Երկու ավտոմեքենա` սփյուռքի նախարարությունից պետական գույքի կառավարման վարչությանը
Կառավարությունը այսօր կայացած նիստում չքննարկվող կարգով, առանց առարկությունների, հավանության արժանացրեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում է սփյուռքի նախարարության աշխատակազմին 2 միավոր տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին։
Ինչպես նշված է կառավարությանը ներկայացված հիմնավորումում՝ սփյուռքի նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 6 ծառայողական մարդատար ավտոմեքենաներից 2-ը նպատակահարմար չէ շահագործել՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով և այդ նախագծի ընդունումը բխում է վարչապետի ծառայողական ավտոմեքենաների կրճատմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու հանձնարարականի կատարման անհրաժեշտությունից:
Համաձայն կառավարություն ներկայացած ցանկի՝ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին կհանձնվեն 2008 թվականի արտադրության երկու ավտոմեքենաներ՝ Տոյոտա Քեմրի և Նիսսան Քաշքայ մակնիշի։
Եթե Տոյոտա Քեմրի մակնիշի ավտոմեքենայի սկզբնական արժեքը գնման ժամանակ եղել է գրեթե 12 միլիոն դրամ, ապա դրա ներկայիս հաշվեկշռի արժեքը կազմում է 2 միլիոն դրամ, իսկ Նիսսան Քաշքայի սկզբնական արժեքը 9 միլիոն դրամ էր, իսկ այսօր դրա հաշվեկշռային արժեքը 1,5 միլիոն դրամ է։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հավանության էր արժանացել առողջապահության նախարարության աշխատակազմին ամրացված 11 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցվելու և կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացնելու նախագիծը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել