HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Լուսավոր սահման». որքան գումար է հավաքվել և որ գյուղերն առաջիկայում լամպեր կստանան

«Լուսավոր սահման» նախաձեռնության կազմակերպիչները պլանավորել են այս տարվա հունվարի 28-ին էներգիա խնայող լուսադիոդային լամպեր տրամադրել սահմանամերձ 5 համայնքներում` Վազաշենում, Այգեպարում, Չինարիում, Մովսեսում և Պառավաքարում ապրող ընտանիքներին։ Ընդ որում, լամպերը տրամադրվում են համայնքում փաստացի բնակվող բոլոր ընտանիքներին՝ անկախ անդամների քանակից և սոցիալական վիճակից։

«Լուսավոր Սահման»-ը կամավորական նախաձեռնություն է, որը մեկնարկել է նախորդ տարի։ Նպատակ ունի Հայաստանի և Արցախի սահմանամերձ բնակավայրերում ապրող ընտանիքներին ապահովել խնայող լուսադիոդային (LED) լամպերով՝ այդպիսով հնարավորություն տալով այդ ընտանիքներին կրճատել էլեկտրաէներգիայի դիմաց կատարվող վճարները։

«Հետք»-ի հետ զրույցում նախաձեռնության կազմակերպիչներից Հայկ Շեկյանն ու Անահիտ Նազարյանը պատմեցին, որ  «Լուսավոր Սահման»-ի գաղափարը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանինն է եղել, ով առաջարկել է մի քանի մասնավոր կազմակերպությունների իրագործել այն որպես նախաձեռնություն։ «Սահման» ՀԿ-ն և «Շտիգեն» ընկերությունը հանդիսանում են նախագծի կազմակերպիչները:

Հայկ Շեկյանը «Շտիգեն»-ի հիմնադիրն է։ Ընկերությունը գործունեություն է ծավալում վերականգնողական էներգետիկայի ոլորտում։ Իսկ Անահիտ Նազարյանը «Սահման» ՀԿ-ի համահիմնադիրն է։ «Նախագիծը կյանքի կոչելու համար սկզբնական փուլում միացել են «Շտիգեն»-ը, «Սահման» ՀԿ-ն, «Երիտասարդ ինժեներների ասոցիացիա»-ն և այլ կազմակերպություններ ու անհատներ՝ տարբեր տեսակի ներգրավվածությամբ»,- նշում են նրանք։

Մինչև հիմա լուսադիոդային լամպեր են տրամադրվել չորս գյուղի բնակիչների՝ Կարմիրաղբյուր, Դովեղ, Ոսկեպար և Բերքաբեր։ Ըստ կազմակերպիչների՝ այդ համայնքներում փաստացի բնակվող ընտանիքների թիվը 784 է։ Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվել է 5 լամպ։

«Ծրագրի աջակիցները տարբեր են, բայց հիմնական ներգրավված միջոցները եղել են տարբեր կազմակերպությունների կողմից։ Առաջին մեծ աջակցությունը տրամադրել է «Արփա-Սևան» ՓԲԸ-ն, հետագայում նախաձեռնությանը միացել են «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ»-ը, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը, «Տրանսգազ» ՍՊԸ-ն, «Հայաստանի վերականգնող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ»-ը, «Երևանի պետական համալսարան»-ը, Կառավարության աշխատակազմը և մի խումբ անհատներ։ Նախաձեռնությանն այս տարի միացել է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն»,- տեղեկացրին Հ. Շեկյանն ու Ա. Նազարյանը։

Հարցին, թե արտասահմանից ծրագրով հետաքրքրվողներ ու աջակցողներ եղե՞լ են, մեր զրուցակիներն ասացին, որ արտասահմանից ծրագրին աջակցել են մի խումբ անհատներ. արդյունքում հավաքագրվել է 471 ԱՄՆ դոլար։

Ընդհանուր առմամբ, «Լուսավոր սահման» նախաձեռնության շրջանակներում այս տարվա հունվարի 18-ի դրությամբ հավաքագրվել է 20 մլն 533 հազ. դրամ և 471 ԱՄՆ դոլար։

Նախաձեռնությանը մասնակցել կարելի է «Լուսավոր սահման»-ի կայքի միջոցով։

Լուսանկարները` «Լուսավոր սահման»-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter