր քաղաքական «գոց»երին, և եթե նա Հայոց ցեղասպանության մասին ոչ բառ չասեր էլ, պիտի սպանվեր: Հրանդ Տինքը «գոց»երի թշնամի էր ընկալվում, չնայած նրա պատկերացրած Թուրքիայում կրոնական իրավունքներում սահմանափակված «գոց»երը պետք է ունենային «բաց»երին հավասար հնարավորություններ: «Գոց»երի իրավունքների համար պայքարող Հրանդը ի վերջո «գոց»երի զոհը դարձավ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել