
5 ամսվա ընթացքում մաքսային երկրորդ արտոնությունը՝ «Նանման» ընկերությանը
Կառավարությունը այսօր կայացած նիստում չքննարկվող կարգով հավանության արժանացրեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի կողմից ներկայացված առաջարկը, որով «Նանման» ՍՊԸ-ին թույլատրվելու է օգտվել ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
Այս ընկերությանը մաքսատուրքից ազատվելու ևս մեկ արտանություն տրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 15-ին կայացած կառավարության նիստին։ Այն ժամանակ ևս ընկերությունը նախատեսում էր Չինաստանից ներմուծել ջինսե գործվածք։
«Այս ընկերությունը, որ նախորդ խմբաքանակի ներկրման համար դիմել էր, ամբողջությամբ իրացրել է, ու քանի որ ստացել է մաքսատուրքից ազատում արտոնություն ու կառավարության աջակցություն, կարողացել է մրցունակ գներ ստեղծել, ինչի արդյունքում նոր պայմանագիր է կնքել և նոր պատվեր ունեն։ Այսինքն՝ սա արդեն մի նոր ծրագիր է` անկախ նրանից, որ նույն կազմակերպությունն է դիմել»,- «Հետք»-ի հետ զրույցում պարզաբանեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։
Խոսնակի փոխանցմամբ՝ այս ընկերությանը երկրորդ անգամ նույն արտոնությունը տրամադրելու հանգամանքը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրա կողմից ներկայացված հայտը բավարարել է մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրելու չափանիշները։
Օհանյանի խոսքով՝ «Նանման»-ը նախորդ անգամ արտոնություն ստանալուց հետո շնորհակալական նամակ էր ուղել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն՝ հայտնելով, որ այդ արտոնության շնորհիվ կարողացել է իր ողջ ապրանքը իրացնել և նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել։
Ինչպես նշված է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ «Նանման» ՍՊԸ-ն հանդիսանում է արտահագուստ արտադրող ընկերություն: Ընկերությունն իր արտադրական գործունեությունն ապահովելու համար այս անգամ ևս նախատեսում է Չինաստանից ներմուծել ջինսե գործվածք։
«Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար»,- գրված է նախագծում։
Նախարարի` կառավարություն ներկայացրած եզրակացության համաձայն՝ ընկերությունն իր մրցունակ գների շնորհիվ կարողացել է արտադրանքի մատակարարման պայմանավորվածություն ձեռք բերել ռուսական ընկերության հետ, որի պատվերով նախատեսում է Չինաստանից ջինսե գործվածք (դենիմ) ներմուծել` ՌԴ արտահանման համար ապրանքներ արտադրելու նպատակով։
Բացի այդ, ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 19.9 մլն դրամի ներդրում և ստեղծել 1 նոր աշխատատեղ` 78.000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Այս ընկերության մասով դեռևս նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին կայացած կառավարության նիստին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի և այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի միջև բանավեճ էր ծագել, որով Կարապետյանը Մինասյանի այն դիտարկմանը, թե «Նանման»-ը մեկ շաբաթ ժամանակ է ծախսել մաքսատուրքից ազատելու արտոնությունը ստանալու համար, հակադարձել էր, որ չի հավատում։ Այնուհետ նախարարին հարցրել, թե երբ է այդ ընկերությունը դիմել արտոնություն ստանալու համար, որին ի պատասխան Մինասյանը նշել էր, որ այդ պահին չգիտի, լրացուցիչ կտեղեկացնի։
«Բա ինչո՞ւ, պրն Մինասյան։ Դուք բիզնեսին աջակցող նախարարություն եք, դուք պետք է իրենց ձեռքը բռնած բոլոր կառույցներով գնաք, որ իրենց ապահով զգան, որ որևիցե մեկը իրենց չխոչընդոտի։ 1 միլիոն 500 հազար դրամ արտոնություն է խնդրում, երևի մի յոթ ամիս նամակագրություն է գրել։ Մենք պետք է էդ ամեն ինչը դասակարգենք և կանոնակարգենք այնպես, որ վիզաների, ստորագրությունների այս բյուրոկրատիան վերացնենք»,- ասել էր Կարապետյանը։
Մեկնաբանել